Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տնտեսության զարգացումը առնվազն երկու կարևոր հենասյուն ունի՝ անվտանգություն և մրցակցություն․ այս տեսանկյունից Հայաստանի տնտեսությունը երկու ոտքով կապվում է՝ ըստ Yerkir.am-ի, ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ՀՅԴ կազմակերպած՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում։
«Որքան էլ մենք հորդորեցինք ՀՀ կառավարության ծրագրում ներառել այդ դրույթները, որևէ սպառնալիքի մասին խոսք դուք չես տեսնի․ դա և՛ էներգետիկ, և՛ ֆինանսական, և՛ ժողովրդագրական, և՛ ինտելեկտուալ անվտանգությունն է: Եթե չկա այդ մտահոգությունը, իսկ կառավարության անհոգությունը և ամեն ինչը արդարացնելու ձգտումը ինձ համար սպառնալիք է, ես չեմ կարող հավատալ զարգացման այն ծրագրերին, որոնք դրվում են»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:
Երկրորդ հենասյան՝ մրցակցության հետ կապված խնդիրները ևս, Թաթուլ Մանասերյանը համարում է ՀՀ տնտեսության լուրջ պրոբլեմը․ «Մենք մրցունակության առումով շատ հետ ենք ընկել: Նույնիսկ ակնհայտ թվացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկար տարիների փորձերը, որ մեզ թույլ են տալիս ասել՝ ունենք բավարար մրցունակություն, ձեզ առաջարկում են ծանոթանալ Բելառուսի Հանրապետության ցուցանիշինի և հասկանալ, թե ինչքան հետ ենք»:
Նրա խոսքով՝ մրցունակության կարևորագույն, կայացած գործոններ են նախ՝ Սփյուռքի մասնագիտական կարողությունը, որը ըստ էության հաշվի չի առնվում և սփյուռքը մասնագիտական առումով մասնակցություն չունի Հայաստանում և երկրորդ՝ մեր մտավոր կարողությունը։
Թաթուլ Մանասերյանը ներկաների ուշադրությունը բևեռեց այս օրերին օրհասական խնդիր դարձած՝ ԳԱԱ-ի հարցի վրա․ «Այս հարցում ցանկանում եմ օբյեկտիվ լինել և ասել, որ մի քանի անձանց պատճառով, որոնք վերջին տարիներին ուզուրպացրեցին նախագահությունը, ԳԱԱ-ն վերածվեց մի վայրի, որը մարդկանց մոտ նույնացվում է ծերանոցի, թոշակ ստանալու հետ, կաշառքով, ծանոթներով ակադեմիկոսի կամ թղթակից անդամի կոչում ստանալու հետ, նախագահական ընտրությունների շտաբի հետ: Ես չէի ուզենա, որ արժեզրկվեր կամ փոշիանար մտավոր զինանոցը, այն ազգային լուրջ ձեռքբերումը, որի մասին մտածել են նաև նախաքրիստոնեական փուլում և մեր թվարկությունում՝ Տաթևացի, Շիրակացի, Գոշ և այլն: Ես կարծում եմ, որ չպետք է թույլ տալ այն, ինչը մտադիր են անել: Ես հորդորում եմ մասնակիցներին՝ ձեռնպահ չմնալ, ձայն բարձրացնել գիտության այս կարևորագույն կաճառը մեր ձեռքից բաց չթողնել՝ վերակառուցելու, երիտասարդ գիտնականների ներգրավման, մրցույթների միջոցով»:
Տնտեսությունը զարգացնելու մեխանիզմն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ՝ նկատեց Մանասերյանը, դա սոցիալական, շուկայական տնտեսության մոդելն է․ «Ես կավելացնեի՝ ազգային սոցիալական, շուկայական տնտեսության ձևավորումը։ Եվ դրա դրոշակակիրն է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որովհետև ընկերվարական սկզբունքները ամրագրված են նրա գաղափարախոսության մեջ և սա կարևոր հաղթաթուղթ է»:
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ կարևորելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների իրական լուծումներին ուղղված շահագրգիռ երկխոսությունը, նախաձեռնել է քննարկումների շարք։ Համաժողովին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Մանրամասն՝ տեսանյութում․