կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-18 11:25
Առանց Կատեգորիա

ԿԱՄՈ . Արևի բնակավայրը.

ԿԱՄՈ . Արևի բնակավայրը.
«ԼԵՒԱՆ ՀՈՐԵՂԲԱՅՐՍ ՈՐՈՇԵԼ ԷՐ ՆՈՐԱԾՆԻՆ ԹԵՒԱՆ ԱՆՈՒՆԸ ՏԱԼ. ՇՇՈՒԿՈՎ ԱՍԵԼ ԷԻՆ. «ԷԴ ԱՎԱԶԱԿ ԴԱՇՆԱԿԻ՞»: «ԴԵ ՈՐ ԷԴ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ, ՁԵՐ ԱՎԱԶԱԿԻ ԱՆԸՄԸ ԴՐԵՔ՝ ԿԱՄՈ…»

 

Լեւանը քաղաքում ապրող եղբայրների հետ խորհուրդ էր արել, ու որոշել էին Կամոյին մի այնպիսի գործի դնեն քաղաքում, որ հացի տեր դառնա: Իսկական Գիքորի պատմությունը: Տասներեք կամ տասնչորս տարեկան էր Կամոն, երբ գյուղից քաղաք բերին: Ուրախությանս չափ ու սահման չկար՝ մեր տանն էր մնալու: Որպես անանց հուշ, այդ օրվանից իմ մեջ մնացել են Կամոյի հնաոճ փայտե ճամպրուկը՝ հոնով ու զկեռով լցված, ու մեկ էլ, երբ գրկախառնվեցինք, նրա վրայից մեր գյուղի անուշ հոտն առա... Ի~նչ ուրախ էր էդ օրը Կամոն... Մի քանի օրից հայրս նրա ուստա (վարպետ) Լյութոյի մոտ տարավ:Վարորդ էր ուստա Լյութոն: Է~ն տարիներին վարորդները հատ ու կենտ մարդիկ էին, հարգված ու սիրված, մատով էին ցույց տալիս նրաց: Ուստա Լյութոյի մոտ Կամոն պամոշնիկ` օգնական էր աշատելու: Էն տարիներին պամոշնիկ՝ օգնական աշխատելը, ոնց որ հիմա, ասենք, մինիստրի՝ նախարարի, կամ էլ հենց թեկուզ վարչապետի օգնականը: Ճիշտ Գիքորի նման, Կամոն մի տարի աշխատավարձ չէր ստանալու... Գյուղից բերած զկեռը մայրս փռել էր, որ հասնի, իսկ գազեթին փռած հոնը նման էր ալ մարջանի հատիկների, կամ էլ մեր գյուղի ալ մայրամուտից հավաքված բեկորների, որ Կամոն լցրել էր իր հնամենի փայտյա ճամպուկի մեջ ու բերել Երեւան: ...Կամոյին էլ էին արդեն մատով ցույց տալիս՝ ասելով. 
«Ուստա Լյութոյի պամոշնիկն ա...» Շատերը նրան նախանձով էին նայում, ու միայն ես էի տեսնում, թե ինչպես էր նա տուն վերադառնում հոգնած ու անտրամադիր: Առանց նրա հացի չէինք նստում: Գյուղացու ամոթխածությունը դեռ չկորցրած երեխայի պես էր Կամոն մոտենում հացի սեղանին: Մայրս նրան քաջալերելու համար հուշում էր. 
« Քո հրողբոր տունն ա, քաշվիլ մի Կամո ջան, ի՞նչ տարբերություն, սրտալի հաց կեր...»
«Հըմանչըմ չեմ ձալո ջան»,-հոգնած պատասխանում էր Կամոն ու ամոթխած տեղավովում սեղանի եզրին: 

Սեղանի շուրջ Կամոյի տրամադրությունը քիչ-քիչ փոխվում էր, մանավանդ, երբ հայրս գյուղի պատմություններից էր հիշեցնում: Այդ օրը հայրս փորձեց Կամոյի հոգու հետ խաղալ ու Կամոյի մանկությունից մի դեպք հիշեցրեց.«Կամո ջան, խոզին էն ի՞նչ իր ասել...»
«Է~, ամի, բրախի»,- թեթեւ ժպտալով ասաց Կամոն: 
«Չէ,չէ, -համառեց հայրս,- ... ասա, պատմի, թող ձալոդ էլ իմանաե:Ու ասես ուզում էր մխացոխ կրակ բորբոքել...«Է~, ամի...»,- Կամոյի ժպիտը ավելի ընդգծվեց:
 «Էդ ի՞նչ խոզ ա, Կամո ջան»,- հետաքրքրվեց մայրս 
«Մորթըմին»,-սկսեց Կամոն,բայց հանկարծ հետեւեց իմ հարցը. 
«Ո՞ւմ»: Կամոն իմ անակնկալ ու ավելորդ հարցից նեղացած: 
«Ո՛ւմ, ո՛ւմ,... պարզ չի՞ ում... խոզին»
«Եդո՞վ (հետո՞)»,- այս անգամ էլ մայրս էր, բայց Կամոն նրա հարցից չէր նեղվի:
 «Եդով, ձալո ջան , - շարունակեց Կամոն,- էս հայվանը ծենը  մի կլյուխն  ա քցել, մի ճըղըմ ա, մի ճըղըմ ա... ես էլ կանգնած մտիկ եմ անըմ: Տեհա, որ շատ ա զահլա տանըմ, ասեցի. 
«Ա հայվան մորթըմ են էլի, հու շկոլը  չեն ղըրգըմ...» 
Էս ասիլիս վրա էս հայվանը ծենը կտրեց... Մորթ անող Սուրենը սառավ, խոզը ծեռիցը (ձեռիցը) պացն ընկավ ու պուկ, Պռատանց բախչեն մտավ: Սրանք էլ,- Պռատանց մասին է խոսքը,- էսա քանի տարի ա մեզանից խռով... ոչ բախչեն մտնիլ կըլի, ոչ էլ ծեն տալ: Ծեն էլ տաս տյուս եկող չկա... Կամոն մի պահ դադար առավ, հետո հորս կողմը նայելով՝ շարունակեց , - վերջը, աղբերդ ջղայնացավ: Թվաց, թե պատմությունը սրանով ավարտվեց: Հայրս, որ տեղյակ էր եղելությանը, ասաց. 
«Բա Լեւանին ի՞նչ ես ասել»
«Աղբո~րը՞~դ»,- ծոր տալով հարցրեց Կամոն: 
«Հա, Լեւանին»
Կամոն շարունակեց. «Աղբերդ ջղայնացած ասեց՝ա գյարա Կամո, էդ ի՞նչ ասեցիր էդ հայվանին, որ տազ արավ, դե մհի էլ ասա՝ դեսը կյա, Պռատանց բախչիցը տյուս կյա...» 
 Ես էլ աղբորդ ասեցի.
«Ա հեր, որ տու ըլես էդ հայվանի տեղը, կըկյա~՞ս...»
Մի առողջ ծիծաղ պայթեց մեր տանը...Ի~նչ լավ էր պատմում Կամոն, համով, տեղը տեղին, ու ես տեսնում էի ցանկապատից այն կողմ՝ Պռատանց այգում ազատ պտտող խոզին, իսկ ցակապատից այս կողմ՝ հինգ-վեց ձեռնունայն, կատարվածից ուշքի չեկած, անզոր տղամարդանց:

 


 ... Մի օր էլ, մինչ մայրս ընթրիքի սեղան էր պատրաստում, Կամոն գլուխը դրել էր սեղանին ու քնել: Մայրս չէր արթնացրել, հայացքով հորս ցույց էր տվել սրտաճմլիկ տեսարանը, ու շշուկով ասել. 
«Ոնց որ շատ են չըրչարըմ...» 
«Թող չըրչարվի, թող չըրչարվի, որ հացի տեր դառնա»,- ասել էր հայրս, բայց ներսում հաստատ զայրույթ էր արթնացել՝ Լյութոյի՞, ի՞ր, թե՞ աշարհի նկատմամբ, չգիտեր... 

 


 Ամիսներ անցան: Գյուղից եկած կենսուրախ, ինքնավստահ Կամոյից բան չէր մնացել: Ամեն առավոտ նրան էլ, ինձ էլ մի կերպ արթնացնում էին, ստիպում նախաճաշ անել, հետո Կամոն ինձ դպրոց էր հասցնում ու շտապում ուստա Լյութոյի մոտ: Ո~նց էի ուզում ես էլ նրա հետ գնալ... 


 ....Մի առավոտ էլ Կամոն ըմբոստացավ. 
«Քյընըմ չեմ,-ասաց,-ես հու տրանց տան քոծը չեմ...»,- հետո ինքնասիրությունը խոցված մարդու ձայնով շարունակեց.«... Կամո՛, էս արա, Կամո՛, էն արա...Ինձ պիրել եք՝ արհեստ սվերե՞մ, թե՞ ուստա Լյութոյի կընգա ասածնին անեմ...Ինձ գեղը տարեք...»:Ասաց, դատարկվեց, հետո վերմակը քաշեց գլխին ու լաց եղավ՝ հոնգուր-հոնգուր, քնքռստալով, ծեծ կերած երեխայի պես, արժանապատվությունը խոցված տղամարդու պես...

 

 
...Փոքր հորեղբայրս՝ Գիշը (Գրիգոր) Կամոյի համար ուրիշ գործ ճարեց: Կամոն նոր արհեստը սիրեց ու մնաց քաղաքում: Տուն տեղ դրեց, երեխաներ ունեցավ... 
Տարին երկու-երեք անգամ գյուղ էր գնում... 
Գյուղում էլ նրան մատով էին ցույց տալիս՝ասելով. 
«Լեւանի տղեն ա, ուստի պամոշնիկ ա ըլել...» 

 

Բարի էր Կամոն: Քիչ ապրեց, ափսո~ս... 
 ....Եռաբլուրում հանգչող հերոս տղերքի շարքում Կամոյի առաջնեկն էլ կա՝ Էդոն: 
Շատերն ասում են, լավ էր, որ Կամոն չտեսավ...Ես չեմ հավատում, որ Կամոն չտեսավ հերոս որդուն զինվորական պատիվներով հողին հանձնելու արարողությունը...
Այդ օրը երկնքից ուլունք-ուլունք, կարճ, մի փարչ անձրեւ եկավ... Դրանք Կամոյի հպարտության ու տխրության արցւնքներն էին հաստատ...

 


 ...Ես միշտ հիշելու եմ ձմռան ուշ լուսացող էն ցուրտ առավոտը, երբ Կամոն արժանապատվությունը խոցված մարդու ձայնով համարյա բղավում էր. 
 «Ես հո դրանց տան քոծը չեմ...Ինձ գեղը տարեք...» 
Խեղճ ու կրակ Գիքորից Կամոն իմ աչքին միանգամից փոխվեց... 
Ես էլ չէի սիրում Ուստա Լութոյի թիթիզ կընգանն ու հատկապես, նրանց երեսառած լակոտին... 

 

Մի լավ բան էլ եղավ այդ օրը՝ դպրոց չգնացի, բայց սերտեցի արժանապատվությունը չկորցնելու ամենաթանկ դասը: 

 

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ