կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-23 20:55
Քաղաքական

Թուրքիան չունի այնքան ռեսուրս, որ նոր ավանտյուրա սկսի, այս անգամ՝ Հարավային Կովկասում․ Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան չունի այնքան ռեսուրս, որ նոր ավանտյուրա սկսի, այս անգամ՝ Հարավային Կովկասում․ Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան ռեալ վտանգ է Հայաստանի համար իր գոյության առաջին օրվանից և այդ վտանգը միշտ եղել է, կա և կլինի որքան ժամանակ գոյություն ունի Թուրքիան՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հակահայ առավել ագրեսիվ դարձած հայտարարությունները։

Էրդողանը ելույթներից մեկում Հայաստանը հիշատակեց Իրաքի, Սիրիայի և մյուս երկրների թվում, ուր ինքը ռազմական ներխուժում է իրականացրել․ «Կլինի մեր երկրի ներսում, թե երկրից դուրս, կլինի Իրաքի հյուսիսում, Սիրիայի հյուսիսում, կլինի «Խաղաղության ակունք» գործողությանը, կլինի Իդլիբում, կլինի Լիբիայում, թե այս պահին մեր ադրբեջանցի եղբայրների դեմ Հայաստանի իրականացրած հարձակումներին, երբեք միայնակ չենք թողել և չենք թողնելու ճնշվածներին»,-ասաց Էրդողանը։

Թուրքիայի ռազմական ներխուժումը Հայաստան Ռուբեն Սաֆրաստյանը ռեալ չի համարում։

«Թուրքիան ներկայումս չունի այդքան ռեսուրս, այդքան հնարավորություն, որ մի նոր ավանտյուրա սկսի, այս անգամ արդեն Հարավային Կովկասում։ Թուրքիան հիմա ներգրավված է տարբեր տեսակի ռազմական գործողություններում, զինված ուժեր է պահում աշխարհի բազմաթիվ երկրներում՝ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Աֆրիկայում, էլ չեմ ասում Կիպրոսում՝ 40 հազարանոց բանակ։ Իմ գնահատմամբ, Թուրքիան գտնվում է իր պոտենցիալի ամենավերջին մակարդակի վրա։ Չեմ կարծում, որ այս պայմաններում Թուրքիան կարողանա իրեն թույլ տալ այդպիսի շռայլություն՝ այս անգամ Հարավային Կովկասում»,-ասաց նա։

Թուրքիայի ռեսուրսը, Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ, չի բավարարի, քանի որ տնտեսությունը առանձնապես բարվոք վիճակում չէ, ներքին քաղաքական բազմաթիվ խնդիրներ կան, երկրում մոլեգնում է Էրդողանի սկսած բռնաճնշումների ալիքը՝ հարյուր հազարավոր մարդիկ գտնվում են բանտերում կամ հետապնդվում են, էլ չասած՝ քրդական խնդիրը։ Այնպես որ, ըստ թուրքագետի, այն, ինչ անում է հիմա Թուրքիան, հազիվ է անում։

Այսուհանդերձ, Հայաստանի հանդեպ հռետորաբանությունը այս սրացման ժամանակ աչքի ընկավ շատ ու շատ ավելի ագրեսիվությամբ, քան նախկինում երբևէ եղել էր հայ-ադրբեջանական սրացումներին։

«Սա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ Էրդողանը իր արտաքին քաղաքականության այս ուշ փուլում՝ 2016 թ-ի անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո, իր արտաքին քաղաքականությունը դարձրել է շատ ավելի ագրեսիվ, ավելի արկածախնդրային և լայնորեն օգտագործում է այդ ռազմատենչ հռետորաբանությունը։ Նա խառնվում է տարբեր տեսակի հակամարտությունների, Թուրքիայի զորքերը հիմա ռազմական գործողություններ են ծավալում և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Լիբիայում, տեղակայված են մի շարք այլ երկրներում։ Այս պայմաններում, նրա՝ Հայաստանի նկատմամբ այս հռետորաբանության օգտագործումը առաջին հերթին նպատակ ունի համախմբելու Թուրքիայի բնակչության տարբեր խավերին իր շուրջը, քանի որ, ըստ որոշ հարցումների, Էրդողանի ռեյտինգը գտնվում է ամենացածր մակարդակի վրա, նույնիսկ նշվում է 35 տոկոս։ Ինչպես նաև անկում է ապրում իր ղեկավարած՝ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ռեյտինգը»,-բացատրեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Բացի այդ, առաջին անգամ այս երկար տարիների ընթացքում Թուրքիայում սկսում է հանդես գալ մի քաղաքական գործիչ, որը կարող է ձեռնոց նետել Էրդողանին՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ, Էրդողանի համար կարևոր է նաև այն հանգամանքը, որ մոտենում է 2023 թ-ը, և իր ղեկավարած Թուրքիան պետք է, իր պատկերացումներով, հանդես գա որպես նոր, ավելի հզոր պետություն, այդ պատճառով էլ ավելի կոշտ հեռտորաբանություն է օգտագործում, որ ցույց տա, որ իրենք արդեն ուժեղ են, իրենց դաշնակիցներին շատ ավելի են պաշտպանում։

«Մի հանգամանք էլ կա․ ես ենթադրում եմ, որ այս աննախադեպ ռազմատենչ հռետորաբանությունը Էրդողանին պետք է, որ տարբեր երկրների հետ իր առևտուրը ավելի առարկայական դարձնի։ Օրինակ, Ռուսաստանի հետ, որի հետ մի կողմից՝ սիրախաղ է իրականցնում, մյուս կողմից՝ բախման մեջ է գտնվում։ Այնպես որ, այս հռետորաբանությունը անհրաժեշտ է, որ սակարկի ռուսների հետ»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ամեն դեպքում, բոլոր հաշվարկները, այսպես թե այնպես, կապված են Էրդողանի անձի հետ։

Իհարկե, այստեղ հայկական գործոնը ևս կարևոր է համարում թուրքագետը․ «Թուրքիայի համար հայկական գործոնը կարևոր է, և դա ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է, ոչ միայն Արցախի Հանրապետությունն է, այլ նաև Սփյուռքն է՝ ողջ աշխարհի հայությունը։ Մենք միշտ ասում ենք՝ համայն հայությունը պետք է միավորվի, դառնա հայկական գործոն, ա՛յ, նրանք մեզ արդեն այդպես են ընկալում»։

Ռուբեն Սաֆրաստյանը պատահական չի համարում վերջին շրջանում Թուրքիայի ջանքերը Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարը ակտիվացնելու ուղղությամբ։ Վստահ է, որ նրանց մոտ մտավախություն կա, որ հայկական գործոնը գնալով ուժեղանում է աշխարհում։ Դա կապված է նաև  2015 թ-ին Համահայկական Հռչակագրից հետո ոչ միայն հիշելը և դատապարտելը, այլև  պահանջատիրությունը Հայաստանի կողմից բարձրաձայնելու հետ։

Այս ամենը, Սաֆրաստյանի համոզմամբ, պայքար է Հայկական հարցի իրավացի լուծման համար։ Իսկ տարածքային առումով Հայկական հարցի հիմքում Սևրի պայմանագիրն է, մեր բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում հայոց պետականության վերականգնումը։

«Որքան էլ կարող է որոշ մարդկանց անհավատալի թվալ, դա ինձ արդեն տեսանելի է մշուշի մեջ և  շատ ավելի իրական կերպարանք է ստանում․ աշխարհաքաղաքական նոր զարգացումները կարող են ձեռք բերել մի նոր որակ Մերձավոր Արևելքում, Լևանտում։ Այն պետությունները, որ հիմա կան Մերձավոր Արևելքում արդյունք են Սևրի պայմանագրի։ Եվ այդ պետություններից շատերը գտնվում են քայքայման վիճակում։ Եվ այն Սևրի պայմանագիրը, որն ստեղծել էր ժամանակակից Մերձավոր Արևելքը, նորից ստանում է արդիականություն, որովհետև նոր սահմաններ են գծվում, պետությունների տարածքներ են փոխվում և ուզած-չուզած պետք է անդրադառնան Սևրի պայմանագրին, որ դրա վրա հիմնվեն և նոր պայմանագրով Մերձավոր Արևելքի նոր քարտեզը գծեն»,-կանխատեսեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Երկրորդ փաստարկն այն է, որ Մերձավոր Արևելքում վաղ թե ուշ պետք է իրականություն դառնա քրդական պետության ստեղծումը։ Այդ պայմաններում էլի արդիականանում է Սևրի պայմանագիրը։

«Ինչո՞ւ, որովհետև դա միակ միջազգային փաստաթուղթն է, որտեղ խոսվում է քրդական նախ՝ ինքնավարության, հետո արդեն պետականության ստեղծման մասին․ ուրիշ միջազգային փաստաթուղթ չկա»,-նկատեց նա։

Իհարկե, Սևրի պայմանգիրը չի վավերացվել, բայց, Սաֆրաստյանի համոզմամբ, երբ աշխարհի մեծ պետությունները սկսեն քննարկել քրդական պետության ստեղծման խնդիրը, ուզած-չուզած էլի պետք է Սևրի պայմանագրին անդրադառնան։

Վարկածը, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման ֆոնին է Թուրքիայի հռետորաբանությունը սրվել, Ռուբեն Սաֆրաստյանի տեսանկյունից արդարացված չէ։

«Ռազմաքաղաքական ոլորտում մեր հարաբերություններում ռուսների հետ ես տեսնում եմ միայն դրական միտումներ։ Որովհետև այն, ինչ Ռուսաստանը արեց Ադրբեջանի ագրեսիայի օրերին, շատ կարևոր էր․ մի քանի օր հետո Պուտինի հրամանով անսպասելի զորավարժություններ սկսվեցին Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգում։ Բացի դրանից, Սևծովյան նավատորմի նավերը դուրս եկան ծով, Կասպից ծովի նավերը դուրս եկան․ պարզ է, որ Թուրքիային զգաստացնելու համար էր արվում։ Հետո հայտարարություն եղավ, որ Հայաստանի տարածքում նույնպես այդ զորավարժությունները տեղի են ունենում և մասնակցում են նաև հայկական ստորաբաժանումները․ համատեղ զորավարժություններ էին և հատուկ դրա մասին հայտարարվեց, սա էլ պատահական չէր»,-հիմնավորեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Այս ամենից բացի, մի քանի քանի օր առաջ հայտարարվեց, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը փակել է Հայաստանի երկինքը ռազմական ինքնաթիռների համար։

Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ սրանք Ռուսաստանի կողմից շատ կարևոր քայլեր են, որոնք միանգամից ցույց տվեցին, որ մեր դաշնակիցը ռազմական առումով իսկապես դաշնակից է։

Աննա Բալյան