Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին քաղաքականությունը միաժամանակյա և ակտիվ ընթանում է երկու ուղղությամբ՝ արևմտյան և արևելյան, և այդ մասին վկայում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Բրյուսել ու Չինաստան. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ-թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Սա հետաքրքիր երևույթ է, կարծում եմ` սա պետք է միտում դարձնել՝ խորացնելով մեր համագործակցությունը հատկապես Չինաստանի հետ, քանի որ այս դեպքում մենք կարող ենք մեր դիրքերն ուժեղացնել ոչ միայն տնտեսական առումով, այլև` քաղաքակրթական: Չինաստանի ղեկավարի կողմից նշվեց երկու հին քաղաքակրթությունների փաստը: Երկու հին քաղաքակրթություններ, որոնք իրենց ուղին անցել են՝ ձգտելով խաղաղության, կայունության, բարիդրացիական հարաբերությունների հարևանների հետ, և այս երկու երկրներն իրենց երկխոսությունը վարում են քաղաքակրթական մակարդակում: Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը նման քաղաքակրթական մակարդակով երկխոսությունները պիտի շարունակի, և ոչ միայն Չինաստանի հետ: Սա է մեր դիվանագիտության ապագան՝ օգտագործել մեր հարուստ քաղաքակրթական ժառանգությունը և երկխոսության մեջ մտնել այլ քաղաքակրթությունների հետ»,- նշեց նա:
Հարցին՝ Հայաստանը որքանո՞վ է կարևոր Չինաստանի համար, Սաֆրաստյանը պատասխանեց, որ դրա համար հարկավոր է հասկանալ Չինաստանի արտաքին քաղաքականության էությունը, որը հիմնված է քաղաքակրթության վրա, ինչպես ասվեց:
«Չինական քաղաքակրթությունը ձգտում է հարմոնիայի, համադաշնության վրա հիմնված հարաբերությունների: Չինաստանն իր հազարամյա անցած ճանապարհը, երբ կուտակել է շատ մեծ տնտեսական ներուժ, փորձում է տեղափոխել արտաքին քաղաքականության ոլորտ, բայց ոչ թե վարում է ընդլայնման ագրեսիվ քաղաքականություն, այլ` հարմոնիայի վրա հիմնված, որը պիտի զարգացնի հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների հետ: Հայաստանի դերը տարածաշրջանում Չինաստանի համար բավականին մեծ է: Նրանք հետաքրքրություն ունեն մեր արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես` նրանց հետաքրքրում են մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, որովհետև նրանք ունենց իրենց խնդիրը Թուրքիայի հետ, բայց Չինաստանին նաև հետաքրքրում է մեր` արևելագիտության ինստիտուտի մասնագետների փորձառությունը Մերձավոր Արևելքում: Նրանց շատ հետաքրքիր են մեր գնահատականները Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, քանի որ նրանք նոր-նոր են սկսում զարգացնել Մերձավոր Արևելքի հետ հետազոտությունները, այդ ավանդույթը նրանք չունեն: Երկրորդ՝ մենք նախկին խորհրդային տարածք ենք, իսկ նախկին խորհրդային տարածաշրջանը Չինաստանի համար շատ կարևոր է, այստեղ նա իրականացնում էր նպատակասլաց քաղաքականություն»,- նշեց արևելագետը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը` Սաֆրաստյանն ասաց, որ դժվար է գնահատել՝ ինչ զարգացումներ կլինեն, մի բան պարզ է՝ Ադրբեջանն ապակառուցողական քաղաքականություն է վարում, ուստի այս պայմաններում բանակցային գործընթացում ճեղքում սպասելն անիմաստ է: