Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքահայերը և հայրենադարձները բողոքի ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության առջև՝ դժգոհելով դրա հնարավոր լուծարման մասին կառավարության որոշման դեմ:
Աստղիկ Փանոսյանը, որը 14 տարի է` ԱՄՆ-ից եկել է Հայաստան` մշտական բնակության, պնդում է, որ Սփյուռքի նախարարությունը կարևոր դեր ունի հայրենադարձների և Սփյուռքից ՀՀ-ում հաստատված ընտանիքների համար, և որ ինչ-ինչ թերացումները չեն կարող նախարարության լուծարման առիթ դառնալ:
«Մենք կքաջալերենք Սփյուռքի նախարարությանը, կզգանք դրա անհրաժեշտությունը, որ դուրս եկողներն իրենց տունը գիտնան այստեղ և կապ պահեն նախարարության հետ: Ելնելով մեր փորձառությունից` պիտի ասեմ, որ Սփյուռքի նախարարությունը մեծ դեր է ունեցել իրականում, և եթե աշխատանքները լիարժեք կատարված չեն, դա չի նշանակում, որ Սփյուռքի նախարարություն չպետք է լինի: Սփյուռքի նախարարությունը չի կարող մասնաճյուղ լինել, այն պետք է ինքնավար լինի: Կրկնում եմ՝ այն տարբեր ձևերով օգտակար է եղել՝ իրաքահայեր, լիբանանահայեր, իրանահայեր, սիրիահայեր եկան Հայաստան այս տարիներին, և որոշ չափով Սփյուռքի նախարարությունն իր կարողության սահմաններում օգտակար եղավ, եթե` ոչ ավելին: Անշուշտ, եղան գանգատներ, ի վերջո, ժողովուրդ ենք, և միշտ կհուսանք, որ ավելի լավը պիտի լինի, այսինքն՝ ոչ հուսադրող բաներ եղան, բայց կրկնում եմ՝ սա չի կարող պատճառ դառնալ նախարարության լուծարման, այն էլ` մի երկրում, որը մեծ Սփյուռք ունի»,- ընդգծեց նա՝ նշելով, որ ապագան չի կարող կանխագուշակել, բայց մի բան հստակ է՝ Հայաստանն ու Սփյուռքը շաղկապված են, մեկն առանց մյուսի չի կարող:
2003-ին Իրաքից Հայաստան եկած հասարակական գործիչ Վարանդ Պետրոսյանն իր հերթին հավելեց, որ մինչև Սփյուռքի նախարարության ստեղծումը խառնաշփոթ վիճակ էր, չգիտեին, թե ում դիմեն, բայց Սփյուռքի նախարարության հիմնումից հետո իրենց խնդիրներն ամփոփվեցին մեկ տեղում:
«Այսինքն՝ իրաքահայերը կդիմեին, և իրենց հարցերն այդտեղ արդեն լուծում կստանային: Չեմ ասում, թե 100 տոկոսով բոլոր հարցերը լուծված են, կամ նախարարությունն անթերի է, իհարկե՝ ոչ, բայց այն կարևոր օղակ է: Սփյուռքում գործող հզոր կառույցների կարծիքը պետք է հարցնեին՝ եթե պիտի փոխվի մի բան, ի՞նչ պիտի փոխվի: Ես կարծում եմ՝ Սփյուռքի նախարարությունը ոչ թե պետք է վերացնել, այլ ավելի հզորացնել: Վարչությունը չի կարող հասցնել Սփյուռքի հետ կապված բոլոր հարցերը լուծել: Ասում են, որ ԱԳՆ-ի մեջ բաժին է լինելու, բայց չէ՞ որ մենք ոչ բոլոր երկրների հետ դիվանագիտական կապեր ունենք, ինչպե՞ս պիտի անեն: Մինչդեռ Սփյուռքի նախարարությունն աշխարհի բոլոր երկրների կազմակերպությունների հետ կապը պահել է և մեծ արդյունքի հասել»,- շեշտեց նա՝ պնդելով, որ այս որոշումը Հայրենիք-Սփյուռք կապի տեսանկյունից բացարձակապես շահեկան չէ, ուստի պետք է վերանայել այն: