Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առկա է հակասություն գործող օրենքների և Սահմանադրական կարգավորումների միջև, որոնք վերաբերում են գործադուլի իրավունքի իրացմանը:
Այս հակասության մասին բազմիցս ենք բարձրաձայնել: Բարձրաձայնել են նաև արհմիությունների ներկայացուցիչները, ոլորտի տարբեր մասնագետներ, տեղական և միջազգային փորձագետներ:
Սակայն այս խնդիրը շարունակվում է չլուծված մնալ:
Գործադուլի իրավունքի հակասահմանադրական սահմանափակումները բխում են նաև օրվա իշխանությունների քաղաքական ենթադրելի շահերից:
Ակնհայտ է, որ սոցիալ-աշխատանքային ոլորտում խնդիրներն առաջանցիկ կուտակվում են: Դրանց լուծումները հետաձգվում կամ ձախողվում են՝ ապաշնորհ կառավարման և հետևողականության բացակայության հետևանքով: Ականատեսն ենք լինում նաև հակասոցիալական փոփոխությունների, որի ցայտուն օրինակը եկամտահարկի համահարթեցումն էր: Իսկ այս ընթացքով անխուսափելի են աշխատողների և աշխատանք փնտրող գործազուրկների արդարացի բողոքները:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածով հստակ ամրագրված է՝ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք, որի իրականացման կարգը պետք է սահմանվի օրենքով: Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ գործադուլը աշխատողների աշխատանքի ժամանակավոր դադարեցումն է կոլեկտիվ աշխատանքային վեճերի լուծման նպատակով:
Մյուս կողմից, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածների համաձայն՝ արհեստակցական միությունն իրավունք ունի միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել գործադուլներ: Անօրինական գործադուլներ կազմակերպելու ու անցկացնելու համար արհեստակցական միությունը կրում է պատասխանատվություն:
Ի՞նչ է ստացվում:
Օրենքով սահմանված կարգով արհմիությունները կարող են կազմակերպել գործադուլ միայն կոլեկտիվ աշխատանքային վեճի առկայության դեպքում և բացառապես դրա լուծման նպատակով: Օրենքով կարգավորված չեն կոլեկտիվ աշխատանքային վեճով չպայմանավորված՝ տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության նպատակով գործադուլի կազմակերպման հետ կապված հարաբերությունները: Իսկ այս կարգավորման անհրաժեշտությունը ՀՀ Սահմանադրության պահանջն է:
Փաստորեն, կոլեկտիվ աշխատանքային վեճերից դուրս՝ արհմիությունների կողմից կազմակերպվող և անցկացվող գործադուլները կհամարվեն անօրինական, իսկ դրանց կազմակերպիչները կկրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Գործադուլին վերաբերող մեր երկրի օրենսդրական կարգավորումները հակասում են նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից (ԱՄԿ թիվ 87 կոնվենցիա, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 6-րդ հոդվածի 4-րդ կետ):
Մասնավորապես, գործադուլ հայտարարելու համար, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, այդ որոշումը պետք է ընդունվի տվյալ կազմակերպության աշխատողների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը կազմող աշխատողների համատեղ որոշմամբ: Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի կողմից մեր երկրին ուղղված 2014 թվականի եզրակացության համաձայն սահմանված այս շեմը խիստ բարձր է: Առաջարկվում է այդ շեմը իջեցնել՝ սահմանելով աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 50 տոկոսը:
Միջազգային կազմակերպությունների եզրակացություններով՝ գործադուլին վերաբերող ՀՀ օրենսդրական կարգավորումներում արձանագրված են նաև այլ անհամապատասխանություններ: Դրանց կանրադառնանք հետագայում:
Ամփոփելով. շարունակում է օրակարգային մնալ գործադուլին վերաբերող կարգավորումներում առկա հակասությունների և արհեստական խոչընդոտների վերացումը՝ համապատասխանեցումը Սահմանադրությանը և այս ոլորտում մեր երկրի վավերացրած միջազգային համաձայնագրերի պահանջներին:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող