Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-12-12 13:53
Քաղաքական

Խորհրդարանական դիվանագիտության մեջ գուցե չլինի նախկին պատրաստվածությունը. Թևան Պողոսյանը` խորհրդարանի պրոֆեսիոնալիզմի մասին

Խորհրդարանական դիվանագիտության մեջ գուցե չլինի նախկին պատրաստվածությունը. Թևան Պողոսյանը` խորհրդարանի պրոֆեսիոնալիզմի մասին

Ապացուցեցինք` կարող ենք կազմակերպել և իրականացնել ընտրություններ, որոնց արդյունքները, լեգիտիմության հարցը կասկած չեն հարուցում. լրագրողներին այսօր ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով` ընտրությունների գնահատականը պետք է հանրությունը տա: «Դա հանրության ընտրությունն էր. գիտակցաբար են արել, թե` ոչ գիտակցաբար, կարևոր չէ, կարևորն այն է, որ ժողովրդի կամքն արտահայտվել է»,- ասաց Պողոսյանը:

Իսկ գրանցված արդյունքների գնահատականն էլ, ըստ նրա, պետք է տան մասնակից ուժերը: «Խորհրդարան չանցած ուժերը պետք է գնահատեն, թե ինչպիսի սխալներ կամ բացթողումներ են թույլ տվել և, ըստ դրա, հասկանան` ապագայում ինչ պետք է անեն: Նրանք չպետք է թևաթափ լինեն, եթե ունեն գաղափարներ, այլ ոչ թե ստեղծել են ինչ-որ միավորներ` այս ընտրությանը մասնակցելու համար»,- ասաց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարան անցած երեք ուժերին, նա խորհուրդ տվեց հենց այսօրվանից լծվել աշխատանքի` կյանքի կոչելու համար իրենց ծրագրերը:

Պողոսյանը հույս հայտնեց, որ հանրությունն ինչպես գնացել և արտահայտել է իր կամքն ընտրություններին, այդպես էլ պատրաստ է լինելու տեր կանգնել իր այդ կամքի արժեքին` վերահսկելու իմաստով: «Քաղաքական գործիչներն այլևս չպետք է ասեն` դարձել ենք մեծամասնություն, ինչ ուզում, անում ենք, նրանք պետք է ամեն օր գիտակցեն, որ ոչ միայն ինչ ուզեն, պետք է անեն, պետք է կյանքի կոչեն իրենց ծրագիրը: Իսկ պահանջատերն էլ պետք է լինի այն մարդը, որն այդ քվեն տվել է նրանց»,- շեշտեց Պողոսյանը:

Yerkir.am-ը Թևան Պողոսյանից հետաքրքրվեց` կիսո՞ւմ է հնչեցվող այն կարծիքները, թե այս խորհրդարանը պրոֆեսիոնալ առումով թույլ է և զիջելու է մինչ այս եղած խորհրդարաններին: Նա պատասխանեց, որ խորհրդարանում լինելու են շատ նոր դեմքեր: «Եթե մարդիկ նույնիսկ ոչինչ չանեն, 3-4 անգամ լինեն պառլամենտում, կողքից լսելով, նայելով` ինչ-որ բաներ կիմանան»,- կարծիք հայտնեց Պողոսյանը:

Նրա համար պրոֆեսիոնալիզմը միայն մասնագիտականը չէ, պետք է ընկալեն` ինչ է իրենից ներակայացնում խորհրդարանը, առավել ևս` խորհրդարանական կառավարման մոդելի երկրում: «Եթե չընկալեն, մեծ բաց կլինի, ինչպես նախկինում էր: Խորհրդարանը երբևէ չի կարողացել իրականացնել իր ամբողջ օրենսդրական իշխանությունը, քանի որ ունի ոչ միայն օրենք գրելու լիազորություն, այլ նաև` վերահսկելու, դառնալու այն ինստիտուտը, որտեղ մտքային բախումներ են լինում, կարծիքներ են քննարկվում, հավաքագրվում, վերլուծվում և նոր մոտեցումներ ձևավորվում: Ես ուրախ կլինեմ, որ, գուցե, նոր երիտասարդներն այդ նոր հնարավորությունները կունենան»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Պողոսյանը նշեց, որ պրոֆեսիոնալիզմի մասին հնարավոր կլինի խոսել մեկ տարի անց: «Այդ ժամանակ կհասկանանք` արդյո՞ք հիմա միայն կոճակ սեղմող կլինեն, թե՞ ոչ: Կտեսնենք` ինչպես են հետևելու օրենքների կարգավորմանը, արդյո՞ք չեն ընդունելու օրենքներ` հանուն նրա, որ ընդունեն, այլ մեկ տարի հետո էլ վերահսկելու են այդ օրենքը, նպաստե՞լ են  աշխատանքներին, խնդրի նպատակը լուծվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց նա և հավելեց. «Խորհրդարանական դիվանագիտության մեջ հասկանալի է` շատերը նոր են լինելու, և միգուցե չենք ունենալու նախկին պատրաստվածությունը, չեն տիրապետելու միջազգային վեհաժողովների կամ պառլամենտական կառույցների նրբություններին: Այստեղ է, որ գալու է  պրոֆեսիոնալիզմի ընկալման իմ պատկերացումը` պատրա՞ստ է լինելու պառլամենտը սովորել, թե ասելու է` մենք ամեն ինչ գիտենք: Երբ մենք լսենք` ցանկանում են սովորել, ցանկանում են աշխատել, ցանկանում են խորհուրդ հարցնել, բոլորին ներգրավելու են և միասին նոր մոտեցումներ են ձևավորելու, կասենք, որ այս պառլամենտն ավելի շատ պրոֆեսիոնալ է` ճիշտ պառլամենտական երկրի մոդել ձևավորելու իմաստով, քան նախկինները: Որոհետև նախկինում ասել են` ես ամեն ինչ գիտեմ, ինձ բան պետք չէ սովորել: Այս դաշտում պետք է խնդիրը քննարկել»: