Ստեփանակերտում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող երեխաների թիվն ավելացել է 350-ով՝ հասնելով 1250:
«
Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը՝ նշելով, որ աշխատանքներն ակտիվացվել են նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման և դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Նախարարի խոսքով՝ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ 2018 թվականին կնքվել է հուշագիր, որի շրջանակներում Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր և Կովսական գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի N3 դպրոցներում: Նախատեսվում է, որ առաջիկայում հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցներում կներդրվի ևս «Արմաթ» ինժեներական 15 լաբորատորիաներ:
«Բարեգործական խողովակներով մի շարք դպրոցներ համալրվել են համակարգչային տեխնիկայով և այլ գույքով: Արտաբյուջետային միջոցներով վերապատրաստման դասընթացներ են իրականացվել հանրապետության շուրջ 70 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների համար: Ֆիզիկայի Եվրոպական ասոցիացիայի «Yerevan Young Minds» նախագծի անդամները, որոնք Երևանի տարբեր բուհերի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ են, համալսարանների ներկայացուցիչներ, Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում հանդիպում են ունեցել մայրաքաղաքի ֆիզիկայի ուսուցիչների, ուսանողների հետ: Համագործակցության արդյունքում ստեղծվել է նաև «Artskh Young Minds»-ը՝ անդամագրվելով միջազգային ասոցիացիային. այն հնարավորություն կտա գիտական միջավայրում ներկայացնել Արցախը: ճանաչված ֆիզիկոս, պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինի նախաձեռնությամբ և հայ-ռուսական համալսարանի հետ համագործակցությամբ 50-ից ավել հեղինակավոր գիտնականների և ֆիզիկայի ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ձեռքբերումներն ու զարգացման միտումները» թեմայով գիտաժողով»,-մանրամասնել է Ն. Աղաբալյանը:
Ոլորտի պատասխանատուն տեղեկացրել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով «Թրփանջյան» հիմնադրամի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների դպրոցի ստեղծման աշխատանքները:
Խոսելով «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի մասին՝ նախարարը նշել է, որ ԱՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ շուրջ 2000 9-րդ դասարանցի աշակերտներ ծանոթացել են նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պայմաններին: