Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր` օգոստոսի 26-ին, բացվեց թվով 3-րդ միջազգային Թումո կենտրոնը:
Փարիզից ու Բեյրութից հետո այժմ արդեն նաև Մոսկվայի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալ Թումոյի ծրագրին, կիրառել ամենանորարար տեխնոլոգիաները ու հմտանալ մի շարք ժամանակակից ոլորտներում:
Թումոյի և Genome Ventures ընկերության համագործակցության արդյունքում Մոսկվայի թումոցիները նախնական փուլում կկարողանան հմտանալ հետևյալ 8 ոլորտներում ՝ ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Ապագայում կբացվի ևս 6 ուղղություն՝ կայքերի ստեղծում, նկարչություն, լուսանկարչություն, նոր մեդիա, շարժական գրաֆիկա և ստեղծագրություն:
«Հատկանշական է, որ Մոսկվայում մենք հայտարարում ենք նորարարական հիբրիդային համակարգ` առցանց և կենտրոններում դասերի համադրություն, որը մենք վերջերս մշակեցինք` նոր իրականությանը հարմարվելու համար: Վստահ ենք, որ ծրագիրը, որն արդեն սիրվել է եվրոպացի պատանիների շրջանում, դուր կգա նաև Մոսկվայի պատանիներին: Հուսով ենք, որ սա Թումոյի ռուսաստանյան ընդլայնման միայն սկիզբն է»,- իր խոսքում նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա է գտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով իր խոսքում նշել է. «Այս տեխնոլոգիական կրթությունը շատ պահանջված է Մոսկվայում, մոդայիկ: Վստահ եմ այստեղ սովորելու ձգտումը մեծ է լինելու»:
Նոր Թումո կենտրոնը տեղակայված է Մոսկվայի կենտրոնում, «Մոսկվա Սիթի» գործարար կենտրոնի հարևանությամբ: Այն ունի իր սեփական շենքը` անհրաժեշտ բոլոր ուսումնական տարածքներով` ինքնուսուցման հարթակներ, դասընթացների սենյակներ, երաժշտական ստուդիա և այլն: Թումո Մոսկվայում սովորելու է շուրջ 2000 ուսանող: Ուսումը վճարովի է, սակայն կենտրոնը տարեկան մեծ թվով դրամաշնորհներ է հատկացնելու անվճար ուսուցման համար: Դասընթացները մեկնարկելու են արդեն այս տարվա հոկտեմբերին: Մանրամասների և գրանցման համար կարող եք անցնել հղումով` tumomoscow.ru:
Մինչև տարվա ավարտը պլանավորվում է ևս 2 միջազգային կենտրոնի բացում` Բեռլինում և Տիրանայում: