կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 14:32
Քաղաքական

Մտավախություն ունեմ` ընդդիմադիր խմբակցություններն իրենց առաքելություններն իրականացնելիս բազմաթիվ խնդիրներ են ունենալու. Էդմոն Մարուքյան

Մտավախություն ունեմ` ընդդիմադիր խմբակցություններն իրենց առաքելություններն իրականացնելիս բազմաթիվ խնդիրներ են ունենալու. Էդմոն Մարուքյան

Նախքան Ազգային ժողովի նախագահի ընտրությունների մեկնարկը` ելույթով հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենք ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածու չեն առաջադրելու և ընտրելու են իշխանական խմբակցության թեկնածու Արարատ Միրզոյանին:

«Մինչ այս` ընդդիմադիր ուժերը միշտ առաջադրել են ԱԺ նախագահի թեկնածուներ երկու պատճառով, որ իր թեկնածուին ընտրի, այլ ոչ թե իշխանականին, և երկրորդ, որ դեբատ կազմակերպվի: Ես հիշում եմ` այն ժամանակ ինձ առաջադրել էր «Ելքը», իսկ իշխանական ուժը ներկայացրել էր Արա Բաբլոյանի թեկնածությունը»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց 6-րդ գումարման ԱԺ-ին, որը ճգնաժամային օրերին ցուցաբերել է խոհեմություն:

Մարուքյանը նշեց, որ ՀՀ-ում ԱԺ-ի դերը միշտ ցածր է եղել` գոնե վերջին երեք գումարումների: «Միշտ խոսվել է Ազգային ժողովի դերի բարձրացման մասին, բայց որքան խոսվել է, նրա դերն այդքան նվազել է: Խորհրդարանը չի եղել այն մարմինը, որը ես կգերադասեի լիներ: Խորհրդարանի դերը պետք է բարձր լինի: ՀՀ-ն դարձավ խորհրդարանական երկիր, բայց էլի ԱԺ-ի դերի բարձրացում տեղի չունեցավ: Հիմա մեր հնարավորությունը կարող ենք օգտագործել` պետականությունը նոր ռելսների վրա դնել, կամ նախկին կոստյումը հագնել ու շարունակել նույն կերպ: Մենք ենք որոշում` ԱԺ-ն պե՞տք է լինի լոկոմոտիվ: Խորհրդարանական երկրի պայմաններում ԱԺ-ի դերը մեծ է, մեր երկրում ԱԺ-ն եղել է ամենաթերֆինանսավորված, վատ տեխնիկայով կառույցը: Մեկ նախարարի բերեք, թող գա, տեսնի ԱԺ-ի պայմանները և իրենց պայմանները: Վստահ եմ` մշակութային շոկի են ենթարկվել այստեղ եկած մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, սակայն տպավորությունը միշտ այնպես է եղել, որ չգիտես, թե ինչ են պատկերացրել ԱԺ պատգամավորների վիճակը»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ ԱԺ նախագահը նախ պետք է լինի բոլորի նախագահը, ոչ թե միայն իշխանական խմբակցության, և կարողանա խորհրդարանի` որպես ինստիտուտի դերը մեծացնել: «Դրա արդյունքում է,  որ հեղափոխություններ, քաղաքական ցնցումներ, մարտահրավերներ չեն լինի»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` իրենք խորհրդարանում ներկայացնում են ընդդիմադիր բևեռ, իսկ հեղափոխությունից հետո ընդդիմություն լինելը սարսափելի դժվար գործ է: «Մենք մեր առաքլեությունն իրականացնելիս լինելու ենք կառուցողական այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, և կհակադրվենք այնտեղ, որտեղ մեր ձայնը լսելի չի դառնում»,- նշեց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաև ԱԺ խմբակցություններին: «Մենք միշտ կանգնել ենք մի խնդրի առաջ, որ եթե ցանկանում ենք դիմել Սահմանադրական դատարան, պետք է գանք, օրինակ, ԲՀԿ մեր գործընկներներին խնդրենք միանալ մեր դիմումին: Մենք հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունենք` որպես խմբակցություն,  բայց ՍԴ դիմելու իրավունք չունենք: Ընդդիմության մասով շատ մեծ խնդիր է  առաջացել. մենք ունենք շատ մեծ իշխանական խմբակցություն, և նրան հակակշռելու համար նախկին մեխանիզմները ընդհանրապես բավական չեն: Եթե այն ժամանակ մենք` որպես «Ելք» դաշինք, պնդում էինք, որ պետք է վերանայվեն մեր` վերահսկելու լիազորությունները,  որ քաղաքական համակարգն առողջանա, հիմա սրանք օրհասական են, և այդ քննարկումները պետք է շատ շուտ սկսենք: Ես մտավախություն ունեմ, որ ընդդիմադիր խմբակցություններն իրենց առաքելություններն իրականացնելիս բազմաթիվ խնդիրներ են ունենալու արդեն իսկ ձևավորված այս իրավիճակում, ինչպես որ այսօր քննիչ հանձնաժողովի անդամներն էին բաշխվում: Օրենքը` օրենք, բայց մենք այստեղ եկել ենք, որ արդար, կայուն, երկարատև գործող համակարգ ստեղծենք, ոչ թե, ինչ-որ մարդկանց հայտարարություններին տրվելով, ասենք, որ մի երկու տարով է այս խորհրդարանը ձևավորվել: Մի հատ տեսնենք` ինչ է  լինում, որ հետո տեսնենք` ինչ է լինելու: Մեր երկիրն այլևս ցնցումների, արտահերթ ընտրությունների ժամանակ չունի,  բոլորս պետք է լծվենք պետական շինարարության գործին»,- ընդգծեց Մարուքյանը: