Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ Panorama.am-ը զրուցել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, դրա վերաբերյալ մտահոգությունների ու հնարավոր հետևանքների մասին։
Հարց- Տիկին Ստամբուլյան, մեկնարկեցին Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները: Ինչպես գիտենք, այն հնարավոր դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Հասարակության ներսում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կարծիքները հակասական են: Նախ, Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք գործընթացի նկատմամբ:
Պատասխան- Ընդհանրապես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, այն մեզ համար ունի, այդ թվում նաև, անվտանգային նշանակություն: Սրանով է պայմանավորված, որ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք էլ այս ուղղությամբ եղել են որոշակի գործընթացներ տարբեր մակարդակներում: Սակայն հնարավոր չի եղել հաջողության հասնել գլխավորապես Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի քաղաքականության պատճառով: Հիշում եք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին փորձը տապալվեց Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու հետևանքով:
Մեզ համար սկզբունքային է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իրապես տեղի ունենա առանց նախապայմանների և համաչափորեն արտահայտի կողմերի շահերը: Այս տեսանկյունից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առկա գործընթացն ինձ համար բավականին խնդրահարույց է:
Ի տարբերություն նախորդ փորձերի՝ այսօր Հայաստանի իշխանությունները բանակցությունների են գնում պարտվածի, կապիտուլյացիայի ենթարկվածի դիրքերից: Ավելին, 44-օրյա պատերազմից հետո մենք անակատես ենք դառնում կարևոր, անվտանգային հարցերում Հայաստանի իշխանության կողմից Ադրբեջանին անհիմն, միակողմանի զիջումների: Նման պայմաններում դժվար է պատկերացնել, որ Թուրքիան, առավել ևս Էրդողանի ամբիցիոզ Թուրքիան, իսկապես հրաժարվել է իր նախապայմաններից և չի փորձելու իր առաջնահերթությունների մասով Հայաստանի գործող իշխանությունից զիջումներ ստանալ:
Այո՛, ԱԳ նախարարները հայտարարեցին առանց նախապայմանների բանակցությունների մասին, սակայն մենք բոլորս մեր աչքի առաջ ունենք ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում գործող իշխանության բանակցելու փորձը, երբ Ալիևը կառուցողական էր որակվում, իրենք էլ «ինչ պետք է, այն էլ բանակցում էին»: Այդ ամենի արդյունքում ունեցանք աղետալի հետևանքներով 44-օրյա պատերազմ: Այս համատեքստում առկա գործընթացում միջնորդի բացակայությունն ավելի է խորացնում իմ մտահոգությունները:
Ինձ համար անընդունելի է նաև Ադրբեջանի՝ այդքան ընդգծված ներկայությունը հայ-թուրքական գործընթացում: Նախկինում էլ Թուրքիան Հայաստանին վերաբերող հարցերում հաշվի է առել ադրբեջանական գործոնը, սակայն այսօր գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, որն էլ ամեն ինչ անելու է այստեղ իր օրակարգը թելադրելու համար՝ բարդացնելով Հայաստանի առանց այդ էլ բավականին թույլ բանակցային դիրքերը:
Հարց-Իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում հատկապես ընդգծում են սահմանների բացման արդյունքում սպասվող տնտեսական օգուտները: Ընդդիմախոսները նշում են, որ այն կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեր տնտեսության համար, ուստի հայ-թուրքական սահմանի փակ լինելը բխում է մեր շահերից: Ո՞րն է Ձեր տեսակետն այս հարցի վերաբերյալ։
Պատասխան-Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ապա պետք է նշեմ, որ ցանկացած սահմանի փակ լինելը, այդ թվում նաև հայ-թուրքական, ինքնին խնդիր է, ուստի սահմանները բացելուն վերաբերվում եմ նորմալ: Միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ այդ սահմանը փակվել է միակողմանի կերպով, ինչը Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամանքի հերթական դրսևորումն էր: Հետևաբար, սահմանը բացելու որոշումը, ըստ էության, ևս Թուրքիայինն է միայն: Եթե Թուրքիան իսկապես Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնել, ինչպես պնդում է Անկարան, եթե իսկապես ցանկանում է փակել տարածաշրջանում թշնամանքի էջը, կարծում եմ, մենք Թուրքիայից պետք է արդեն լսած լինեինք իր այդ միակողմանի քայլը չեղարկելու որոշման մասին: Սակայն, մենք ոչ միայն դա չենք լսել, այլև Անկարան շարունակում է անուղղակիորեն Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսել:
Սահմանի բացվելու տնտեսական ազդեցության հետ կապված ես նույնպես որոշակի ռիսկեր եմ տեսնում. Հայաստանի տնտեսության համար թուրքական տնտեսության հետ մրցելը բավականին բարդ է լինելու հայտնի պատճառներով:
Եթե պետությունը կարողանա ճիշտ մեխանիզմներ մշակել, պաշտպանել տեղի տնտեսվարողներին, հնարավոր կլինի այդ ռիսկերը հասցնել մինիմալի: Սակայն այսօր, ցավոք, ես որևէ կերպ չեմ տեսնում կառավարության կողմից այդ ռիսկերի գնահատման և դրանք չեզոքացնելուն ուղղված աշխատանք:
Իշխանությունը զբաղված է գլխավորապես խրախուսման գործիքներ ներդնելով և դիմացինի ցանկությունները կատարելով: Այս մարդիկ չունեն ռիսկների գնահատում, թե ընդհանրապես և թե մասնավորապես նույն այդ խրախուսման գործիքների հետ կապված: Դրա ամենաթարմ օրինակներից է «Լիցենզավորման մասին» օրենքի լրացումները: Ես դրա հետ կապված ունեմ մտավախություն, որ այս նախագիծը և շատ այլ նախագծեր բերվում են Թուրքիայից եկող գործարարների համար, և չեմ բացառում, որ «Լիցենզավորման մասին» օրենքում կավելացվի երկրների և ոլորտների ցանկը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ բացարձակ որևէ պատասխան չեմ ստացել, թե «Լիցենզավորման մասին» օրենքում նշված ո՞ր երկրներից և ո՞ր գործարարներն են հրաժարվել գալ Հայաստան՝ լիցենզավորման տվյալ խնդրի պատճառով:
Ես իրական մտավախություն ունեմ, որ հայ տնտեսվարողները կարող են պաշտպանված չլինել, ավելի քիչ իրավունքներ ունենալ, քան դրսից, մասնավորապես` Թուրքիայից եկող ներդրողը։
Հարց-Տիկին Ստամբուլյան, այս համատեքստում անդրադառնանք Ձեր բիզնես գործունեությանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում այն բավականին քննարկվեց:
Պատասխան-Ես տարիներ շարունակ ստեղծել եմ բարիք իմ երկրի համար՝ նպաստել եմ բիզնեսի տարբեր ճյուղերի զարգացմանը, բազմաթիվ աշխատատեղերի բացման համար հնարավորություններ եմ ստեղծել, իմ ջանքերով և ներդրումով Հայաստանում ներկայացվածություն են ունեցել նոր ավիաընկերություններ, որը խթանել է նաև այդ ճյուղի զարգացմանը, մուլտիպլիկատիվ էֆեկտով բազմաթիվ այլ կազմակերպություններ սնուցվել են այս թռիչքուղիներից, հայ զբոսաշրջիկը հնարավորություն է ունեցել Անթալիայի փոխարեն այլ հանգստի ուղղություններ ունենալ: Իշխանությունը, իմ մտահոգություններին ի պատասխան, որոշեց մոլորության մեջ գցել հասարակությանը՝ ներկայացնելով, թե իբր տարիներ շարունակ ես ՀՀ քաղաքացիներին տեղափոխել եմ Թուրքիա, թռիչքներ եմ կազմակերպել և այլն։ Իմ հիմնադրած կազմակերպություններին թիրախավորելով՝ փորձում էին այդ կերպ թիրախավորել ինձ՝ որպես քաղաքական գործիչ, պատգամավոր:
Իրենց` բոլորիս հայտնի ձեռագրով փորձեցին անգամ մեդիա արշավ կազմակերպել իմ դեմ` հասնելով անգամ կառավարության անդամների ներգրավմանը։ Իմ հիմնադրած ընկերությունները երբեք թռիչքներ չեն իրականացրել դեպի Թուրքիա:
Մշտապես կողմնակից լինելով կոմունիկացիաների հնարավոր բացմանը, դրանց բազմազանությանը, մրցակցային հնարավորությունների ստեղծմանը՝ բնականաբար ևս դեմ չեմ արտահայտվել այդ թվում նաև Թուրքիա իրականացվող թռիչքներին: Միևնույն ժամանակ առաջնահերթ եմ դիտում, որ մեր քաղաքացիները, մեր հայրենակիցներն իրենց հանգիստը վայելեն այնպիսի երկրներում, որտեղ չեն ունենա անվտանգային և հոգեբանական կոմֆորտի խնդիրներ:
Մեծ վերապահումներ ունեմ, օրինակ, Անթալիա հանգստանալու հարցի հետ կապված՝ առնվազն այսօրվա իրողությունները հաշվի առնելով: Կարծում եմ՝ շատ պարզ է, ինչի մասին եմ խոսում:
Ավելի լայն համատեքստում էապես կարևորում եմ, որ մենք բոլորս, մեր հասարակության յուրաքանչյուր անդամ վերջիվերջո հստակ պատկերացնի, որ հնարավոր չէ բանական մարդը դեմ լինի խաղաղությանը կամ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանին: Բայց այստեղ կա երկու կարևոր հարց. նախ պետք է կարողանալ տարբերել արժանապատիվ խաղաղությունն անարժանապատիվ խաղաղությունից և երկրորդ՝ պետք է գիտակցել, որ անարժանապատիվ խաղաղության արդյունքը կարող է լինել էլ ավելի կործանարար արհավիրք: