Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ փետրվարի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ իր ելույթում նախագահն ամփոփել է 2018 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, նախանշել՝ 2019 թվականի անելիքները` համապատասխան հանձնարարականներ տալով դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը եւ ապահովել տնտեսության զարգացումը: Երկրի ղեկավարը նշել է, որ համախառն ներքին արդյունքի ցուցանիշը կազմել է շուրջ 303 միլիարդ դրամ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ, որի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքագործական արդյունաբերության եւ էներգետիկայի, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտներում գրանցված առաջընթացը: Նախագահը դրական է որակել այն հանգամանքը, որ տարին փակվել է առանց ֆինանսական պարտավորությունների գրանցման:
Նախագահ Սահակյանը կարեւոր ձեռքբերումներից է համարել նաեւ այն, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլ նաեւ արտահանման հնարավորություն:
«Տնտեսության դինամիկ զարգացման կարեւոր խթանիչներից է համապատասխան գործարար միջավայրի ստեղծումը, պահպանումը եւ զարգացումը, փոքր եւ միջին բիզնեսի համար նպաստավոր դաշտի ձեւավորումը: Արցախի Հանրապետության գործարար միջավայրը մրցակցային առավելություն դարձնելը մեր տնտեսական քաղաքականության առանցքային թիրախներից է»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:
Նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետությունը սոցիալական պետություն է, եւ սոցիալական ոլորտը մշտապես առաջնային տեղ է զբաղեցնում երկրի զարգացման օրակարգում, նշելով, որ պետությունը կշարունակի տարբեր ծրագրեր իրականացնել բնակչության սոցիալ-տնտեսական բարեկեցության բարձրացման ուղղությամբ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես խոցելի խավերի, հատկապես՝ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների, բազմազավակ եւ անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավումը:
Անդրադառնալով 2019 թվականի անելիքներին` երկրի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է անել հնարավորը բոլոր նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման համար` շեշտելով պետական ռեսուրսների օպտիմալացման ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը: