կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-27 15:27
Մշակույթ

Մեր բոլոր հիվանդությունների բուն պատճառը սիրո պակասն է. այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

Մեր բոլոր հիվանդությունների բուն պատճառը սիրո պակասն է. այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասան Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք նրա «Սեր և ատելություն» ներկայացումից որոշ մտքեր:

***

Սերը տանում է դեպի անորոշություն, երևակայության թռիչք, պատրանքներ, իլուզիա, ատելությունը` դեպի կոնկրետ հասցեատեր, կոնկրետ գործողություն` մենք էլ` որպես գործունյա ժողովուրդ, բնականաբար, ընտրում ենք ատելությունը: Ոչ բոլորը… ծույլիկները նախընտրում են սերը` միայն թե գործ չանեն:

***

Մեր կանայք ընտրում են տղամարդավարի, անթաքույց, որովհետև հասկանում են` ընտրել մեկին, նշանակում է` կյանքը կիսել նրա հետ և որպես պրագմատիկ էակներ` քաջ գիտակցում են, թե ինչ է նշանակում կիսել. Երբ սերն ես կիսում, շահում ես, երբ փողն ես կիսում, կորցնում` դրա համար էլ կանայք նախընտրում են իդեալական տարբերակը` կիսել սերը նրա հետ, ով փող ունի: 

***

Կանայք մեզնից խելոք են, համենայն դեպս, մեր կանայք, որովհետև ոչ մի հայ կին չի սիրահարվում տղամարդուն սիրուն ոտքերի համար:

***

Կանայք ասում են` մենք տղամարդկանց հետևից չենք վազում, բայց թակարդն էլ մկան հետևից չի վազում, բայց արդյունքը նույնն է, որովհետև դիվանագետը նրանք են, և իրականում նրանք են մեզ ընտրում, նրանք:

***

Դիվանագիտությունն ընդհանրապես կանացի գործ է` «դուխդ» չի հերիքում խփես` «ռազբիրատ». այդ իմաստով կարելի է ասել, որ դիվանաիտությունն ուժեղ տղամարդկանց կանացիությունն է: Կանայք ծնված դիվանագետ են. մի փոքր օրինակ, երբ կինը մատանին դնում է ձախ ձեռքի մատին, նշանակում է` նա ամուսնացած է, երբ աջ ձեռքի մատին` ոչինչ չի նշանակում, իսկ երբ դնում է և՛ աջ, և՛ ձախ ձեռքի մատներին, նշանակում է` նա ամուսնացած է, բայց դա ոչինչ չի նշանակում:

***

Հայելին խաբկանք ունի, երբ ձախ ձեռքն եք բարձրացնում, հայելում աջն է բարձրանում: Եթե դուք ձեզ դուր չեք գալիս, հայելուն մի հայհոյեք:

***

Ինչո՞ւ ենք հայերս միշտ դժգոհ ու հայհոյում: Ստուգաբանենք բառը` ի՞նչ է նշանակում հայհոյել` հայ-հոյ-ել, այսինքն` հայը հոյում է, հայ մարդու հոյանքը կոչվում է «հայ հոյանք»` որպես մտքի խոյանք: Կարո՞ղ ենք նույնն ասել հարևանների մասին` վրացի-վրացոլ, ադրբ-արդեջանել-բեջուրել` ոչ, իսկ լուրջ ազգերի մոտ ստացվում է, օրինակ` հրեա-հրյել-հրյահրել, թուրք-թրքել, դե նրանցից ինչ ավել բան կարելի է սպասել…

***

Առաջին հայկական ընտրությունները տեղի ունեցան Ադամի օրոք` Աստված Ադամի դիմաց բերչեց-դրեց Եվա տոտային ու ասաց.«Ընտրիր քեզ կին… էս է»: Երկրորդ ընտրությունները տեղի ունեցան 1991-ին` Աստված Լևոն ձյաձյային բերեց-դրեց մեր դեմ ու ասաց.«Թե տղա եք, ուրիշին ընտրեք… էս է»: Ափսոս, խաթարվեցին գեղեցիկ ավանդույթները` 1996-ին էլ, 98-ին էլ, 2003-ին էլ` չկար այն համաժողովրդական էնտուզիազմը, որ միահամուռ բոլորս Ադամի համար Եվա տոտա էինք ընտրում:

***

Այս ներկայացումը պատրաստելիս` ես ամենաշատը չարչարվել եմ մի բանի վրա` ինչպես գտնեմ լեզուն, ինչպե ս խոսեմ մարդկանց հետ, որ հավատան` անկեղծ եմ: Կարևոր չի` կահամաձայնվեն, թե ոչ, բայց միայն հավատան, որ անկեղծ եմ խոսում: Եվ ահա ես մի զարմանալի երազ տեսա, որն էլ տվեց այդ բանալին: Երազն ուզում եմ պատմել ձեզ` միայն թե այդ երազը նախապատմություն ունի.«Ես կորցրել եմ ծնողներիս բավականին վաղ հասակում, և վերջին 20-25 տարիները ես նրանց տեսնում եմ երազում` միասին կամ առանձին, միևնույն է, դրախտային ապրումներ եմ ունենում` կարծես կարոտս ինչ-որ ձևով առնում եմ նրանցից: բայց, ահա, 2002-ից, արդեն 6 տարի է, ես ինձ տանջող նույն երազն եմ տեսնում.  ես Երևանում եմ, ներկայացումներ եմ տալիս, և մայրս այն աշխարհից եկել է ինձ տեսնելու: Եվ ես ներկայացումներով, գործերով տարված` մոռացել եմ այդ մասին և միայն վերջում հիշում եմ, պայուսակներս նետում` վազում Խանջյան փողոց` մեր տունը, որտեղ ծնվել եմ, բայց կեսից միշտ արթնանում եմ… Մի անգամ եղավ` մտա տուն` մայրս արդեն տանը չէր, մյուս անգամ` հասա 5-րդ հարկ` հարկն արդեն փակված էր, չէի կարող բարձրանալ… Ամեն անգամ արթնանում էի ինձ տանջող մեղքի զգացումով և, ահա, այս տարի մայիսին, երբ գրում էի ներկայացումը, վերջապես մորս տեսա. Երևանում էի, նա էլ եկել էր` վազեցի Խանջյան փողոց, մտա մեր բակ և այ քեզ զարմանք` մեր բակում Լևոնը միտինգ էր անում… Այսպես էր իմ երազում` բակում ժողովուրդը հավաքվել էին, այնտեղ էին նաև մորս ընկերուհիները, ովքեր էլ առաջինն ինձ տեսան: Հետո վազեցի մորս գիրկն ընկա` լացում եմ, գոռում եմ, խելագարի պես ճչում, և կարծես ուզում եմ ասել` ես քեզ չկարողացա սիրել` ինչպես պետք էր, չգնահատեցի` ինչպես պետք էր, բայց չեմ կարողանում խոսել, ուղղակի հեկեկում եմ:

Նախորդ օրը նորից երազ տեսա` այս անգամ հայրս էր եկել մոտս` ասում էր` կհագնես այսինչ հագուստներդ և հատուկ շեշտում է մի լայն գոտի: Միացնելով երկու երազները` հասկացա` հայրս, մայրս կարծես բաժանված լինեին երկու թևի` մեկը տանն էր, մյուսը` ժողովրդի հետ` միտինգում, հասկանալով հոգեվիճակս` կարծես եկել էին, և հայրս ասում էր.«Գոտեպնդվիր, հագիր զգեստներդ, գնա, խոսիր, ասա, մի վախեցիր, ասա` ինչ խիղճդ կասի, բայց միշտ հիշիր, որ մայրդ այնտեղ է, խոսիր, որ մայրդ այնտեղ է»:  Եվ ես հիմա կասեմ այն, ինչ մորս կասեի.«Մեր բոլոր հիվանդությունների բուն պատճառը սիրո պակասն է, ավելին` ատելությունը»: