կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-22 18:00
Առանց Կատեգորիա

ՀՀ-ի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 70 տոկոս է, ԱՄՀ-ն մտահոգված է՝ ինչպես են հետ ստանալու իրենց պարտքերը. Թաթուլ Մանասերյան

ՀՀ-ի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 70 տոկոս է, ԱՄՀ-ն մտահոգված է՝ ինչպես են հետ ստանալու իրենց պարտքերը. Թաթուլ Մանասերյան

Հայաստանին և նրա տնտեսությանն ուղղված բազմաթիվ սպառնալիքներ կան, այդ թվում՝  արտաքին տնտեսական, որոնց անդրադարձ չկա, կամ դա արվում է էպիզոդիկ, մինչդեռ` առանց դրանց վնասազերծման, հնարավոր չէ ունենալ կառավարության խոստացած տնտեսական զարգացումը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» կենտրոնի տնօրեն, ՀՅԴ Հայաստանի ԳՄ կողմից ձևավորած մասնագիտական հանձնախմբի անդամ Թաթուլ Մանասերյանը: Նա նաև ուշադրություն հրավիրեց փաստին, որ ՀՀ-ում ներդրումներ կատարում են հիմնականում այն  երկրների ընկերությունները, որոնք քաղաքական շահեր ունեն մեր երկրում:


-Ձեր դիտարկումներում  հաճախ նշում եք, որ գործող կառավարությունը խոսում է երկրի տնտեսական զարգացումից, սակայն չի անդրադառնում  տնտեսական սպառնալիքներին, այդ թվում՝ արտաքին տնտեսական, ի՞նչ սպառնալիքներիմասին է խոսքը:

-Տնտեսական սպառնալիքները, առհասարակ, չի կարելի անտեսել, և եթե խոսում ենք զարգացման մասին, ապա այն երկու հենասյուն ունի՝ մրցունակություն և անվտանգություն: Բնականաբար, անվտանգությունն իր հերթին սպառնալիքներից է բաղկացած, որոնց վնասազերծման ուղղությամբ աշխատանքներ պետք է տանել: Տարիմաստություն է առաջացնում փաստը, որ այդ սպառնալիքներին ընդհանրապես անդրադարձ չկա կամ շատ հպանցիկ է, ընդհանուրի մեջ, մեկ-երկու բառակապակցությամբ: Օրինակ` խոսվում է կենսաբանական անվտանգությունից, չեմ կարծում, որ հասարակ  քաղաքացուն հասկանալի է, թե ինչ է նշանակում կենսաբանական անվտանգությունը: Սպառնալիքները լուրջ նշանակություն ունեն, և եթե մենք ուշադրություն չդարձնենք ու վնասազերծման ուղղությամբ աշխատանքներ չտանենք, ապա ծանրաքարի պես դրանք մեզ հետ են տանելու և թույլ չեն տալու իրական զարգացում ապահովել: Հնարավոր չէ ճեղքում մտցնել իրավիճակի մեջ՝ չազատվելով սպառնալիքներից, իսկ դրանք բազմաթիվ են և ամենուր:

-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները և փաստը, որ Հայաստանը դուրս է մնում խոշորածավալ տնտեսական ծրագրերից, կոնկրետ ո՞ր ուղղությամբ պիտի սևեռել ուշադրությունը, դրանցից եկող սպառնալիքը մեղմացնելու այլ ճանապարհ կա՞:

-Սկսենք հենց արտաքին միջավայրից, դուք ճիշտ նկատեցիք, որ աշխարհաքաղաքական իրավիճակն ինքնին հուշում է սպառնալիքների դաշտը: Շրջափակումը մեծագույն սպառնալիք է, ուստի և՛ արտաքին, և՛ ներքին տնտեսական քաղաքականության մեջ  պետք է հստակ կողմնորոշիչներ ունենանք, այն է՝ տրանսպորտային առումով ոչ մեծածավալ, հեշտ տեղափոխվող ապրանքների արտադրության վրա պիտի կենտրոնանանք, այսինքն՝ մտավոր կարողության, գիտատար ապրանքների, ինովացիոն արտադրությունների արտադրության: Իմ խորին համոզմամբ` հանքարդյունաբերությունը մեր ապագան չէ և չի կարող լինել, որովհետև, բացի այն, որ կան բնապահպանական խնդիրներ, մենք չենք կարողանում վերամշակել ու ոչ միայն վերջնական  արտադրանք թողարկել, այլև կիսաֆաբրիկատի մակարդակի չենք կարողանում հասցնել: Դա մեր ամոթն է, մենք քարե դարի մարդու մակարդակին ենք իջել, այսինքն՝ այն, ինչ բնությունը տալիս է, դա ենք արդյունահանում և ուղարկում դուրս: 21-րդ դարն է, պետք է սթափվենք. ոչ միայն հետամնաց երկիր ենք դառնում,  բնապահպանական լուրջ սպառնալիքի հետ ենք առնչվում, և դա ոչ թե այն է, որ այս կամ այն կենդանատեսակը կամ բուսատեսակն է վերանում, այլ դա մարդու կյանքի համար է անդառնալի սպառնալիք, քանի որ թունավորում ենք մոտակա ջրերը, որից սնվելու ենք, և բնությունը, որը բարիքներ է տալիս: Այս առումով ևս շրջանցում ենք սպառնալիքները:  

Ինչ վերաբերում է արտաքին սպառնալիքներին, ապա, այո, դա մեր աշխարհաքաղաքական դիրքն է և տարածաշրջանային ծրագրերից մեկուսացված լինելը,  այս դեպքում իրականում կան օբյեկտիվ պատճառներ, բայց նաև պետք է խոստովանել՝ մենք մեր հերթին պետք է նախաձեռնող լինենք, մի քիչ նախահարձակ տնտեսական քաղաքականություն վարենք, օրինակ՝  Հյուսիս-հարավ առանցքի կազմավորմամբ, որը և՛ արտաքին քաղաքական է, և՛ արտաքին տնտեսական, ինչը կարող է հակադրվել առկա միտումներին՝ արևելք-արևմուտք կամ թյուրքալեզու ժողովուրդների կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերին:  Մենք պարտավոր ենք Ռուսաստան –Հայաստան-Իրան –Մերձավոր Արևելք առանցքի մասին լրջորեն մտածել՝ շահագրգռելով նաև Վրաստանին, քանի որ Վրաստանն արդեն իսկ Իրանի հետ ունի տնտեսական շահեր: Բայց մենք չպետք դառնանք միայն միջնորդ, այլ նախաձեռնող, որպեսզի կայանա այդ առանցքը և տարածաշրջանային ծրագրերում կարողանանք լինել նաև առաջատարի, նախաձեռնողի դերում: Այսպես կարող ենք վերացնել մեկուսացման և շրջափակման սպառնալիքը: Արտաքին սպառնալիքները բավականին շատ են, որոնց կարող ենք հավելել նաև էմիգրացիան, որովհետև  Հայաստանից ավելի շատ մեկնում են, քան ժամանում, չնայած վերջին ժամանակներում գործընթացը կարծես թե մեղմանում է, բայց ապագան կանխատեսելի չէ, և չենք կարող վստահ ասել, թե հետագայում ինչ կլինի: Այսինքն՝ պետության կողմից կազմակերպական քայլերի կարիք ունենք, որպեսզի կարողանանք ապահովել ժողովրդագրական անվտանգությունը: Իհարկե, միայն  արտագաղթը կանխելով չէ, այլ նաև ուղեղների, բանիմաց մասնագետների արտահոսքի կանխմամբ, ծնելիության մակարդակի աճի ապահովմամբ և այլ գործոնների: Այստեղ չմոռանանք ուրբանիզացիան, որը սնում է արտագաղթը, սա կապ ունի գյուղերի խոշորացման հետ, ինչը, ցավոք, շարունակվում է, ընդ որում՝ բռնի խոշորացում է, երբ հաշվի չեն առնվում համայնքների ներկայացուցիչների, բնակիչների կարծիքը: Այնպես որ՝ ներքին և արտաքին սպառնալիքները մի ամբողջ շղթայում պիտի դիտարկել:

-Փետրվարի 27-ին պաշտոնական այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն, Իրանի հետ արտաքին տնտեսական քաղաքականության հարթությունում չօգտագործված ի՞նչ պոտենցիալ ունենք, ի՞նչ ուղղությամբ պիտի Հայաստանը նախաձեռնողականություն դրսևորի, այսօրվա Իրանին ինչո՞վ է Հայաստանը հետաքրքիր կամ կարող է հետաքրքրել:

-Մեկուսացման և շրջափակման մեջ գտնվող Հայաստանը Իրանի հետ մի քանի ուղղություններով կարող է զարգացնել համագործակցությունը:

Առաջին՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով, քանի որ վերջին 2-3 տարիներին Իրանի նոր իշխանությունները փորձում են աստիճանաբար բացվել արտաքին աշխարհի համար: Բայց, իհարկե, Իրանն ավելի փակ տնտեսական կարգավիճակ ունեցող երկիր է, ազատ շուկայական տնտեսություն չէ, ուստի գունազարդ ակնկալիքներ չենք կարող ունենալ, այնուամենայնիվ, որպես բարեկամ երկիր, ինչպես նաև հաշվի առնելով Իրանի ղեկավարության, ժողովրդի ջերմ վերաբերմունքը և համագործակցության պատրաստակամությունը, ինչպես նաև ՀՀ-ի անցած ուղին ու անցումը դեպի շուկայական հարաբերություններ, կարող ենք օգտակար լինել մեր հարևաններին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը, անկախ բոլոր դժվարություններից, հետխորհրդային տարածքում, միջազգային կազմակերպությունների գնահատականներով, համարվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջատար երկիր:  Սա պետք է արձանագրենք:

Երկրորդ ուղղությունը տրանսպորտային հաղորդակցության նախագիծն է, որ վաղուց է ծրագրված: Վերջին տարիներին փորձեր եղան ընդհուպ պայմանագրերի նախաստորագրում և փոխըմբռնման համաձայնագրեր, որոնց մասնակցեց նաև ռուսական կողմը: Խոսքը մուլտիմոդալ  հաղորդակցության մասին է՝ ավտոմայրուղի, երկաթգիծ և այլն:  Այս առումով ես կարծում եմ, որ մենք հապաղում ենք, և պետք է արագություն հաղորդել:

Երրորդ ուղղությունը կրթության և գիտության ասպարեզն է և դրա նյութականացումը, գիտության արդյունքների նյութականացումը: Ցավոք, Հայաստանի հանրությանը հայտնի չէ, թե Իրանում ինչ բարեփոխումներ են իրականացվում: Ես՝ որպես տնտեսագետ, ուշի ուշով հետևում եմ բարեփոխումներին և կարող եմ ասել, որ Իրանը թևակոխել է բարեփոխումների երրորդ փուլ, և մեզ համար օգտակար է իմանալ, թե ինչ նպատակներ են դրված, մենք ինչ մասնակցություն կարող ենք այդտեղ ունենալ, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների մասով՝ ներգրավելով ոչ միայն ՀՀ-ի, այլև Սփյուռքի հայության ներուժը:

Չորրորդ ուղղությունը Իրանի հայ համայնքի մասնագիտական ներուժի օգտագործումն է: Այնտեղ մենք ունենք բավական կայացած մասնագետներ, որոնք հպարտություն են Իրանի Իսլամական Հանրապետության համար, և նրանք, գիտակցելով իրենց մասնակցության անհրաժեշտությունը ՀՀ տնտեսական առաջընթացին, միշտ պատրաստակամ են, բայց պետք են հստակ ծրագրեր: Մենք պետք է Իրանի մասնագիտական հայ հանրությանը ներկայացնենք այն թիրախը, որը նշում ենք Հայաստանի տնտեսության համար:

Հինգերորդ ուղղությունը զբոսաշրջությունն է, որն առկա է ՀՀ-ի և Իրանի միջև, բայց ավելի շատ Իրանից են  գալիս Հայատան, իսկ Հայաստանից Իրան այցերը հիմնականում առևտրային բնույթ ունեն: Այստեղ ընդլայնման բավականին մեծ տեղ կա՝ հաշվի առնելով, որ կարող ենք զարգացնել, կրթական, սպորտային, մշակութային տուրիզմը և այլն:

Վեցերորդ ուղղությունը բժշկությունն է, բժշկական  տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների ոլորտը: Սա երկու երկրների համար ցանկալի ուղղություն է:

Այս ցանկը կարելի է շարունակել: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կողմից լուրջ վերլուծություն կա կատարված, որի պահանջը եթե լինի, կարող ենք ներկայացնել:

-Չինաստանն այսօր աշխարհատնտեսական լուրջ բևեռ է համարվում, Հայաստանն այսօր որքանո՞վ է օգտվում այս փաստից, չինական ուղղությամբ տնտեսական քաղաքական ի՞նչ անելիքներ ունենք, ի՞նչ հնարավորություններ կան, որոնք գործադրված չեն երկկողմ հարաբերություններում:

-Բարեբախտությունն  այն է, որ Հայաստանը և Իրանը, ինչպես նաև Ռուսաստանն ու ԵԱՏՄ այլ երկրներ Չինաստանի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Հայտնի է «Մետաքսի նոր ճանապարհ» ծրագիրը, որի իրականացումը Չինաստանի կողմից և՛ տնտեսական, և՛ քաղաքական նպատակներ ունի: Այստեղ Չինաստանի հետ հարաբերությունները և՛ երկկողմ, և՛ բազմակողմ պիտի դիտարկենք: Երկկողմ հարաբերությունները զարգացում ունեն, վերջին տարիներին նաև կրթական կառույցներ են բացվել ՀՀ-ում, մեծ է հայ երիտասարդների ձգտումն ուսանելու Չինաստանում. եթե տասը տարի առաջ ՀՀ-ին հատկացված տեղերը թափուր էին մնում, ապա այսօր լուրջ մրցույթներ են` դրանց տիրանալու համար:

Մենք բավականին մեծ ներուժ ունենք՝ ՏՏ-ից սկսած մինչև արդյունաբերության առանձին ճյուղեր: Չինաստանը  համարվում է «աշխարհի գործարանը», և, իմ խորին համոզմամբ, վստահության ձևավորման կարիք կա, այսինքն՝  մենք պիտի կարողանանք ապահովել ներդրումային անվտանգություն, ինչն այսօր չկա: Ինչ է սա նշանակում,  դա նշանակում է՝ շատ հարափոփոխ են ներդրումային քարտեզն ու աշխարհագրությունը,  և այստեղ սպառնալիքն այն է, որ ՀՀ-ում ներդրումներ կատարում են հիմնականում այն երկրների ընկերությունները՝ իրենց կառավարությունների հորդորով, որոնք ունեն քաղաքական շահեր այստեղ: Իսկ զուտ բիզնեսի տեսանկյունից դժվար է համոզել չինացուն, ամերիկացուն, իտալացուն, որ ավելի նախընտրելի է ներդրումներ կատարել ՀՀ-ում, քան ՌԴ-ում,  Վրաստանում և այլն:

Այս ուղղությամբ մենք բավական ճանապարհ պետք է անցնենք, որպեսզի օրինաչափ դառնա ներհոսքը, այլ և ոչ թե պատահական, էպիզոդիկ  ու կախվածություն ստեղծի 1-2 երկրից, որոնք, օրինակ, հանքարդյունաբերության մեջ կարող է ներդրում արած լինեն, և եթե դրանք կասեցվեն, լուրջ վնասներ կկրենք՝ աշխատատեղերի և այլ առումներով: Սա ներդրումային անվտանգության ուղղակի և անուղղակի ազդեցությունն  է  տնտեսության վրա և դրա հետևանքները,  ուստի պետք է հնարավորինս խթանել ներքին ներդրումները, որ և' ինքներս հավատանք մեր տնտեսության առաջընթացին ու դրան նպաստենք, և'  դրանով իսկ օրինակ ծառայենք առաջին հերթին դրսում ապրող մեր հայրենակիցների համար, հետո` նաև օտարերկրացիների, որ ՀՀ-ն իսկապես ներդրումային առողջ միջավայր ունի:

- Ներդրումների ներգրավման առումով բացի այն, որ պետք է լինեն, այսպես ասած, անվտանգային երաշխիքներ, կարևոր են նաև հարկային բարենպաստ դաշտը, օրենսդրությունը, արտոնությունները:

- Հարկային բարեփոխումների առումով շատ կան խոցելի կողմեր, բայց ես կցանկանայի դրանից առաջ խոսել այլ սպառնալիքների մասին՝ էներգետիկ անվտանգություն, պարենային անվտանգություն, ֆինանսական անվտանգություն: Սրանք առանցքային նշանակություն ունեն ՀՀ-ի համար, այդ սպառնալիքներն առկա են: Եվ այս շարքում առաջին հայացքից և իրականում քիչ թե շատ կայացածը  ֆինանսական անվտանգությունն է՝ ազգային արժույթի կայունություն և կանխատեսելիություն:

Միաժամանակ մենք ունենք այնպիսի անցանկալի երևույթ, ինչպիսին է ժամանակավորապես ազատ դրամական միջոցների անարդյունավետ օգտագործումը, կամ այն աստիճան սահմանափակ է ընտրության հնարավորությունը, որ մարդիկ գերադասում են պահ տալ իրենց ազատ միջոցները բանկերին՝ այլ հրապուրիչ, գրավիչ միջավայր չտեսնելով:

Կարևոր է խոսել նաև համապետական ֆոնդերի մասին՝ և՛ ՀՀ-ի բնակչության, և՛ հայության ծրագրերը ֆինանսավորելու համար ազատ դրամական միջոցները մոբիլիզացնելու առումով: Օրինակ՝ «Նաիրիտ», «Վանաձոր-Քիմպրոմ» հսկաները վերագործարկելու համար միակ ճանապարհն օտարերկրյա ներդրումների ներգրավումը չէ, կամ 1-2 խոշոր ընկերություններ որոնելը, այդ փնտրտուքը կարող է անվերջ տևել: Կամ նույն ատոմակայանի համար, ի վերջո, մենք կարող ենք պետական  արժեթղթերը թողարկել և դրանում ներգրավել բնակչության լայն զանգվածներին, որոնք, լինելով սեփականատեր, իրենք իրենց չեն խաբի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով և այլն: Այստեղ մենք մի քանի  խնդիր կարող ենք լուծել միաժամանակ և թույլ չենք տա, որ երկրում առկա դրամական միջոցները, կապիտալն արտահոսեն: 

Մյուս կողմից՝  պարտքեր ենք վերցնում և կուտակում, սպառնալիքներից կարևորագույնը դա արտաքին պարտքի անթույլատրելի մակարդակն է: Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանությամբ առավելագույն սահմանը 60 տոկոսն է՝ արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությամբ, մեզ մոտ դա վաղուց 70 տոկոսն է: Սա անթույլատրելի է Արժույթի միջազգային հիմնադրամի համար, քանի որ նրանք մտահոգված են, թե ինչպես են իրենց պարտքերը հետ ստանալու: Արտաքին պարտքը պետք է լինի 25 տոկոս, նույնքան էլ` ներքինը, որպեսզի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոսից չանցնի: Պարզ տրամաբանություն է՝ մեր եկամուտի կեսը պիտի ուղղենք պարտքի մարմանը, ոչ թե 60 կամ 70 տոկոսը, որն անտրամաբանական է: Սա մեզ կօգնի ազատվել տարիներով կուտակված արտաքին տնտեսական այս սպառնալիքից: Մշտապես պետք է ուշադրություն դարձնել այս դաշտին, քանի որ այն ծրագրերը, որոնք նախանշում ենք, ուրվագծում, իրականացնում, ցանկացած փուլում կարող են ձախողվել վերը նշված սպառնալիքների պատճառով, որովհետև դրանց ազդեցությունը բավական մեծ է, և եթե մենք չգնահատենք դրանք ու դրանց վնասազերծման ուղղությամբ աշխատանքներ չտանենք, վտանգված կլինեն մեր տնտեսությունը և առաջընթացը:

 Զրուցեց Մարիամ Պետրոսյանը