Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երջանիկ են նրանք, ովքեր իրենց տատերի փեշերից բռնած են առաջին անգամ ոտքի կանգնել, հետո նստել իրենց պապերի ուսերին ու առաջին անգամ այդ երկնաքեր թվացող բարձունքից նայել աշխարհին:
Ես իմ Սաթենիկ տատի փեշերից բռնած եմ ոտքի կանգնել, բայց բախտ չեմ ունեցել շուշեցի Թովմաս (Թումաս) պաի ուսերին նստելու: Պապիս հիշելիս, Սաթենիկ տատս ասում էր.
-Գրիշը փորըմս էր... Թումասին Թիֆլիս տարան... Է՜ն տանիլն էր...
Այսքանով ավարտվում էր Թովմաս պապիս պատմությունն ու շատ բան մնում տատիս խորհրդավոր լռության ետևում:
Մեծ բան չէր պետք խորհրդավոր լռությունը հասկանալու՝ Թովմասն իր հոժար կամքով չէր Թիֆլիս գնացել... տարել էին... ու է՜ն տանելն էր...
Թեկուզ խունացած, մի լուսանկար անգամ չէր մնացել պապիս պատկերով, ու երբ տատիս հուշերի միջից նրա պատկերը հանելու փորձ էի անում, ասում էր.
-Հրեն, հըրողբերդ, Թումաս պապդ ա, ընդի տրած...
Գյուղի տարեցներն էլ, որոնց հիշողության մեջ դեռ կար Թումասը, հորեղբորս համար նույնն էին ասում:
-Թումասը կըլոլած, ընդի տրած...
Ինչ նման են կըլոլ-կլոլած, կըլոլ-կլոլած բառերը, նաև իմաստով:
Շեկ, կապուտաչ, թիկնեղ տղամարդ էր հորեղբայրս:
-Բա ես խի՞ չեմ շեկ, կապտաչ,- նեղսըրած հարցրել եմ Սաթենիկին:
-Տյու էլ (դու էլ) ինձ ես քաշել,- ասում էր Սաթենիկն ու հեռավո՜ր, չսփոփված ափսոսանքով հիշում:
-Ռոզիկն էլ էր էր շեկ. Եթե մեր հորաքրոջ մասին էր խոսքը, ընդհակառակը, հնդիկի պես թուխ, ճակատին էլ նշան՝ խալ ուներ մեր Ռոզիկը:
Երբ նրան ուզելու էին եկել, փեսացու Հրանտը հատուկ ինձ համար ջեմով կարամել էր բերել, գինի էլ էին բերել, բայց սեղանին էր դրվելու էն ժամանակ, երբ հայրս ու հորեղբայրս կհամաձայնեին իրենց քրոջը Հրանտին տալու, իհարկե, հորաքրոջս անպայման հարցնելուց ու «հա»-ն լսելուց հետո:
Իմ բաժինը ոչ հորաքրոջս «հա»-ն ասելուց էր կախված. ոչ էլ նրա եղբայրների համաձայնությունից: Համաձայնեցին: Հարսանիքի օրն էլ որոշեցին: Աշնանը:
Ամեն նոր տարվա առաջին օրը փեսա Հրանտը հորաքրոջս հետ, որպես հերանց տուն, գալիս էին մեզ շնորհավորելու: Փեսա Հրանտը էլ ջեմով կարամել չէր բերում ինձ համար՝ «հա»-ն ասել պրծել էինք... Գրական հայերենով էր խոսում մեր փեսան: Հիշում եմ, միշտ նույն փողկապն էր կապում, անկախ վերնաշապիկի գույնից ու որակից: Հարսանիքին էլ նույն փողկապն էր: Երբ նրա գրական, հորեղբայրս ասում էր գրաբար, հայերենից հոգնում էր, առանց քաշվելու հորեղբայրս ասում էր:
-Մի էդ թոկը՝ (ի նկատի ուներ փոխկապը) ճտիցդ հանի, մեր լիզվովը խոսա, զատ հըսկանանք:
Ինչպես ձայնապնակն են շրջում, փեսա Հրանտը լեզուն իսկույն շուռ էր տալիս ու մեր բարբառին անցնում: Սաթենիկը բացեց թուխ ու շեկ Ռոզիկների գաղտնիքը: Հորս ու հորեղբորս արանքում Ռոզիկ անունով աղջիկ էր ունեցել տատս, շեկ, կապտաչ, ոսկեծամ:
-Ըրէգակ էր, ըրէգակ,-այսինքն՝ Արև էր,արև...
Համաճարակի տարի է եղել, ոչ դեղ, ոչ դարման:
-Ճանճի պես ժողովուրդը կորչ ըմ էր: Իմ Ռոզիկն էլ մին օրվա միջին քյնաց:
Հիշում ու մխում էր Սաթենիկը... Չգիտեմ, արդյոք հիմա կա՞ այդ ավանդույթը, թե չէ, բայց այն տարիներին ավանդույթ է եղել՝ մահացած երեխայի շորերը նվիրել անվանակից հասակակցին:
Ապրեսանց Ռոզիկը, ոսկեծամ Ռոզիկի խաղընկերն ու հասկակիցն էր: Հայրս վաղամեռիկ քրոջ շորերը նվիրել է հնդիկի պես թուխ, թխահեր սևաչ Ռոզիկին՝ երկրային հորաքրոջս...
Թե հավատանք Սաթենիկ տատիս հաշվարկներին, մեր ցեղում ծնված, ծնվող շեկ, կապուտաչյա թոռները, ծոռները շուշեցի Թովմաս պապին են քաշել, թուխերն ու սևաչները՝ Սաթենիկին...»: