կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 15:59
Տնտեսական

Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը, ի՞նչ եղան օտարերկրյա միլիարդավոր ներդրումները. Թադևոս Ավետիսյան

Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը, ի՞նչ եղան օտարերկրյա միլիարդավոր ներդրումները. Թադևոս Ավետիսյան

Տնտեսության իրական անկումը շարունակվում է․ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը գրառում է կատարել․

«Քիչ առաջ ԱՎԾ-ն իր կայքում հրապարակեց պաշտոնական տվյալները 26․07․2021 թվականի դրությամբ (հղումը՝ https://www.armstat.am/file/doc/99525173.pdf

Այսպիսով, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ևս արձանագրված է․

տնտեսության իրական անկումը շարունակվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա մարտից COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով ՀՀ տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։

Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հունիսը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․

- միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 5 տոկոսով,

- ընդ որում՝ գնաճը դրսևորում է առաջանցիկ աճի միտում․ 2021 թվականի առաջին կիսամյակում ՍԳԻ-ն աճել է 5,7 տոկոսով, իսկ 2021 թվականի հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ ՍԳԻ-ն աճել է 6,5 տոկոսով,

- արդյունաբերական արտադրանքի միջին գներն աճել են 10 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ընթացիկ գներով արտահայտված, աճել է ընդամենը 2,1 տոկոսով,

- բանջարեղենի գներն աճել են 9 տոկոսով, հացահատիկինը՝ 11,3 տոկոսով, մրգերի գներն աճել են 5 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն՝ ընթացիկ գներով արտահայտված, աճել է ընդամենը 6,8 տոկոս, որն ինքնին խիստ կասկածելի է այս տարվա երաշտով և պետական մարմինների կողմից դրա դեմ պայքարի լիարժեք ձախողմամբ պայմանավորված,

- սննդամթերքի միջին գներն աճել են 8 տոկոսով, իսկ ընթացիկ գներով արտահայտված ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 2,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8 տոկոսով,

- հունվար-հունիսի միջին ամսական աշխատավարձի տվյալները դեռ չկան։

2021 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 7,7 տոկոսով, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել է ընդամենը 4,4 տոկոսով։

Հետևաբար, աշխատողների իրական եկամուտները շարունակում են կրճատվել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է։

Այսպիսով հարց է առաջանում․

«Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը, ի՞նչ եղան միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումները, որն այս տարվա առաջին աշխատանքային օրը խոստացել էր իշխանական խմբակից էկոնոմիկայի համար պատասխանատուն»։