Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ-ն երեք կոնկրետ հարցադրում է արել վարչապետին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա մանրամասնեց. «Առաջին` ծրագրում պետք է ամրագրվեն ռիսկերը և երաշխիքները: Մի կողմից պետք է երաշխիքներն արձանագրել, որի դեպքում ծրագիրը իրականություն կդառնա, իսկ մյուս կողմից պետք է ասել` ինչ ռիսկեր են լինելու: Ոչ թե մենք հասնենք 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիս, ու պարզվի, որ ինչ-ինչ մարտահրավերներ կային, և ծրագիրը չիրականացվեց: Մենք կարծում ենք, որ գոնե տարեկան կտրվածքով պետք է կարողանանք մեր խորհրդարանականն վերահսկողությունն իրականացնել: Երկրորդ` անհրաժեշտ է կոնկրետ ժամանակացույց` ըստ տարիների, և երրորդ` պետք են այնպիսի մեխանիզմներ, որոնք ինչ-որ տեղ նաև երաշխիք կդառնան»:
Ներդրումների այն ծավալը, որ նախատեսված է կառավարության ծրագրում, Մելքումյանը խիստ անբավարար է գնահատում: «18.5-19%-ից հասնել 5 տարվա ընթացքում 25%-ի… Մենք այսպես չենք էլ հասնելու 2008 թվականի մակարդակին, երբ եղել է 41%: Տարեկան 120 միլիոն դոլարը, ըստ էության, խիստ անբավարար է: Փողի աղբյուրները պետք է անպայման իմանանք: Պետք է իմանանք նաև, թե ինչ ֆինանսական միջոցներով են իրականանալու և’ ռեֆորմները, և’ տնտեսական հեղափոխությունը»,- շեշտեց նա:
Պատգամավորը վստահեցնում է, որ կուսակցության անդամները շահագրգռված են, որ տեղի ունենա տնտեսական հեղափոխություն, սակայն այս ծրագրով դա չեն տեսնում:
«Ծրագիրը` ծրագիր, բայց մենք մեր ուժերը, ի շահ ժողովրդի, ներդնելու ենք տնտեսական հեղափոխության համար»,- եզրափակեց Մելքումյանը: