Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 23-ին Մոսկվայում տեղի ունեցած և մոտ երեք ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպումը կարևոր է մի քանի առումներով. առաջին՝ այն տեղի ունեցավ, երբ ամերիկացիները հայտարարեցին, որ դուրս են բերում Սիրիայից իրենց ստորաբաժանումները, և այս հանդիպումը պետք է որոշեր, թե այս գերտերությունների հովանու ներքո Սիրիայում ինչ զարգացումներ պիտի տեղի ունենան, երկրորդ՝ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև, և Իրանը դուրս մղվեց` այն դեպքում, երբ սիրիական գործընթացը տեղի է ունենում այս երեք երկրների ձևաչափով, իհարկե, Իրանի նախագահի հետ կհանդիպեն ավելի ուշ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Այն բացը, որ ստեղծվում է ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման պարագայում, փորձում են ավելի ակտիվ լրացնել այս երկու երկրները, քան թե Իրանը: Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները 2018-ին աննախադեպ թվով հանդիպումներ են ունեցել՝ 7 առանձնազրույց, 18 հեռախոսազրույց: Սա նշանակում է, որ գործընթացները թուրք-ռուսական հարաբերությունների համար բավականին դրական են ընթանում, այս երկրները կարողանում են գտնել որոշակի ընդհանուր դաշտ»,- նշեց թուրքագետը:
Ըստ Սաֆրաստյանի՝ այդ դաշտի առկայության արդյունքն էր, որ, ըստ թուրքական մամուլի, Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվել է 1998 թվականի Ադանայի համաձայնագիրը, որով Թուրքիա-Սիրիա համաձայնության արդյունքում Սիրիան հօգուտ Թուրքիայի զոհաբերեց Քրդական բանվորական կուսակցության հետ իր դաշնակցային հարաբերությունները, որից հետո Սիրիան արտաքսեց Օջալանին, և նա որոշ ժամանակ անց ձերբակալվեց:
«Այսինքն՝ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել ՌԴ-ի և Թուրքիայի միջև, որ Թուրքիան կհանդուրժի Ասադի ղեկավարությունը, եթե Ասադը համաձայնի վերադառնալ այդ համաձայնագրին: Սա, ես կարծում եմ, որ ՌԴ-ի միջնորդական առաքելության արդյունքն է, և նա կփորձի համոզել Ասադին՝ համաձայնել այս պայմանին: Այս հանդիպման մյուս կարևոր արդյունքն այն է, որ հայտարարվեց՝ գործելու է 150 հոգանոց սահմանադրական խորհուրդ, որում ընդգրկված են լինելու և' Սիրիայի իշխանության ներկայացուցիչները, և' ընդդիմության որոշ ուժերի: Այս խորհուրդը պետք է մշակի Սիրիայի նոր Սահմանադրությունը»,- մանրամասնեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ սա Աստանայի գործընթացի շարունակությունն է, որը ՄԱԿ-ի կողմից չի ընդունվում, և որին մասնակից է նաև Իրանը:
Ինչ վերաբերում է սիրիական զարգացումների ռազմական կողմին, ապա, ըստ թուրքագետի, և' Թուրքիան, և' Ռուսաստանը հետապնդում են իրենց նպատակները, որոնք որոշ դեպքերում չեն համընկնում:
«Խոսքը Իդլիբի նահանգի մասին է. դեռ 2018-ի աշնանը Թուրքիան խոստացել էր, որ իր դաշնակիցների միջոցով կվերացնի ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, ինչը չի կատարվել, ուստի Իդլիբի խնդիրը Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում դեռ մնում է որպես կարևոր խնդիր: Երկրորդ՝ Թուրքիան նախապատրաստում էր երրորդ հարձակումը Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ, որը տեղի չի ունենում: Այս թեման ևս եղել է Պուտին-Էրդողան բանակցային սեղանին: Էրդողանի հայտարարությունից կարելի է դատել, որ երրորդ հարձակումը հետաձգվում է, և փորձում են, ռուսների հետ բանակցելով, հասնել այն բանին, որ քրդական ուժերը ետ քաշվեն թուրք-սիրիական սահմանից»,- նշեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ առաջին անգամ Էրդողանը հայտարարեց՝ Թուրքիան չի պատրաստվում տարածքային նվաճում կատարել Սիրիայում, մինչդեռ ավելի վաղ ասում էր, թե պետք է վերականգնել Թուրքիայի` 1920-ի հունվարին հաստատված սահմանները, որոնք հայտնի են նաև «ազգային ուխտի սահմաններ» անվամբ, ինչը ենթադրում էր Սիրիայի հյուսիսային հատվածի անցում Թուրքիայի վերահսկողության տակ՝ Հալեպ քաղաքով:
Ըստ Սաֆրաստյանի՝ Սիրիայում զանգվածային ռազմական գործողություններ չեն լինի, դրանք լոկալ բնույթ կկրեն, երկրորդ՝ բանակցությունները կշարունակվեն, երրորդ՝ անցումային փուլում Թուրքիան չի առարկի Ասադի թեկնածությանը:
Այս համատեքստում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենը շեշտեց, որ հանդիպումից Ռուսաստանի և Թուրքիայի սպասումները, նպատակները տարբեր են, այն է՝ Ռուսաստանը ձգտում է Թուրքիայի հետ ավելի լայն համագործակցության հասնել՝ կամաց-կամաց փորձելով Թուրքիային դուրս բերել արևմտյան դաշինքից՝ ՆԱՏՕ-ից, և տանել իր հետ ավելի սերտ համագործակցության դաշտ, մինչդեռ Թուրքիան նման նպատակ չունի, նա տակտիկական կոնկրետ խնդիրներ է ցանկանում լուծել՝ համագործակցություն Սիրիայում՝ լուծելու համար քրդական հարցը, ինչպես նաև և' ռուսական C-400-ի, և' ամերիկյան «Patriot»-ի ստացում:
«Թուրքիան վարում է տակտիկական քաղաքականություն՝ ինչ-որ բան կորզելու, ինչից ելնելով երբեմն շանտաժի է ենթարկում ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Սա Թուրքիայի քաղաքականությունն է, որը Էրդողանը մեծ վարպետությամբ է իրականացնում»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Էրդողան-Թրամփ զրույցի ընթացքում շոշափվել է այն ծրագիրը, որ Թուրքիան պիտի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծի՝ 30-35 կմ խորությամբ: