կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-27 10:09
Հասարակություն

Ժիրայր Ռեիսյանն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

Ժիրայր Ռեիսյանն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի հայազգի պատգամավոր, Բերիո թեմի Ազգային Առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Սիրիայում հայ համայնքի անվտանգությանն ու պահպանմանն ուղղված նրա ջանքերը:

Ժիրայր Ռեիսյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և նշել, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը կարևոր հարթակ էր, որտեղ տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները կարողացան հանդիպել և քննարկել իրենց հուզող հարցերը, կարծիքներ փոխանակել, նոր ծրագրեր ներկայացնել:

Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակից, համայնքային գործիչը հավելել է. «Պատերազմի ծանր տարիներն անցել են, բայց դա չի նշանակում, որ տակավին գոյություն չունեն դժվարություններ: Սիրիահայերը պատերազմի տարիներին տեղափոխվել էին տարբեր երկրներ, ես սա գաղթ չեմ համարում, այլ տեղափոխություն՝ անվտանգությունից ելնելով: Մարդիկ վտանգի մեջ գտնվող քաղաքներից առավել անվտանգ վայրեր են տեղափոխվել: Այժմ շատ սիրիահայեր են վերադարձել Հալեպ, այդ թվում, եվրոպական երկրներից, Հայաստանից: Իհարկե, խնդիրներ կան, սակայն պայմանները բարելավվում են»:

Նա նաև հայտնել է, որ Հալեպում ներկայումս բնակվում է մոտ 18 հազար հայ, իսկ ամբողջ երկրում հայերի թիվը հասնում է շուրջ 28 հազարի:

ՀՀ սփյուռքի նախարարություն