կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-13 22:42
Առանց Կատեգորիա

Արևի բնակավայրը.

Արևի բնակավայրը.

Սեւ ու սպիտակ լուսանկարից նայող դեմքերը վաղո~ւց երկնքում են: Այ էն սեւ, վրան ճեմակ պուտիկներով գլխաշորը կապածը իմ Սաթենիկ տատն է, կողքինը՝ հենակներին կռթնած մի ոտանի մարդը՝ Լեւան հորեղբայրս է, է~ն մյուս մի ոտնանին, էլի հենակներին կռթնած, Գաղթո ամին է, էն մեկն էլ՝ ժպիտը դեմքին, Լեւան հորեղբորս մեծ տղան է՝ Կամոն... Լուսանկարում մեկն էլ կա՝ Վարպետ Գափոն է՝ քարտաշ, որմնադիր... Լուսանկարից երեւում է, որ օրն աեւոտ է եղել ու հատուկ, կարեւոր, որովհետեւ Սաթենիկը ճերմակ պուտիկներով սեւ գլխաշորն է կապել ու նույն խաս կտոից կարված զգեստն ՝է հագին. Տոնական ու կարեւոր օրերին դրանք նրա արդուզարդն էին ու ճերմակ պուտիկները նրա թանձր սեւ համազգեստին, ասես խորհրդանշում էին այն փոքրիկ ու մեծ, բայց այնքա~ն քիչ ուրախ օրերը, որ Սաթենիկը ունեցել էր իր ամբողջ կյանքում... Որքան էլ հին ու խունացած է լուսանկարը, բայց պարզ երեւում է, որ Լեւան հորեղբորս հագինը նոր կոստյում է, կոշիկը, կամ ինչպես Սաթենիկ տատս էր ասում՝ոտնամանը, նույնպես նոր էր: Ճիշտ նույն կոստյումից ու ոտնամանից Գաղթոյի հագին էլ կա. Հաստատ Կամոն էր բերել քաղաքից: Նա միշտ Երեւանից մի զույգ կոշիկ էր բերում, աջը՝ հոր՝ Լեւանի համար, ձախը՝ Գաղթոյի: Այս անգամ կոստյում էլ էր բերել: Հաստատ կարեւոր օր է եղել...

 

Գաղթոն մեր գյուղում ապաստանած վանեցի Մարտիրոսի ազգականն էր: Մեր գյուղում էր ծնվել, անունը Գաղթական էին դրել: Բոլոր փաստաթղթերում՝ ծննդյան վկայականից մինչեւ մահվան վկայագիր՝ Գաղթական անունն է գրանցված՝ «Մարտիրոսյան Գաղթական Արթնիե, ու քանի որ վանեցի Մարտիրոսի աղջկան՝ Հայկանուշին, Լեւան հորեղբայրս էր կնության առել, Գաղթականը՝ Գաղթոն, Կամոյի համար քեռի՝ մորեղբայր էր համարյա գալիս: Կամոն նրան Գաղոթ դայի (քեռի) էր ասում, մենք՝ Գաղթո ամի: Սաթենիկ տատս դեմ էր եղել Լեւանի ու Հայկանուշի միությանը, փորձել էր ետ պահել որդուն՝ ասելով. 
      «Գաղթականը մեր բանը չի... Շուշեցի Թումասն ո~ւր, Գաղթական Մարտիրոսն ո~ւր... Քյասիբ, սոված, ունեցածնին մի կարպետ չի՞... էն էլ քնիլիս վրնենուն են ծածկըմ, ցիրեկը՝ սեղան  անըմ, վրեն նստըմ, հաց ուտըմ...»

 

Որքան էլ Սաթենիկը փորձել էր Լեւանի մեջ հպարտություն, չարություն, արհամարհանք արթնացնել, չի ստացվել... Լեւանն էն ժամանակ երկու ոտք ուներ, ու երկուսը մի կոշիկի մեջ դնելով՝ իրենն է պնդել : ... Մինչեւ Կամոյի ծնվելը, Հայկանուշը երեք   աղջիկ է պարգեւում մեր տոհմին: Սաթենիկ տատս դժգոհ փնթփնթացել է ամեն աղջկա լույս աշխարհ գալու հետ. 
     «Բա վեր ասըմի~, գաղթականը մեր բանը չի~..., Աղջիկն ի՞նչ ա, հերանց ցորենի ամբարը կրող նախշուն մուկ..
   «Հենց բան ասա՝ Աստված վեր ունի, - Սաթենիկին հանդիմանել էր քույրը՝ Վարսենիկը, - հրեն, Պրուտանց հարսը, հու գաղթական չէ՞ր... Հինգ աղջիկ պիրուց, վեցերորդը՝ նոր տղա... էդ խի՞ խաթրին դիպչող չկար... գաղթական չէր է~, եթիմ չէր, է~... Աղջիկ պիրողը տղա էլ կպիրի... Ամոթ ա~, նեղացնիլ միք էդ հարսին...» 

 

Վարսենիկը Սաթենիկի մեծ քույրն էր, դարբին Հակոբի կինը: Նրանք ինսուն տարի ապրեցին, որպես հաշտ, համերաշխ ու սիրող ամուսիններ, բայց անպտուղ, անզավակ: Հոգեզավակ վերցրին, դարբին Հակոբի հեռավոր մի ազգականից ու դրանով լրացրին Աստծո չպարգեւած երջանկությունը ու դրանով  գոհացան...

 

Երեք նախշուն մկնիկներից հետո Կամոն ծնվեց: Լեւան հորեղբայրս որոշել էր նորածնին Թեւան անունը տալ. Շշուկով ասել էին.

   «Էդ ավազակ դաշնակի՞»
   «Դե որ էդ չե՞ք ուզում, Ձեր ավազակի անըմը դրեք՝ Կամո...»

Սաթենիկ տատիս տրամադրությունը բացվել   էր, Հայկանուշ հարսի նկատմամբ վերաբերմունքն էլ էր փոխվել . Առաջվա պես, դիմելիս, Գաղթականի աղջիկ չէր ասում. Վանեցու աղջիկ էր ասում, կամ էլ «Թումասի հարս», որն արդեն մեծարանք էր նշանակում...

 

.... Մեր գերդաստանում էլի ծննունդներ կլինեին, եթե պատերազմը չսկսվեր: Լեւանին էլ, Գաղթոյին էլ ռազմաճակատ տարան: Մինչեւիսկ Եգորին էլ կանչեցին շրջկենտրոն՝ զինկոմիսարիատ: Էս էն նշանավոր Եգորն էր, որ դաշնակների հանձնարարությամբ Ստեփան Շահումյանին վրաց մենշեւիկների ու թուրք մուսաֆաթների արանքով, անփորձ, ապահով հասցրել էր Բաքու: Շահումյանը նրան շնորհակալություն էր հայտնել ու մի երկտող տվել: 1937-ին էդ երկտողը Եգորին փրկել էր անհասցե ու անվերադարձ աքսորից:
 Պատերազմի համար Եգորի տարիքը վաղո~ւց անցել էր, բայց գնացել էր, մտել զինկոմի մոտ ու նեղացած ասել.
 «Էս կացել (սպասել) եք նեմեցը Գրոզնի ա հասել, նո՞ր եք Եգորին իմաց տալի...» 
Զինկոմի մտահոգ ու անքուն դեմքին մի պստլիկ ժպիտ էր շարժվել. 
    «Եգոր ամի,-ասել էր,- քեզ ֆրոնտի համար չենք կանչել...Կանչել ենք, որ էս ջահելներին մի երկու լավ խոսք ասես...», ի նկատի ուներ ռազմաճակատ մեկնողներին:

 

.....Պատերազմից տուն քչերը վերադարձան, վերադարձողներն էլ, որը անոտք, որը անթեւ, որը վիրավոր . ..Գաղթոն մի ոտանի վերադարձողների մեջ էր, Լեւանը՝ ոտքից վիրավորների...

 

 Թիկունքում մնացած կանայք էլ արդեն ցամաքել, թոռոմել էին, գլխի չէիր՝ կի՞ն ա, թե՞  տղամարդ...

 

 Տարիներ անց՝ հաղթանակի 15ամյակին՝ 1960թ-ի մայիսի 9-ին, Լեւանի արդեն փտախտով հիվանդացած ոտքը Երեւանում կտրեցին ու նա գյուղ վերադարձավ հենակներով՝ մի ոտանի...

 

 Սաթենիկ տատս ճիշտ էր՝ Լեւան հորեղբորս «նախշուն մկները»՝ աղջիկները, ամեն մեկն իր բաժինը առել, ու թռել էին հոր տնից... տան հույսը Կամոն էր մնացել...
 
 
ՍպարտակՂարաբաղցյան
Երեւան