կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 17:20
Քաղաքական

ՀՀ-ին շատ փող է պետք, բայց ԵՄ-ում ճգնաժամ է, ՌԴ-ի ռեսուրսները՝ սահմանափակ, մնում է օլիգարխներին կուլակաթափ անել. Կռիլով

ՀՀ-ին շատ փող է պետք, բայց ԵՄ-ում ճգնաժամ է, ՌԴ-ի ռեսուրսները՝ սահմանափակ, մնում է օլիգարխներին կուլակաթափ անել. Կռիլով

Առաջիկա ամիսներին ՀՀ-ում տեղի կունենան կառուցվածքային փոփոխություններ, ինչ-որ չափով՝  ցավոտ. Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը՝ նշելով, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է տնտեսական բարեփոխումներ իրականացնեն։

«Նաև արտաքին տնտեսական մեծ մարտահրավերներ կան։ Դա միայն Արցախի խնդիրը չէ, այլև Իրանի հետ հարաբերությունները, որոնց ամրությունը քննություն է բռնել»,- նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ականատես կլինենք նաև  քաղաքական ինտրիգի՝  կապված կառավարման համակարգը փոփոխելու անհրաժեշտության հետ:  «Քննարկումներ կարող են լինել կիսանախագահական համակարգի վերադարձի հետ կապված, քանի որ խորհրդարանական համակարգը հայ հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացնում:  Ըստ այդմ՝ խնդիրը, որ պետք է վերադառնալ գոնե կիսանախագահական կառավարմանը, թափ է հավաքում: Սրան պետք է ըմբռնումով մոտենալ»,- ասաց Արեշևը:

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը հավելեց, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանը  դառնա հաջողակ պետություն, որ երկրից  մարդիկ չգնանք: Ըստ նրա՝ մերձբալթյան երկրներից էլ են արտագաղթում, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է:

Այս համատեքստում Կռիլովը նշեց, որ Հայաստանին շատ փող է պետք, բայց ո՞վ կտա. ԱՄՆ-ն ու Արևմուտքը պատրաստ չեն. ԵՄ-ում բավականին լուրջ է իրավիճակը, տնտեսական ճգնաժամ կա: «ՌԴ-ում վիճակը նույնպես լուրջ է` Արևմուտքի հետ խնդիրներ ունի, ռեսուրսները  սահմանափակ են: Մնում է Չինաստանը, բայց որքանո՞վ են Հայաստանի ազգային ծրագրերը համահունչ: Ուստի մնում է օլիգարխներին կուլակաթափ անել: Սկիզբը դրված է, բայց որքա՞ն գումար է հնարավոր այս միջոցով հավաքել և լցնել պետբյուջե: Սա հաշվի առնելով` նոր խնդիրներ կլինեն»,- մանրամասնեց փորձագետը: