կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-04 12:07
Քաղաքական

ՌԴ-ն SWIFT ցանցին այլընտրանք ունի, շուտով այն կարող է արդյունավետ գործել. Թաթուլ Մանասերյան

ՌԴ-ն SWIFT ցանցին այլընտրանք ունի, շուտով այն կարող է արդյունավետ գործել. Թաթուլ Մանասերյան

Ռուսաստան-Արևմուտք պատերազմն ընթանում է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ճակատում: Արևմուտքն ամեն օր  հրապարակում է պատժամիջոցների ցուցակ, որին պետք է ենթարկվի Ռուսաստանի տնտեսությունը: Ըստ էության, ամենախոշոր պատժամիջոցներից մեկը ՀՄՖՀԿ (SWIFT-Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպություն) ցանցի ծառայությունները ՌԴ-ի համար կասեցնելն է: Հաշվի առնելով այն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, հետաքրքիր է, թե նշված պատժամիջոցն ինչպիսի հետևանքներ և ազդեցություններ կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Yerkir.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով Արևմուտքի հրապարակած պատժամիջոցների ցուցակին, նշեց՝ ՀՄՖՀԿ-ի ծառայությունները Ռուսաստանի համար կասեցնելը շատ մեծ հետևանքներ չի ունենա Հայաստանի տնտեսության վրա:

«Իրականում ՀՄՖՀԿ-ի ծառայությունները կասեցվել են ռուսական ոչ բոլոր բանկերի համար, բայց, չգիտես՝ ինչու, տարածվում է այնպիսի տեղեկատվություն, թե դա վերաբերում է բոլոր բանկերին: Սա արվում է մարդկանց խուճապի մեջ գցելու համար, բայց դա չի տարածվում հասարակ քաղաքացիների վրա: Ռուսաստանը նույնիսկ այս համակարգին այլընտրանք ունի, ես չեմ ցանկանում փակագծերը բացել, բայց կարճ ժամանակում այն կարող է արդյունավետ գործել: Բացի դրանից՝ կան նաև այլընտրանքային վճարամիջոցներ: Ռուսները միշտ ճանապարհ գտնում են և կարող են շրջանցել դա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:

Հայաստանի ներկայիս իշխանությունները դեռևս իրենց հստակ դիրքորոշումը չեն հայտնել, թե ո՞ւմ են սատարում այս պատերազմում՝ Ռուսաստանի՞ն, թե՞ հավաքական Արևմուտքին: Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի, ապա ներկա իշխանությունը պարտադրված պետք է իր հստակ դիրքորոշումը հայտնել: Հետաքրքիր է՝ արդյո՞ք իշխանությունները, որոնք նախկինում հակառուսական տրամադրություններով էին հանդես գալիս, Ռուսաստանին կսատարեն, թե՞, հանուն «ժողովրդավարության», կկանգնեն Ուկրաինայի կողքին: Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց հետագայում որ սցենարն էլ ընտրի Փաշինյանի իշխանությունը, այն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա: Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ այստեղ չպետք է մեղադրել Ռուսաստանին կամ Ուկրաինային: Հայաստանը, ինչպես ցանկացած երկիր, ունի իր շահը, այլ է՝ ներկայումս ՀՀ իշխանությունն սպասարկո՞ւմ է այդ շահերը:

«ՀՀ-ն այժմ չի էլ հստակեցնում՝ ո՞րն է իր շահը: Երբ կհստակեցնի, այն ժամանակ կարող է ռուս-ուկրաինական պատերազմում հայտարարությամբ հանդես գալ, դիրքորոշում հայտնել: Կարծում եմ՝ ՀՀ-ն իր անկախության երեսուն տարիների ընթացքում այդպես էլ չի հասկացել՝ ով է իր բարեկամ երկիրը, իսկ ով՝ թշնամի: Եթե նայում ենք Ուկրաինայի դաշնակից երկրներին, անգամ նրանց, որոնք ընդգծված հակառուսական դիրքորոշում ունեն, չեն շտապել իրենց դիրքորոշումը հայտնել: Պետությունը պետք է հստակեցնի իր գերակայությունները, առաջնահերթությունները, խնդիրները և ազգային նպատակները: Հայաստանի պարագայում՝ կա դրա բացակայություն: Ինչպե՞ս կընկալվի Արևմուտքում, եթե  Հայաստանը սատարի Ռուսաստանին. կարծում եմ, որ չպետք է վախով ապրել: Հայաստանը մինչև օրս վարել է շլդիկի քաղաքականություն՝ վախենալով, թե որևէ մեկը մեր գլխին «կբամփի»: Հայաստանը չի սկսել բարեկամներ գտնել և՛ Արևմուտքից, և՛ Արևելքից»,- նշեց Թ. Մանասերյանը:

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմին զուգահեռ՝ ռուսական արժույթը արժեզրկվել է: Թե որքանո՞վ դա դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, ըստ տնտեսագետի՝ այս հարցին պատասխանելու համար՝ պետք է մտածել, թե ՀՀ-ն ի՞նչ տնտեսություն ունի:

«ՀՀ-ն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում: Ներմուծման համար ՀՀ-ին ձեռնտու է այն արժույթը, որը հայկական դրամից շատ ավելին չի լինի: Ռուսաստանի տնտեսության թուլացումը ՀՀ-ի համար չի կարող բարենպաստ լինել, բայց, ռուբլու արժեզրկման ֆոնին, եթե ՀՀ-ն ներմուծի հումք, այնուհետև պատրաստի արտադրանք, թողարկի, հետո վաճառի եվրոպական երկրներին, Հայաստանը կկարողանա շահել: Բայց ՀՀ-ն չունի կառավարություն, որը կկարողանա ՀՀ-ի օգտին ծառայեցնել այս ամենը»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:

                                                                                                                            Լենա Կարապետյան