կարևոր
5470 դիտում, 7 ամիս առաջ - 2024-07-11 16:07
Հասարակություն

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». կայացել է Փարաջանովին նվիրված ֆիլմի ցուցադրությունը

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով». կայացել է Փարաջանովին նվիրված ֆիլմի ցուցադրությունը

Մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին չանդրադառնալը և փարաջանովյան շունչը չվերհիշելը մեծագույն շռայլություն  կլիներ: Այդ իսկ պատճառով էլ հուլիսի 8-ին Կինոյի տանը տեղի ունեցավ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմի փակ ցուցադրությունը: Այն նվիրված էր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին:

Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերը ու հեղինակը Զառա Ջյանն էր, որն իր խոսքը սկսեց շնորհակալական խոսքով՝ դիմելով բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն էին ունեցել ֆիլմի կայացման գործում: Զ. Ջյանն իր խոսքում շեշտեց, որ ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և հասարակ ու բոլորին հայտնի կենսագրության ներկայացում չէ:   

«Սա ֆիլմի հեղինակի ճանապարհն է, որ նա անցնում է՝ փորձելով գտնել լուծումներ ներկա իրադարձությունների վերաբերյալ, փորձում հասկանալ՝ ինչ ընտրություն անի։ Սերգեյ Փարաջանովը ցանկացած իրավիճակում շարունակում էր աշխատել։ Ստեղծագործում էր նաև բանտում», - իր խոսքում նշեց Զառա Ջյանը:

Ռեժիսորին իր օրինակով ոգեշնչել է Փարաջանովը, երբ անգամ խորհրդային դժվար ժամանակներում չի կորցրել ստեղծագործելու, արարելու ունակությունը։

Փարաջանովը ծնվել է Վրաստանում, բայց ստեղծագործել է այլ երկրում: Նա ասում էր, որ ինքը հայ է, որը ծնվել է Վրաստանում, ստեղծագործել է Ուկրաինայում և մահանալու է Հայաստանում:

Ֆիլմը սկսվում է մեծանուն ռեժիսորի խոսքերով, դա Հայաստանի, իր դեմ առաջադրված մեղադրանքի, Լեռնային Ղարաբաղի ու այլ թեմաների մասին Փարաջանովի հարցազրույցն է, որից հետո խոսում են իր ընկերները։

Ֆիլմում դերասաները Փարաջանովի ընկերներն են: Նրանք ֆիլմում խոսում են, վերհիշում միասին անցկացրած ժամանակները, առաջին հանդիպման մասին, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին։

Նրանք էին`  Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Չուլպան Խամատովան, Լորա Գուերան, Էմիր Կուստուրիցան, Ժուել Շապրոնը, Տարսեմ Սինգհը, Ալի Խամրաևը և Լևոն Աբրահամյանը, որոնց կրկին միավորել էր մեծն ռեժիսորը։

Քանի որ ընկերները տարբեր ազգերի էին պատկանում, այդ իսկ պատճառով ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Լատվիայում։

Փարաջանովի՝ իրեն բնութագրած տողերը նույնպես տեղ էին գտել ֆիլմում. «Ես հայ եմ, որը ծնվել է Վրաստանում, և հայտնվել եմ ռուսական բանտում ուկրաինական նացիոնալիզմի պատճառով»:

 

Նատալի Մինասյան

ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ,

լրագրության բաժին,

4-րդ կուրս