կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 10:07
Քաղաքական

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք կուրթանեցի երիտասարդի ընտանիքի աջակցման հարցում․ Լոռու մարզպետ

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք կուրթանեցի երիտասարդի ընտանիքի աջակցման հարցում․ Լոռու մարզպետ

Կուրթանեցի երիտասարդի պատմություն հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը. հայտնում է Yerkir.am-ը:

«Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներ...Սրանք խնդիրներ են, որոնք այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում: Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, երիտասարդի ընտանիքի տարաբնույթ խնդիրների համապարփակ ուսումնասիրությունից հետո մենք առաջիկայում կներկայացնենք նաև ընդհանրական արդյունքներն ու հնարավոր լուծումները: Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը' մեր ջանքերը մեկտեղելու ու տեսանելի արդյունքների հասնելու համար»,- գրել է Անդրեյ Ղուկասյանը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը շաբաթ օրը Ստեփանավան այցի ժամանակ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել իր ընտանիքի տան խնդիրը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ ու վիրավորական էր արձագանքել:

Վարչապետը հանդիմանել էր տղամարդուն՝ ասելով, թե նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում՝ առանց տեղեկանալու, թե իրականում այդ երիտասարդ տղամարդն ինչ առողջական խնդիրներ ունի և ինչպես է իրականում հայթայթում օրվա հացը:

Սակայն, արդեն քանի օր է՝ համացանցում դատապարտում են Նիկոլ Փաշինյանի պահվածքը, նույնիսկ խմբեր են ձևավորվել, երիտասարդ Մեխակ Առաքելյանին օգնություն տրամադրելու համար հաշվեհամարներ են բացվել:

Որոշ ժամանակ անց NEWS.am-ի հետ զրույցում կուրթանեցին նշել էր, որ ինքն այնքան էլ առողջ չէ. «Հիվանդ տղա եմ ես։ Ողնաշարիս երկու գրիժա կա, դիսկերս մաշված են, մի քանի անգամ «Շտապօգնություն» ենք կանչել, եկել ցավազրկել, գնացել են։ Բրոնխիտ ունեմ, որ տվել ա թոքերիս։ Բանակում չեմ ծառայել անգամ, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։ Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել։ Հետո ռեմոնտի գործ էի անում, մի քանի տարի Ռուսաստան գնացի, բայց ամեն անգամ խաբվում էի։ Մի կերպ աշխատել եմ, որ մի հատ կով եմ ստեղծել՝ երեխեքին կաթ լինի։ Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ էս բանն ա պետք։ Բայց ես հիմա չեմ կարողանում մի վեդրո էլ վեր քաշեմ, տանը թեթեւ գործեր որ լինում ա, անում եմ»,- ասել էր նա ու նշել. «Ես գնացել էի վարչապետին խնդրեի, որ գոնե քարից երկու սենյականոց տնով օգնեն, որ խոնավ չլինի, երեխեքը չհիվանդանան։ Ուղղակի ես չկարողացա խոսեմ, ամաչեցի, որ առաջին անգամ հանդիպեցի իրեն, պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան, որ ասեի, ինքն ինձ հաղթեց էլի, ինքն ինձ ինչ պետք էր, ասեց... Ես էլ, որ բան չխոսացի, ինքը սկսեց ինձ՝ որ առողջ տղա ես, խի չես աշխատում, էլ չկարողացա խոսեմ։ Էսօր իմ վերաբերյալ շատ վատ բաներ են գրում, մեկը գրել ա՝ բոմժ ես, մեկը գրել ա՝ եսիմինչ ես, ասել եմ՝ ոչինչ, վերեւը Աստված կա, թող ասեն»։