Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
1981-2019 թթ. Կահիրեի «Հուսաբեր» օրաթերթի խմբագիր Զավեն Լիլոզյանի տրամադրած տեղեկատվության համաձայն` հայերը Եգիպտոսում հաստատվել են դեռևս փարավոնների ժամանակաշրջանում: 10-րդ դարում նրանք եղել են հատկապես եգիպտական բանակի ղեկավար համակարգում: Զինված ուժերի հրամանատար հայազգի Պատրիլ Ջամալին անգամ համարվել է խալիֆայից զորեղ անձ, ում հետ հաշվի են նստել բոլորը: 19-րդ դարում, երբ փոխարքա է կարգվել Մուհամմեդ Ալին, տեղի հայության բարգավաճման համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Մուհամմեդ Ալիի մտերիմներից էր սեղանավոր Եղիազար ամիրան, ում նա հրավիրում է արքունիք: Վերջինս իր հերթին առաջ է տանում բազմաթիվ շնորհաշատ հայերի, որոնցից նշանավորը Պողոս բեկ Յուսուֆյանն էր: Նրան է վստահվել արտաքին հարաբերությունների գործառույթների իրականացումն ու վերահսկողությունը: Պողոս բեկ Յուսուֆյանը պալատ էր բերել հետագայում հայտնի դարձած իր ազգական Նուբար Նուբարյանին: Նա դառնում է Եգիպտոսի առաջին կանոնավոր կառավարության վարչապետը: Նրա լուսանկարն առ այսօր փակցված է կառավարության շենքում` գլխավորելով մնացած բոլոր վարչապետերի լուսանկարների շարքը: Իսկ Պողոս բեկ Յուսուֆյանի հռչակն այնքան է տարածվում, որ նրա անունով կոչվել են հայտնի շինություններ, և անգամ մանդարինը անվանափոխվել է «Յուսուֆ էֆենդի», քանի որ նա է առաջին անգամ Եգիպտոս ներմուծել այդ միրգը` զբաղվելով դրա առևտրով:
«19-20-րդ դարերում հայերը քաղաքակրթական մեծ ներդրում են ունեցել Եգիպտոսում»,- փաստում է Զավեն Լիլոզյանը` ավելացնելով, որ 19-րդ դարի վերջին իրենց համայնքն արդեն բավական հոծ էր ու կազմակերպված: 1927 թվականից գործում էր հայկական առաջին` Խորենյան վարժարանը: 1854 թ. այն ունենում է հովանավոր` Գալուստ աղա Կարապետը, ում միջոցներով կառուցվել է կրթօջախի նոր շենքը, որն արդեն 1906-1907 թթ. Պողոս Նուբարը արաբեսկ ոճով վերաշինել է` տալով «Գալստյան» վարժարան անվանումն ի հիշատակ կրթօջախի բարերարի:
Եգիպտահայ համայնքը բազմացել է` սկսած 1915 թվականից, մասնավորապես գաղթի երկրորդ ալիքի ընթացքում Քեմալական արշավանքից հետո` 1923-1924 թթ.: «Այդ ժամանակ են Եգիպտոսում հանգրվանել նաև ծնողներս: Նրանք և մնացած հայ գաղթականներն սեփական քրտինքով ու մտքի ուժով սկսել են նոր կյանք կառուցել, թեև սկզբնապես չունեին ոչինչ, ապրում էին դպրոցներում և եկեղեցիներում»,- նշում է «Հուսաբեր» օրաթերթի խմբագիրը: Նա նաև ասում է, որ կատարված տեղաշարժերի հետևանքով Եգիպտոսի հայ համայնքն ուռճացել է թվաքանակով, ստանալով որակական նոր հատկանիշներ, իսկ 1920-1930-ական թվականներին Դաշնակցությունը եգիպտահայությանը կարողացել է տալ իր դավանած գաղափարներն որպես ուղեցույց:
Զավեն Լիլոզյանն, անդրադառնալով համայնքի պատմության առավել հիշարժան իրադարձություններին և իրողություններին, մատնանշում է, որ Հայաստանի անկախության անկումից հետո Եգիպտոսը դառնում է այն հանգրվաններից մեկը, որտեղ ապաստանել և ապրել են հայոց առաջին հանրապետության պետական գործիչներից շատերը: Նրանց թվում էին երրորդ վարչապետ Համո Օհանջանյանը, Խորհրդարանի պատգամավոր Վահան Նավասարդյանը, քայլող հանրագիտարանի համբավ ունեցող Լիպարիտ Նազարյանցը և այլք: «Նրանք իրենց գաղափարակիցների հետ ակոս բացեցին, հերկեցին հողը: Բացառիկ անհատականություններ և նվիրյալ մարդիկ էին»,- ասում է Զավեն Լիլոզյանը:
«Հուսաբեր» օրաթերթի խմբագիրը ներկայացնում բավական գործուն և ավանդույթներով ու ազգային բոլոր կառույցներով հարուստ այս համայնքին մտահոգող խնդիրները, որոնց շարքում առաջնայինը հայերի թվի պակասելն է` պայմանավորված Եգիպտոսի սոցիալ-տնտեսական և քաղաքական հանգամանքներով: Քչացել են, բնականաբար, հայկական վարժարանների աշակերտները: Եվ դա այն դեպքում, երբ դրանք անվճար հիմունքներով են գործում ազգային մարմինների ջանքերի շնորհիվ: Եգիպտահայերից շատերն այսօր իրենց զավակներին նախընտրում են ուղարկել եգիպտական դպրոցներ, որ հետագայում նրանք հեշտ ներառվեն երկրի կյանքում: Կա արհեստավարժ ուսուցիչների կարիք ևս: Եգիպտոսում հայկական բոլոր վարժարանները երկրորդական են, այսինքն` դրանք համապատասխանում են պետական կրթական ծրագրերին, իսկ ավարտելուց հետո աշակերտներն անմիջապես բուհ կարող են ընդունվել: Նախկինում Կահիրեում կային երկու ազգային վարժարան` «Գալուստյան» (հիմնադրված 1854 թ.) և «Նուբարյան» (հիմնադրված 1927թ.): Ընդ որում, վերջինս Պողոս Նուբարի անունով է այդպես կոչվել և գործում է առ այսօր` անվանվելով «Պողոսյան-Նուբարյան», իսկ «Գալուստյան» այժմ վարժարանը փակված է: Զավեն Լիլոզյանի կարծիքով` Ալեքսանդրիայում հայեցի կրթության առումով վիճակն ավելի տխուր է: Այնտեղ գործում է միայն «Պողոսյան» ազգային վարժարանը, որի ուսուցիչների թիվն աշակերտներինի եռապատիկն է:
Կահիրեի «Հուսաբեր» օրաթերթի խմբագիր Զավեն Լիլոզյանը պնդում է, որ այսօր հայ մնալու խնդիրը լրջորեն ծառացած է եգիպտահայ համայնքում, բացի այդ` կամեցողության պակաս ունեն. «Հայերեն գիրք է տպվում, կարդացո′ղ է պետք, թերթ է հրատարակվում, ո՞վ պիտի կարդա: Առանց հայի Հայ դատ չկա: Առանցքներ են անհրաժեշտ, որ հային քաշեն դեպի ներքին համայնքային կյանք ու ճակատ: Մինչև Հայաստանի անկախացումը այդ գործընթացում հաջողում էինք: Այդ առանցքը մեզ համար պետականության վերստեղծման գաղափարն էր, հայրենիքն էր, մեր եռագույնն էր, օրհներգն ու զինանշանն էր Առաջին Հանրապետության: «Պիտի կերտենք»-ի առանցքը քաշողական էր: Իսկ այսօր սփյուռքում մարդիկ հիասթափվում են ազատ և անկախ Հայաստանից, և արդեն չի գործում այդ առանցք-մագնիսը իր ձգողականությամբ: Սա Հայաստանի ու սփյուռքի փոխհարաբերության քիմիան է: Մենք այդ քիմիայի պակասն ունենք»: