կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 16:16
Քաղաքական

ՌԴ-ի հետ մաքուր էջից վստահելի հարաբերություններ կառուցելու գործընթացը Փաշինյանն արագ է առաջ տանում՝ այցեր կատարելով Մոսկվա. Կռիլով

ՌԴ-ի հետ մաքուր էջից վստահելի հարաբերություններ կառուցելու գործընթացը Փաշինյանն արագ է առաջ տանում՝ այցեր կատարելով Մոսկվա. Կռիլով

Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը հերթական անգամ նշեց, որ հեղափոխության առաջին օրերին ռուսական կողմի մտահոգությունները, թե գործ են ունենալու «գունավոր հեղափոխության» հետ, ավելի ուշ անհետացան, քանի որ ՀՀ-ում իշխանության եկած ուժի կարգախոսներն անմիջապես փոխվեցին: Այսինքն՝ եթե իշխանության եկած մարդիկ նախկինում հակառուսական տրամադրություններ ունեին, ապա, հասկանալով Հայաստանի ազգային շահերի համակարգում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, հայտարարեցին, որ վարելու են Մոսկվայի հետ հարաբերությունների կառուցման քաղաքականություն:

Միաժամանակ, քաղաքագետը շեշտեց՝ այն, որ ՀՀ իշխանությունները հստակ հայտարարել են արտաքին քաղաքական առաջնահերթությունների պահպանման մասին, լավ է, բայց անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում արդյունավետ բարեփոխումներ իրականացնել:

Ըստ Կռիլովի՝ «ինքնասպանություն» է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների խզումը, ինչն արեցին մի քանի երկրներ՝ Վրաստան, Ուկրաինա: Իհարկե, ըստ քաղաքագետի,  կարելի է արևմտյան ուղղությունն ընտրել, ընդունել եվրոպական արժեքները, բայց հաճախ ականատես ենք եղել, որ, ԵՄ–ի հետ մերձենալու կարգախոսներին զուգահեռ, մի շարք հետխորհրդային երկրների էլիտաներ սեփական բնակչությանը աղքատացման, պետության միջազգային դիրքերի տապալման ուղղությունն են բռնել:

«Կան ազդակներ, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան առավել կառուցողական ոգով՝ վստահության առումով, իսկ այդ վստահության համար ժամանակ է պետք: Պարզ է՝ երբ նախագահները տասը տարի շփվում են, նրանց միջև հարաբերությունների որոշակի համակարգ է ստեղծվում, որն իրեն զգացնել է տալիս: Այս պահին այսօրինակ հարաբերությունները մաքուր էջից են սկսվում Հայաստանի հետ, և Նիկոլ Փաշինյանի հետ այս գործընթացը բավականին ակտիվ ու արագ է տեղի ունենում՝ հաշվի առնելով նրա այցերը Մոսկվա. այս օրերին նա դարձյալ կլինի ՌԴ-ում»,- նշեց Կռիլովը՝ դրական համարելով Սիրիա հայկական խումբ ուղարկելու, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտերգրման հարցերի հանձնաժողովի ստեղծման փաստերը և պնդելով, որ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ մամուլում գրեթե չկան այսօր: