կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 23:57
Առանց Կատեգորիա

Թե ինչո՞ւ հայկական կողմը պետք է հղում անի Վիեննային

Թե ինչո՞ւ հայկական կողմը պետք է հղում անի Վիեննային

Արցախյան հակամարտության հանգուցալուծման բովանդակային բանակցություններին վերադառնալու հետզհետե թափ հավաքող բարձրաձայնումները թույլ են տալիս ենթադրել, որ շուտով կդրսեւորվեն միջնորդական առաքելության աշխուժացման միտումներ:

 Բովանդակային մասը դեռեւս պարզ չէ, այսուհանդերձ որոշ երեւույթներ հիմք են ծառայում կանխատեսումների եւ առ այդ հուշում են պետական դիրքորոշումների վերաբանաձեւումներ կատարելու մասին: Պաշտոնական Մոսկվայի հրապարակած առաջադրանքը` արտաԵԱՀԿյան շրջանակներում  երկխոսության ձեռնարկելու, բնականաբար անտարբեր չի թողնում դիպաշարին հետեւողին:

 Մեկ անգամ չէ, որ ԵԱՀԿ -ի ձեւաչափից դուրս բանակցությունները միջազգային այլ միջավայր տեղափոխելու պահանջ-առաջարկ արծարծել էր Բաքուն, տարբեր առիթներով: Լավրովի այս պատկերացմանն անպայման կարձագանգի պաշտոնական Բաքուն, եթե ոչ անպայման ուղղակի եւ անմիջական այլ` անուղղակի եւ գուցե տարբեր պարունակում:

 Մինչեւ Դուշանբեի պայմանավորվածությունը` հայկական կողմը իր պաշտոնական դիրքորոշումը` բովանդակային բանակցությունների վերադառնալու, պամանավորում էր նախ հրադադարի երաշխավորման համար Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում հնչած առաջնահերթությունների իրացումով:

 Ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց, Վիեննայում կայացած հանդիպմանը հայտարարություն հրապարակվեց հիմնական երեք կետերի մասին.

 Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտու վրա ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները:

 Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրականացումից  չշեղվելու անհրաժեշտությունը:

 Գ. Համաձայնություն է գոյացել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման եւ ԵԱՀԿ -ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար:

 Առաջին հայացքից երկրորդ կետը քաղաքական առավելութուն  էր ապահովում հայկական կողմին, պարզապես 94-ի հրադադարի նշումով: Սա հրադադարի այն համաձայնությունն է, որին հղում էր արվում այս ձեւով, ուր Ստեփանակերտը իբրեւ առանձին քաղաքական միավոր էր ստորագրել միջազգային պայմանագիրը: Սա ինքնին մղում է ենթադրել, որ հետագա որեւէ պայմանագիր պետք է ունենար նաեւ Ստեփանակերտի ստորագրությունը:

Համանախագահները փաստորեն բովանդակային որեւէ համաձայնության համար անուղղակիորեն հուշում էին Ստեփանակերտի մասնակցությունը` պարզապես հղում կատարելով 94-ի հրադադարին:

 Երրորդ կետն առաջին տպավորությամբ ունի զինվորական նշանակություն: Երաշխավորել շփման գծի անվտանգությունը, համապատասխան սարքերով օժտել այն եւ հետաքննել հրադադարի խախտման դեպքերը՝ այս բոլորի  համար ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայայցուցչի լիազորությունները:

 Վիեննայով փաստորեն կարեւոր առաջադրանքային կետեր պայմանավորվածության տեսք էին ստանում: Հղում էր կատարվում Ստեփանակերտին իբրեւ քաղաքական անկախ միավորի. ԵԱՀԿ-ն զուտ բանակցային միջնորդի կարգավիճակից անցում  էր կատարում շփման գծի անվտանգության երաշխավորի եւ հետաքննողի: Փաստորեն Բաքուն հարված էր ստանում` բանակցային գործնթացը ԵԱՀԿ -ի շրջանակներից դուրս բերելու իր քաղաքականության կիրառման ընթացքում: Վիեննայի որոշումները արգելակելու Բաքվի պատասխանը պարզ էր:

Հայկական կողմը մնայունորեն հղում պիտի կատարիՎիննային ոչ թե բովանդակային բանակցություններից խուսափելու համար, այլ Ստեփանակերտի իբրեւ անկախ կողմ, բանակցային սեղան վերադարձնելու (ինչը իբրեւ առաջադրանք վերահաստատվել է նորահաստատ իշխանությունների կողմից): Նաեւ, իհարկե, իբրեւ գործնական միջոց` մշտադիտարկման կահավորումը կատարելագործելով, հետաքննման գործողություններին սատարելով անվտանգության երաշխավորումը ամրակայելու միտումով:

 Այս բոլորը պարզ են զինվորաքաղաքական իմաստով: Քաղաքական տրամաբանությամբ պետք է բացատրել նաեւ այն, որ Բաքուն ժամանակաւորապես չկրակելու եւ ուղիղ կապ հաստատելու պայմանավորվածության իմիտացիայով ըստ էության փորձ  է կատարում տապալելու Վիեննան եւ խնամքով շրջանցելու այնտեղ բանաձեւված կետերը: Դուշանբեի պայմանավորվածության արդյունքները ավելի շոշափելի են, քան Վիեննայի:

 Բաքուն պարզապես արգելակում է ԵԱՀԿ-ի լիազորությունների ընդլայնումը, իմանալով նաեւ, որ մշտադիտարկման եւ հետաքննության մեխանիզմների կահավորումն ու այնտեղ իրականացվող մնայուն մշտադիտարկման առաքելության իրականացումը ենթադրում է փաստացի սահմանների նվիրականացում եւ իրողական ճանաչում:

 Ըստ էության, Վիեննան, բովանդակային բանակցության կարեւոր փաստաթուղթ է, որին մնայունորեն հղում կատարելու բոլոր պատճառներն ունի հայկական կողմը։

 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր