Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կան մարդիկ, ովքեր անգամ բարեկեցիկ կյանք ունենալով, միեւնույն է, արտագաղթում են, որովհետեւ ավելի լավ կյանք են փորձում գտնել, բայց կա արտագաղթի մի տեսակ, որը անարդարության զգացումից է ծնվում, երբ մարդիկ չեն կարողանում իրենց ցանկացածն ու իրավունքներն իրացնել. լրագրողներին այսօր ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ:
«Անարդարության զգացումն է, կարծում եմ, այն հիմնական խնդիրներից մեկը, որ մարդկանց ստիպում է արտագաղթել, եւ հետագայում հենց շեշտը պետք է դնել դատական անկախ իշխանությունների կայացման հարցի վրա»,- ասաց նա:
Արտագաղթի թեմայի մասին խոսելիս Մանվել Բադեյանն էլ, իր բնորոշմամբ, մի քանի հատկանշական` հայ ազգին բնորոշ բաղկացուցիչներ ընդգծեց. «Արտագաղթը, ընդհանրապես, այսպես ասած երրորդ երկրներից, ինչպիսին ենք մենք կամ դրան մոտ ենք, բնորոշ երեւույթ է, որովհետեւ երբ նայում ենք բոլոր երկրներին, տեսնում ենք խոշոր արտագաղթ ամբողջ հետսովետական տարածքում, որտեղ դեմոգրաֆիական վիճակը գնալով վատանում է այնպես, ինչպես Հայաստանում, նույնիսկ` ավելի վատ, եւ նույնիսկ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպիսիք են Ռումինիան, Բուլղարիան, Սլովակիան, Սլովենիան եւ այլն, այդ երկրներում նույնպես դեմոգրաֆիական սիտուացիան վատանում է»:
Արտագաղթի հիմնական պատճառը, ըստ Բադեյանի, իհարկե, տնտեսական է: Այսինքն` մարդիկ գնում են, իրենց կարծիքով, այնպիսի երկրներ, որտեղ ավելի շատ ինքնադրսեւորվելու հնարավորություններ կան, կամ իրենց ապրուստը լավ կլինի:
«Սա օբյեկտիվ երեւույթ է, որի դեմ, իհարկե, պետք է պայքարել, պետք չէ ֆիքսել ու ասել, որ եթե այնտեղ այդպես է, ուրեմն մենք էլ պետք է այդպես լինենք»,- ասաց բանախոսը:
Նա համաձայնեց Թեւան Պողոսյանի հետ, որ անարդարությունն է, որ շատերին տանում է դուրս, բայց խնդիրը միայն դատական համակարգի մեջ չէ, այլ թե մարդն ինչն է ընկալում որպես անարդար: Ու դա ՀՀԿ-ական գործիչը բացատրում է այն հանգամանքով, որ քանի որ մենք մի հասարակությունից, որտեղ բոլորը հավասար կամ գոնե ապրուստի մեջ մոտ էին իրար, անցանք մեկ այլ հասարակարգի, որտեղ անհավասարությունն ավելի շեշտված է, երբ, օրինակ, մեկի դասընկերը հասել է հաջողության, ինքը չի հասել` դժգոհում է:
«Երբեմն այդ հաջողությունը, ինչպես ասում են, բախտի հարց է, բայց շատ դեպքերում դա աշխատանքի, աշխատասիրության խնդիր է, եւ մարդիկ, ովքեր իրենց աութսայդեր են ընկալում, փորձում են իրենց այստեղից դուրս հանել»,- ասաց Բադեյանը:
Նա անդրադարձավ նաեւ արտագաղթի դեմ պայքարի` իր պատկերացրած միջոցներին` նշելով, որ մեր երկրում կան օբյեկտիվ սահմանափակումներ, որ խանգարում են մեզ` ստեղծելու հարուստ հասարակարգ, եւ նշեց, որ դա ամենից առաջ մեր շուկայի փոքրությունն է: Այնուհետեւ շեշտեց, որ փոքր շուկա ունեցող երկրներում մեծ տնտեսական աճի հասնելու հնարավորություն չկա կամ գրեթե չկա: Իսկ եթե կա, ապա դա մրցակցությունից դուրս ոլորտները զարգացնելն է` ունենալու համար միայն Հայաստանի սահմաններով չսահմանափակվող արտադրանք:
«Որպեսզի դրան հասնենք, պետք է ունենանք որակյալ բնակչություն: Իշխանությունն այստեղ պետք է բարձր կրթական համակարգ ստեղծի, ամենակարեւորը` մթնոլորտը պետք է փոխվի, որպեսզի մարդը հասկանա, որ իր բարձր աշխատանքի արդյունքում ինքը կարող է ինչ-որ հաջողության հասնել: Բոլոր մարդիկ չէ, որ կարող են դա ընկալել, որովհետեւ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր չեն ուզում իրենց բարեկեցությունը կապել իրենց աշխատանքի հետ»,- կարծիք հայտնեց Բադեյանը` նշելով, որ դրանք տեսական եզրահանգումներ չեն, այլ միջազգային փորձ, եւ հիշատակեց Հարավային Կորեայի օրինակը. այնտեղ համաժողովրդական քվեարկությամբ որոշել են 20 տարի վատ ապրել, բայց բոլոր միջոցներն ուղղել երեխաների կրթությանը, որ գոնե նրանք երկիրը երկիր դարձնեն:
Լրագրողների հարցին, թե այդ դեպքում Հայաստանի 5-6 օլիգարխիկ ընտանիքները փայլո՞ւմ են իրենց ինտելեկտով, աշխատասիրությամբ եւ այլնով, որ հարուստ են, Բադեյանը պատասխանեց, որ հենց դրա համար չբացառեց բախտի գործոնը:
«Այդպիսի բան էլ կա, մանավանդ` երկրի խառը ժամանակներում ջրի երես միշտ չէ, որ ամենալավ բաներն են դուրս գալիս»,- ասաց Բադեյանը:
Նրա դիտարկումներին հակադարձեց Թեւան Պողոսյանը` նշելով, որ ամբողջ աշխարհում, երբ մարդիկ փորձում են ոչ միայն վատը տեսնել, այլեւ պայքարել այդ վատ երեւույթի դեմ, այդ պայքարն ընթանում է բաց շուկայում: Իսկ բաց ու ազատ շուկա ունենալու համար պետք է օրենքները գործեն իրականում: Անդրադառնալով Մանվել Բադեյանի` իշխանություններին քննադատելուց բացի, լուծման առաջարկներով հանդես չգալու` ընդդիմության դիրքորոշման մասին դիտարկմանը` «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց, որ այնպես չէ, որ ընդդիմությունը լուծումներ առաջարկելու իր ֆունկցիան լավ չի արել:
«Խնդիրն այն է, թե արդյոք հնարավորություն եղե՞լ է նաեւ ընդդիմության առաջարկներն էլ լսել: Օրինակ` անցյալ շաբաթ կոալիցիան հաստատեց կառավարության ծրագիրը: Ընդդիմության ներկայացուցիչները, որ ելույթ էին ունենում, բացի քննադատությունից, յուրաքանչյուրը մեկ-երկու առաջարկ էլ էին անում. քանի՞ առաջարկ է ընկալվել»,- ասաց Պողոսյանը:
Նա խոսեց նաեւ կուսակցական դեմոկրատիայի մասին` նշելով, որ այսօրվա դրությամբ ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունները, այլ նաեւ իշխող կուսակցությունն էլ պետք է կարողանան ձեւավորել նորմալ կուսակցական մթնոլորտ:
«Այսօր որքա՞ն խնդիրներ կան, որ ՀՀԿ-ն կարող է ուղղակի ներքեւից բերել տեղ հասցնել ու որոշումներ կայացնել: Ինչ-որ չափով ՀՅԴ-ն ունի այդ մեխանիզմները: Բայց պետք է այնպես անել, որ այդ մեխանիզմները բոլորում լինեն»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Նա հակադարձեց նաեւ Բադեյանի` կրթության հարցերին վերաբերող դիտարկումներին ու կարծիք հայտնեց, որ ամեն մի հայ ծնող պատրաստ է իր զավակի նորմալ կրթության համար պարտք անել, սոված մնալ. այդպես միշտ է եղել: Հայաստանում բնակչության կրթական մակարդակն էլ, պատգամավորի կարծիքով, վատը չէ, բայց խնդիրն այն է, թե արդյոք ձեւավորվե՞լ է մի բաց միջավայր, որը, բացի լավ կրթությունից, կարողանա տեսակետների մրցակցություն եւս ապահովել: