Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինչ լավ է, որ Հայաստանն աշխարհի ցուցափեղկում դրած լոկ հուշարձանների երկիր չէ»,- գրում է Սպարտակ Ղարաբաղցյանն իր ակնարկներից մեկում՝ հաջորդիվ հայ աշխարհը համեմատելով երեսնիվայր ընկած խաչքարի հետ, որը բարձրացնողներից և գորովով ու խոնարհմամբ ցուցանողներից մեկն էլ ինքն է դառնում իր գրչի զորությամբ ու խոսքի հունարով: Անպաճուճանք, լեգենդ-առասպելներ հիշեցնող իր պատումներով նա կենդանացնում է կորուսյալ մի աշխարհ՝ իր մարդկանցով, նիստուկացով, ավանդույթներով, ժողովրդական խոսքի համ ու հոտով, որտեղ, ոնց հեքիաթ-ավանդապատումներում, թե՛ չարի ու բարու բախում կա, թե՛ ապագային մեկնված իմաստնություն, թե Հայոց դավանած արժեհամակարգի բանաձևումը, բայց ոչ թե մեկ նախադասությամբ ձևակերպված, այլ կենդանի ու իրական մարդկանց գործելակերպով, հողի, հացի, հայրենի բնության հանդեպ իրենց վերաբերմունքի, մեկմեկու հետ հարաբերվելու կերպի մասին հեղինակի գեղարվեստական վկայումներով՝ ողջը համեմված ժողովրդական խոսքուզրույցի անուշությամբ ու իմաստնությամբ: Այդպիսին է գրքի սկզբում տեղադրված գեղարվեստական կարճապատումների շարքը՝ բաղկացած նախաբան-առասպելապատումից և տասնվեց պատմվածքից: Իր առաջնեկ որդուն Արարատյան լեռնոտ աշխարհ ուղղորդած Արարիչն ի՛նքն է իր որդուն այդ երկրի շեմին դիմավորում՝ ծառ տկող շինականի տեսքով: Հետո արդեն իր արմատները մեկ առ մեկ բացահայտելու ճանապարհին հեղինակի խոսքը սահունորեն-ինքնաբուխ վերածվում է առասպելաշարքի: Այդպես թերևս կհնչեր ժողովրդական ասացողի խոսքը, որ գիտեր բանավոր զրույցով հաղորդել նախնյաց հերոսագործությունները, անուն առ անուն հիշել հերոսներին՝ «դառնամ փառաբանումներով», վշտերգ պիտի հյուսեր կորուստների առիթով և երանի՜ տար անցյալի, գուցե թե հոգսաշատ, բայց երջանկության արժեքը սեփական քրտինքով, հող ու քարի հետ կռիվ տալով հասկացող ու գնահատող հերոսներին: Իսկ այդ հերոսներից ամեն մեկն իր անունն ունի, իր պատմությունը, որ պատմությունն է թերևս հայոց շեներում բնակվող բազում պապ ու մամիկների: Իր գերդաստանի սև- սպիտակ խունացած լուսանկարից սկսվող պատումների շարանում գորգուրանքով կերտված կերպարներ կան՝ սևքարեցի նախնիների անունների հիշատակումով, բնավորությունների վարպետ դիմապատկերեներով, գաղթի ճամփեքով բնավորված գաղթականներով, որ չէին կորցրել իրենց արմատների զգացողությունը, քանի որ, ոնց Սպարտակ Ղարաբաղցյանն է իր ողջ գրքում ստեպ-ստեպ հիշատակում, «մի պտղունց հայի արյունն» էլ պիտի խոսեր, ուր էլ բնավորվեր հայը՝ Սևքարում թե՞ Եվրոպայի սրտի քաղաքներում, Հալեպում թե Ֆրեզնոյում, Դեր Զորում թե բեդվինների վրաններում... Չարն էլ, ոնց բոլոր հեքիաթներում, ներկա է Սպարտակ Ղարաբաղցյանի պատմվածքներում ու ակնարկներում, ու ոչ միշտ է, որ հեքիաթը բարի ավարտ է ունենում: Բայց իր իսկ աճեցրած ծառից պատրաստած փայտե դամբարանում ամփոփվող հողի մարդը շարունակվում է, հաց տվող ձեռքերը մահից հետո էլ ծաղկում են, թոռ ու ծոռներով շրջապատված ծերուհին մահվանը չի հավատում: «Թումասը ծառի մեջ մտավ ու ապրեց»,- այսպես է նկարագրում իր հացից միշտ դրկից-բարեկամին բաժին հանող մարդու մահը հեղինակը: Մի տեսակ հեթանոսական հունչ կա այս նախադասության մեջ և իմաստնություն, ոնց իր Կաթեր տատին հրաժեշտ տվող թոռան մտածումն է՝ «....աշխարհին այսքան ճյուղ ու շիվ թողած արմատը կմեռնի՞»: Նույն այդ տրամաբանությամբ Սպարտակ Ղարաբաղցյանը հավատում է հայ ազգի հարատևմանը՝ իր պատումներից շատերը ավարտելով խրատաբանությամբ, որ թեև հեղինակային են, բայց այնքան «եփված», կյանքով «կռած-կոփված», որ ասես, հին մատյաններից են քաղված: «Արևի բնակավայրը» պատմվածաշարի նախերգում հին լուսանկարը՝ քիչ առ քիչ գունավորվում, խոսուն է դառնում՝ նրանում պատկերված մարդկանց կյանքի կարճառոտ պատումով. շեշտադրվում են այդ հերոսների առավել հատկանշական գծերը և կյանքի հիշատակելի դրվագները՝ իբրև դասեր հետագա սերունդներին. և գլխավորը սեփական հողին նվիրվածությունն է, աշխատանքը, բացսիրտ հյուրասիրությունը, միամտությունը, իսկ թե կողքին մատնիչ - չարամիտներ կան, նրանք բնությամբ են դատապարտված: Մուրացիկի հացը շուկայում գողացող, Աստծուց իր անպտղությամբ պատժված ժլատ Սոլոմի կերպարը շատ հետո ընթերցողի հիշողության մեջ կկենդանանա մեկ այլ՝ ստալինյան բռնատիրության տարիներին երևանյան թաղերից մեկում իրենց հացը մի կերպ վաստակող մարդկանց վրա մատնագրեր գրող թաղային Արմոյի, Պաժառնիկ Հարութի, ֆինբաժնի խստաբարո տեսուչի կերպարներով («Փոս-Փարիզ» պատմվածաշարում): «Արևի բանկավայրում» արդեն կան կարոտականչեր կորուսյալ երկրի, կան հերոսապատումներ՝ Երկրորդ համաշխարհայինի ճակատներից գյուղ հասած զինվորական եռանկյունի նշխարակերպ նամակների մեջ: Այս ապրումների, թղթին հանձնված անձնական գրությունների ընթերցողն է դարձնում մեզ հեղինակը՝ հայրենասիրության անսքող դասեր տալով, նաև հավատի ու հույսի դուռը ցուցանելով:
Սկզբում «Արև բնակավայրը» շարքում, ապա լրագրողի իր մասնագիտական գրառումներում և ակնարկներում հեղինակը քանիցս անդրադառնում է նաև հավատի, հայրենի բնակավայրերն ինքնակամ լքելու, հայրենադարձության խնդիրներին: Արևի բնակավայրից քաղաք տեղափոխվող և մշտական բնակություն հաստատող մարդկանց հույսով սպասում են ոչ միայն իրենց ծնողները, հայրենի տունը, այլև հողն ու լեռները. «Կարոտից տունը մահարձանի էր նմանվել» («Վերադարձ»), «Գյուղերն արյուն տվող դոնորների պես հերթ էին կանգնած, ու քաղաքը քամում էր նրանց... Չէ՜, մենք մեր թիկունքում սովորական լեռ ու քար չենք թողել, այլ հարազատ մի մարդ, որ կանգնել ու հույսով նայում է մեր հետևից» («Տերևաթափ»): Իբրև վարպետ ասացող՝ Սպարտակ Ղարաբաղցյանը հյուսում է իր հուշագրություն- օրագրություն-վկայագրությունը՝ սերունդներին թողնելով հայ գյուղի մասին ավանդապատումի նշանակություն և արժեք ունեցող պատմվածքները՝ վառ վրձնահարվածներով, տիպական կերպարներով: Առանձնակի սիրով են արված նրա բնապատկերները՝ հայրենի եզերքի հանդեպ որդիական գորովի կնքով: Նույնպիսի վարպետությամբ հետո պիտի գծի այն վայրերի պատկերները, որոնցում հանգրվանել են հայերը 1915-ի խորշակից մազապուրծ, բայց իրենց նախնիների «պտղունց արյան» անջնջելի հիշողությամբ: «Արևի բնակավայրի» վերջին պատումը՝ գրված 1986 թվականին, գյուղ վերադարձող և այնտեղ իր ընտանիքով հաստատվելու վճռականությամբ երիտասարդի մասին է: Իրապատումների այս շարքի վերջերգը լավատեսական է, ու շունչ առնող բնակավայրի մասին մի ակնարկ ևս ՝ արդեն վերոնշյալ շարքից դուրս, նույն լավատեսական հնչողությունն ունի: Դարձյալ 1986 թվական: Կարպի գյուղ այցին լրագրողը ականատես է լինում բարգավաճող բնակավայրի գարնանային եռուզեռին. երկու հազար բնակչություն ունեցող գյուղի 60 տոկոսը երիտասարդներ են, թեև քաղաքը մոտ է, բայց գյուղից մարդկային արտահոսք չկա, ուզում են իրենց ծննդատունն ունենալ՝ ծնունդներն են շատ: Այս ակնարկը զետեղելով գրքում՝ արդյո՞ք հեղինակն ուղղակիոեն մատնացույց չի անում Հայրենիքը շենացնելու ուղին. մի քանի տարի անց գրված իր ակնարկներում արդեն Սպարտակ Ղարաբաղցյանը նկարագրում է «Զվարթնոց» օդանավակայանում խմբված լացակումած մարդկանց բազմությունը, որ կրծքի երեխաներն առած լքում են հայրենիքը: Դրան հակադարձում է նախկին հալեպահայերի վերադարձը Հայաստան, իրենց որդիների հաստատակամությունը, ինչ պայմաններում էլ լինի, հաստատվելու Մայր հողին: Ու սրանք բացճակատ հայտարարություւններ, տողեր չեն. բոլորի հետևում իրական մարդիկ են, իրական ճակատագրեր, որոնց մասին հեղինակը պատմում է անսեթևեթ:
Երևանյան «Փոս - Փարիզ» ոչ պաշտոնական անվանումը ստացած թաղի մարդիկ՝ հիմնականում հայրենադարձներ, յուրաքանչյուրը յուրովի խորը դրամա է ապրում: Միամիտ հավատն ու հայրենի եզերքի կանչը հասցրել են նրանց անազատության ու բռնության ճիրանները, ու շատերին դրել երկվության առջև՝ կորցնել մարդկային դեմքը, կռանալ, ստորանալ, հոգով ոչնչանալ, մատնագրեր գրել՝ սեփական գոյությունը շարունակելու համար, կամ ծայրագույն հոգեվիճակում պոռթկալ, զոհ գնալ ռեժիմին: Կիրթ, արհեստավորի հունարով մարդիկ ստիպված են գոյատևել աղքատիկ կացարաններում, ուր հավատը կասկածամտության , մատնիչության և փոքրոգության գաղջ մթնոլորտում, ոնց հեղինակն է բնորոշում, «սեղմվում, փոքրանում էր»: Այն հասարակությունը, կացութաձևը, կառավարողների խումբը, որը ողջունում են մատնությունը, կասկած են սերմանում և պառակտում նույնազգի մարդկանց միջև, հանցագործ են և պիտի դատապարտվեն պատմության կողմից: Այդ հասարկությունում չկա հավատ, իսկ որտեղ չկա հավատ, «երկիրը արտաքնոցի կնմանի»:
«Փոս-Փարիզ» պատմվածաշարում ևս, ոնց նախորդում էր, նուրբ հումորի երանգավորմամբ, հատու շտրիխանկարներով հեղինակը գծում է թաղի բնակիչների կերպարները, այնպես որ արտաքին նկարագրի ճշգրտությունից խորամուխ ես լինում նրանց արարքների և վարքագծի դրդապատճառներում: Առինքնող կերպաների կողքին առավել է ընդգծվում մի խոսքի, միամտաբար ասված բառի համար հաշվահարդար տեսնող չ՛մարդների հանդեպ հակակրանքը: Ու որքան էլ մարդկայնությունը պարտություն է կրում այս միջավայրում, որ խորհրդային երկրի այդ ժամանակահատվածի մինի-պատկերն է, այնուամենայնիվ հոգեկան խեղճությունը չի պատում նրանց, ովքեր հայրենիքի անունը տալով հավատով եկել էին դեպի սեփական հողը:
Կորսված սերնդի այս պատմությունների շարանը, սակայն, լուսավոր մի շերտ ունի. դա առաքինի մարդկանց կերպարներն են, որոնց սերունդներին հետագայում հեղինակը հանդիպում է Հայաստանից դուրս՝ ամեն անգամ ընդգծելով հայրենադարձության անխուսափելի հեռանկարը: Լինի դա Հարավսլավիայում, որտեղ այցելում է՝ հայլազգի օդաչուների՝ հանուն Հայաստանի սխրանքն ու հիշատակը հարգելու, թե՛ հեռավոր Վլադիվաստոկում՝ Հովհաննես Թումանյանի անունը կրող նավի տախտակամածին, թե՛ արևելքի բուրումներով ու բարեկամի ջերմությամբ շնչող Հալեպում, այլուր, -ներքնատեսությամբ հայի է փնտրում, և ճակատագիրը իր համար պատրաստում է այդ հանդիպումները:
«Չէ,- գրում է Սպարտակ Ղարաբաղցյանը,- հողը չի ծերանում ու չի էլ դավում, երբ նրանում նախորդների քրտինքն է, և ամեն ակոս տաք հորովելով է փորվել»: «Ամենահարուստ հայն իր տանն ապրող հայն է, իր հողի վրա բույն ունեցող հայը, իր հողի վրա ծառ տնկող հայը, իր հողի վրա քար դնող ու պատ շարող Հայը»:
Իր մասնագիտության բերումով հանդիպումների, զրույցների բազում «թանձրացումներն» է թղթին հանձնել Ս. Ղարաբաղցյանը. թվում է՝ ոչ միայն գիտե իր այցելած շեներում ապրող ու արարող մարդկանց անունները, կենսագությունները, հոգսերը, այլև այնտեղ աճող ծառերի թիվը, հողոտ քարերի բնույթը: Հալեպում էլ գտնում է մի պճեղ Հայաստան, ու հիմա այդ քաղաքի ու նրանում ապրող մարդկանց նկարագրությունները, կենցաղվարության մանրամասները մի առանձին արժեք ունեն վերջին տարիներին Հալեպը ծվատած ու զգալիորեն հայաթափած պատերազմից հետո (ի՜ցե թե այդ պատերազմին ավարտ լիներ): Նա բարձրացնում է քարերն ի եղած վայրերում՝ հայի հետք փնտրելու համար, ու այդ հետքը գտնում է՝ դրանք դեպի Հայրենիք, դեպի Շուշի տանելու համար. «Աշխարհի որ կետին էլ մատդ դնես՝ Հայ կա, այսինքն՝ մի բեկոր կարոտ, մի պտղունց թախիծ, մի պճեղ բարություն»:
Մարդկային և ազգային փոխկապակցված արժեհամակարգն է բերում այս գրքով Սպարտակ Ղարաբաղցյանը՝ կերտելով բազմաբնույթ կերպարներ, հարուստ, մեկը մյուսին չկրկնող կենդանի դիմանկարների պատկերասրահ, ու ընթերցելիս ինձ երբեմն թվում էր, թե դիմացս արցախյան դամբարադաշտերում հանդիպող քարաքանդակներն են, որոնց վշտի պատկերների փոխարեն փորագրել են գինու սափորներ ու հացարարների, սազանդարների ու հարսանքավորների, մարտիկների ու մարտի ուղեկցող կանանց, նռնենու ճյուղեր ու խաղողի որթեր: Ու կյանքը հավերժորեն հորդել է այդ քարերից: Հայը չի՛ հաշտվել մահվան հետ, ու հիմա այս գրքով հեղինակը մատուցում է կյանքի իր բանաձևումը, իր գիրքը, ոնց ինքն է ասում, մատուցում՝ «որպես հաց»:
Հասմիկ Սարգսյան