կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 14:51
Քաղաքական

Օպտիմալ որոշում կկայացվի, եթե ընդունվի ՀՀ-ի տարբերակը՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ ամրագրել քարտուղարի վաղաժամկետ փոխարինման իրավիճակը. Կռիլով

Օպտիմալ որոշում կկայացվի, եթե ընդունվի ՀՀ-ի տարբերակը՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ ամրագրել քարտուղարի վաղաժամկետ փոխարինման իրավիճակը. Կռիլով

Բելառուսի և Ղազախստանի նախագահների առաջ քաշած սցենարը, որ մինչև 2019-ը թվականը պետք է նշանակվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար, և որ նա պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը, տեղի չունեցավ, մինչդեռ մեծ էներգիա և ուժ էր ծախսվել: Այս մասին Երևան-Մոսկվա տեսակամրջի ընթացքում ասաց ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների Ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը՝ նշելով, որ հայկական կողմը պնդում էր, թե կանոնադրությունը 3 տարվա ժամկետ է  սահմանում այդ պաշտոնի համար:

«Եթե Խաչատուրովի հետ կապված կազուսը չլիներ, կամ նա կանոնադրությանը համապատասխան հետ կանչվեր, այս խնդիրները չէին առաջանա, և քարտուղարի հարցն ավելի հեշտ կլուծվեր: Առաջիկա ամիսներին կտեսնենք, թե իրավիճակն ինչպես կզարգանա: Մենք տեսնում ենք, որ այս պահին այդ ուղղությամբ Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից ակտիվություն չկա, բոլորը դադար են վերցրել»,-ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցի լուծման երեք տարբերակ կա. առաջին՝ բելառուսական տարբերակը, բայց այս դեպքում անհրաժեշտ է հայկական կողմի համաձայնությունը, երկրորդ՝ հայկական տարբերակը, այստեղ էլ մյուսների համաձայնությունը պիտի լինի, և երրորդ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կմնա պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Հայկական կողմը պարտադրում է կամ պարտավորեցնում, որ կանոնադրության մեջ ամրագրվի, թե ինչպես պետք է կատարվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինումը նրա լիազորությունների  վաղաժամկետ դադարեցման  դեպքում: Եթե դա տեղի ունենա, Հայաստանի ներկայացուցիչը միանգամայն կարող է շարունակել մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև նախատեսված ժամկետի ավարտը: Թե ի՞նչ կլինի, դժվար է ասել, քանի որ հարցը լայն համատեքստ մտցվեց, այդ թվում՝ Բելառուս-Ղազախստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչն իր դերն ունեցավ այստեղ: Հույս ունեմ, որ կանոնադրության մեջ ներկա իրավիճակն ամրագրելու` հայկական տարբերակը կընդունվի, և դրանից ելնելով` որոշում կկայացվի: Դա շատ օպտիմալ և հիմնավոր կլինի»,- եզրափակեց Կռիլովը: