Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ որոշմամբ դատարանը դուրս է եկել միջնորդության շրջանակներից և միմյանց հակասող գնահատականներ կատարել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել դատական ակտը, Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքը։ Ըստ այդմ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։
Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել է բողոքը։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, որը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել։
Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը ևս բողոքարկվել է՝ թե դատախազության, թե՛ Առուշ Առուշանյանի փաստաբանների կողմից, սակայն բողոքը դեռ մակագրված չէ։
Փաստաբան Սերգեյ Մարաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ Պրոբացիայի ծառայության միջնորդությունը չէր կարող բավարարվել, միջնորդությամբ նշված չի եղել, թե ինչպես է խուսափում Առուշանյանը պատժից, միջնորդությամբ միայն սահմանված էր, որ դատական ակտ կա, որ չպետք է պաշտոնավարի, բայց շարունակում է պաշտոնավարել, մինչդեռ, օրենքը սահմանում է, թե ինչպես է պատիժը կատարվում՝ դիմում են համապատասխան աշխատանքի վայրի վարչակազմին, որը որոշում պետք է կայացնի՝ պաշտոնավարումը դադարեցնելու։ Այս դեպքում ավագանին նման որոշում չի կայացրել, քանի որ համայնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մեջ բացակայում է դատավճռով նշանակված պատժի կատարման նպատակով՝ լիազորությունների դադարեցում, ինչը Պրոբացիայի ծառայության կողմից դիտվել է որպես պատժից խուսափում, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ՝ պատժից խուսափել այստեղ չկա, դատապարտյալը չունի պարտականություն։ Ինչ վերաբերում է պնդումներին և դատարանի դատողությանը, թե կարող էր հրաժարական տալ, ապա քաղաքացու վրա նման պարտականություն չի կարող դրվել, դա կեղծ թեզ է։ Օրենքով միայն տուգանքի և հանրային աշխատանքի դեպքում է պարտականություն դրվում քաղաքացու վրա, որևէ այլ պատժի դեպքում նման պարտականություն դրված չէ։
«Երկու հարց է քննարկվում, մեկը քաղաքական կոմպոնենտ ունի այնքանով, որքանով անվստահություն հայտնելն իրավական հարց չէ, քաղաքական է, իսկ հրաժարական ներկայացնելը՝ մարդու հայեցողական իրավունքն է, ինքն է որոշում՝ հրաժարվել իրեն տրված քվեներից, թե՝ ոչ, հետևաբար, դա դատական ակտի հետ կապ չունի»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ չկա ընթացակարգ՝ համայնքի ղեկավարին՝ դատավճռի հիման վրա՝ որոշակի պաշտոնից զրկելու, պաշտոնանկ անելու կարգ, օրենք չկա դրա համար, օրենսդրական բաց կա, պետք է օրենքը փոխել, սահմանել կարգը, որ հնարավոր լինի նման պատիժներն ի կատար ածել։ Բացի այդ, պատիժն այլ պատժով փոխարինելու կարգը նախատեսված է նոր Քրեական օրենսգրքով, Առուշ Առուշանյանին վերագրվող հանցանքները կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով գոյություն չի ունեցել՝ պատիժը մեկ այլ պատժով փոխարինելու հիմքեր, կարգ, պայմաններ, ժամկետների հաշվարկ։ Այլ խոսքով՝ առաջին ատյանի դատարանը անձի իրավիճակը վատթարացնող քրեական օրենքին հետադարձ ուժ է տվել՝ որոշում կայացնելով փոխել որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելուպատիժը՝ ազատազրկմամբ, նշանակվել է պատիժ նոր օրենսգրքով, որը հանցանքը կատարելու պահին գոյություն չի ունեցել։
«Սա երկրորդ կուրսի դասագրքային մակարդակի ճշմարտության մասին եմ խոսում։ Բացեք ցանկացած իրավաբանական ֆակուլտետի քրեական իրավունքի երկրորդ կուրսի ընդհանուր մասի դասագիրք, ուղիղ գրված է՝ այն օրենքը, որը նոր է ընդունվել, հանցանքը կատարելու պահին չի եղել, չի կարող հետադարձության կարգով կիրառվել, եթե այն անձի իրավիճակը վատթարացնող է, չկա օրենք՝ չկա հանցագործություն, չկա օրենք՝ չկա պատիժ։ Դատախազն՝ դատական նիստում իր ճառով և դատարանը՝ իր որոշման մեջ՝ ամբողջությամբ նենգափոխել են քրեական իրավունքի կոնցեպտը, վերցրել են անալոգիա են անում Քրեակատարողական օրենսգրքի հետ։ Քրեակատարողական օրենսգիրքն այլ սկզբունքներով է աշխատում, գործում է՝ դատավճռի կատարման սկզբունքով, որ պահին դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում, ինչ կատարողական օրենք կա՝ դա էլ պետք է կիրառես։ Դրա համար իրավունքի տեսության մեջ երկու մոդել կա՝ նյութական օրենք և ընթացակարգային։ Նյութական օրենքը՝ քրեական օրենքն է, քրեակատարողականը և քրեական դատավարականը՝ ընթացակարգային, որոնք միշտ աշխատում են իրենց գործողության ժամանակի սկզբունքով, իսկ քրեական օրենքը՝ հանցանքը կատարելու պահի սկզբունքով։ Վերցրել մանիպուլյացրել են փաստերը, ասում են՝ քանի որ դատավճիռը նոր է ուժի մեջ մտել, նոր են ծագել դատավճիռը կատարելու հետ կապված հարաբերությունները, դրա համար կիրառում են նոր քրեական օրենսգիրքը»,- նշեց Մարաբյանը՝ ընդգծելով, որ նոր քրեական օրենսգիրքը կարող էր կիրառվել, եթե այն անձի իրավիճակը բարելավող լիներ։
Մարաբյանի խոսքով՝ ամբողջ իրավական դաշտը մանիպուլյացվել է, չի կարելի օրենքի հետ նման կերպ վարվել, մեկնաբանություններ հորինել՝ փորձելով կոնկրետ իրավիճակում լուծում տալ, երբ կոնկրետ իրավիճակը «վակուումային» է, կա օրենսդրական բաց և չի կարող ի կատար ածվել դատական ակտը՝ օրենքի տեսանկյունից։ Իսկ թե ինչու պաշտպանության կողմի պնդումները դատարանը հիմք չի ընդունել՝ փաստաբանը նշեց, որ դատարանը մեկ նախադեպի վրա է հիմնվել, որը նրան սխալ տեղ է դրել։ Մասնավորապես, եթե տուգանքն անձը չէր վճարում, այն փոխարինվում էր հանրային աշխատանքով, նոր օրենսգրքով նախատեսվել է, որ մինչև հանրային աշխատանքով փոխարինելը պետք է տեսնել՝ գույք ունի՝ բռնագանձել, ուստի հարց էր առաջանում, թե արդյոք նախկին պատիժների նկատմամբ պետք է կրառվի միջանկյալ միջոցը և, Վճռաբեկ դատարանը, մեկնաբանելով հարցը, նշել է, որ պետք է անհատական գնահատել՝ կախված իրավիճակից, որոշ դեպքում՝ դա անձի իրավիճակը կարող է բարելավել, որոշ դեպքերում՝ վատթարացնել, նշվել է, որ դա ոչ թե պատիժ նախատեսող կանոն է, այլ՝ քրեաիրավական ներգործության։ Դատարանն այս դատական ակտի հետ է փորձել անալոգիա անել, մինչդեռ, փաստաբանի գնահատմամբ՝ անալոգիան սխալ է, դատարանը սխալ է մեկնաբանել Քրեական օրենսգրքի 61 հոդվածը, մեկնաբանության համար հիմք հանդիսացաղ նախադեպը բացարձակապես սխալ են, նախադեպը կիրառելի չէր, քանի որ հոդվածը պատիժ սահմանող է, այն չի կարող հետադարձ ուժ ունենալ։
«Փաստացի անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ է տրվել՝ այդ ամենը փաթեթավորելով, որ իբր սա ոչ թե անձի վիճակը խստացնող քրեական օրենք է, այլ՝ ընդամենը քրեակատարողական բնույթի օրենք՝ նախատեսված է քրեական օրենսգրքում, իսկ քանի որ Քրեակատարողական օրենքը գործում է այն ժամանակ, երբ դատական ակտը կատարվում է, ուրեմն կարող են դրանով առաջնորդվել։ Դա է ամբողջ մեկնաբանությունը։ Հիմա նույն մեկնաբանությամբ դատախազը բողոք է ներկայացրել, քանի որ երկու կտոր ուներ։ Դատարանը մի մասով բավարարել էր, մյուս մասով՝ մերժել։ Ըստ նոր օրենսգրքի, եթե անձը երկու հանցանքի համար է դատապարտվել, մեկով՝ ազատազրկում է տրվել, բայց պայմանականորեն չի կիրառվել, իսկ մյուսով այլ պատիժ է նշանակվել՝ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկել և այլն, երբ երկրորդ պատիժը փոխարիվում է, օրենքն ասում է, որ պետք է պայմանականորենն էլ պետք է վերացվի, համակցության մեջ պատիժ նշանակվի։ Նախկին օրենսգրքով նման բան նախատեսված չէր»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանը նույն դատական ակտում միմյանց հակասող գնահատականներ է գրել, սկզբում հիմնավորել է մի բան, հետո՝ հերքել, մի մասով՝ հետադարձ ուժ է տվել, մյուս մասով՝ ոչ։ Վերաքննիչ դատարանը պետք է այժմ գնահատի, թե որ օրենքն է այստեղ կիրառելի։ Այլ խոսքով՝ նշված դեպքում առկա է և՛ օրենսդրական բաց, ինչի վերաբերյալ անելիք ունի ԱԺ-ն, և՛ դատական պրակտիկայի խնդիր, քանի որ դատարանները պետք է արգելեն հետադարձ ուժը։ Ընդ որում, փաստաբանը նաև որպես փաստարկ դատական ակտ է ներկայացրել՝ նշելով, որ նախկինում Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը՝ նախկին օրենքով սահմանված պատիժը նոր օրենքով սահմանված պատժով փոխարինելու վերաբերյալ մերժվել են, որոնք չեն բողոքարկվել։ Նման բազմաթիվ դատական ակտեր կան։ Մարաբյանի գնահատմամբ՝ այս պարագայում փաստացի ստացվել է, որ թե՛ դատախազությունը, թե՛ դատարանը շեղվել են պրակտիկայից, թե ինչու՝ չգիտի, բայց ակնհայտ է, որ բոլորը հավասար են օրենքի առջև, այն պետք է բոլորի նկատմամբ կիրառվի նույն կերպ, հակառակ դեպքում՝ գործ ունենք խտրական վերաբերմունքի, օրենքի առջև հավասարության հիմնարար սկզբունքի խախտման։
Ընդ որում, եթե նույնիսկ դատական ակտն ուժի մեջ մտնի, միևնույն է, խնդրի առաջ են բախվելու, քանի որ եթե անձը տեղափոխվի ՔԿՀ, միևնույն է, դրանից նրա պաշտոնավարումը չի դադարեցվելու, պետք է միջնորդեն ավագանուն՝ լիազորություններ դադարեցնելու համար, կրկին փակուղում են հայտնվելու, քանի որ նման հիմք չկա։
«Օրենսդրական վակուում է, մի մեծ ամբողջ անօդ տարածություն է, չկարգավորված ոլորտ է։ Քրեական օրենսգիրքն ընդունելուց հետո պետք է նաև փոփոխություններ մտցվեր այլ հարակից օրենքներում, որ խնդիրը լուծվեր։ Ասում են՝ դատավճիռը պետք է կատարվի, այո, եթե կա դատավճիռ, ապա այն պետք է կատարվի, բայց դատավճիռ կատարելը չի կարող օրենքից դուրս լինել, այն պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով և օրենքով սահմանված շրջանակներում, հակառակ դեպքում՝ կունենանք կամայականություն՝ իրավական պետությունում։ Դատավճռի կատարումն օրենքից դուրս՝ կամայականություն է։ ԱԺ-ն ժամանակին թերացել է, համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մեջ չի նախատեսել այս դատավճռով նախատեսված՝ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը որպես լիազորությունների դադարեցման հիմք և այդ հիմքի բացակայությունն այսօր հիմք է արվում դատախազության և դատավորի կողմից մեկնաբանվել այնպես, որ մեղադրյալը պետք է հրաժարական ներկայացնի կամ ազատազրկվի»,- ասաց նա՝ հավելելով, որ Պրոբացիայի ծառայությունն առհասարակ չպետք է միջնորդություն ներկայացներ, իսկ դատարանը՝ հինգ րոպեում մերժեր։
Բացի այդ, Մարաբյանը նկատեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ընդհանրապես չէր կարող քննել այս գործը, այն ընդդատյա էր Հակակոռուպցիոն դատարանին՝ նկատի ունենալով, որ կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ է։ Եթե վերաքննիչ դատարանն ընդունի փաստաբանի այս փաստարկը, ապա միանշանակ որոշումը բեկանվելու է, ուղարկվի Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։