կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-19 11:56
Հասարակություն

Հույսը մի բան է, հնարավորությունը` այլ. Թևան Պողոսյանը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Հույսը մի բան է, հնարավորությունը` այլ.  Թևան Պողոսյանը` Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Դեկտեմբերի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել են զինված բախումները: Ցավոք, հայկական կողմն այդ բախումների ընթացքում մեկ զոհ է ունեցել:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց` թեև սահմանային լարվածությունը հաճախակի է դարձել, բայց վերջին օրերի լարվածությունը պայմանավորված է Սարգսյան-Ալիև` առաջիկայում կայանալիք հանդիպումով:

Ըստ նրա` ցանկացած հանդիպում էլ դրական և հուսադրող է, բայց հույսը մի բան է, հնարավորությունը` այլ բան: «Պետք է գիտակցենք` ինչի համար է այս հանդիպումը: Մեկ տարուց ավելի Մինսկի խմբի համանախագահները փորձում են երկու կողմերի միջև հանդիպում կազմակերպել,  որպեսզի կարողանան ինչ-որ բաների մասին պայմանավորվել, որպեսզի սահմանին իրավիճակը չլարվի: Եթե կկարողանան ճնշումներ գործադրել և Ադրբեջանին բացատրեն, որ չի  կարելի այսպես վարվել, լավ կլինի, եթե չկարողացան, ապա կունենանք  պարզապես հերթական հանդիպումը: Այնուամենայնիվ, հույս կա, որ հանդիպումը դրական կազդի»,- ասաց Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով` մտածել, որ նախագահների հանդիպումից հետո հարցն անմիջապես լուծվելու է, և հաջորդ օրն Ադրբեջանն այլևս չի կրակելու, սխալ կլինի: «Մենք գիտակցում ենք` մեր թշնամին ով է և ինչ լեզու է հասկանում: Այդ լեզուն ուժի լեզուն է, և պետք է Ադրբեջանի ջարդը ճիշտ տանք: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք շատ զոհեր: Դա ապացուցում է, որ պատերազմը չի ավարտվել, առաջնագծում մենք ունենք պատերազմ և այդ հոգեբանությամբ պետք է ապրենք: Ցանկացած հանդիպումից առաջ Ադրբեջանը փորձում է իրավիճակը լարել, քանի որ մենք դա գիտենք, պետք է զգույշ լինենք: Ես վստահ եմ, որ ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակները գիտակցում են և պատրաստ են հետ  մղել բոլոր դիվերսիոն գործողությունները: Պատերազմի գինն էլ վիրավորներն ու զոհերն են, և մենք մեր տղաների կյանքին պետք է նայենք որպես հերոսների կյանքի և թևաթափ չլինենք: Որևէ մեկը չի ասում, որ վաղը հարցի լուծում է լինելու: Այնպես որ` պետք է ամեն  ինչ անել, որ մեր հասարակությունը, մեր երկիրը, մեր տնտեսությունը պատրաստ լինեն մարտահրավերներին»,- ասաց Թևան Պողոսյանը:

Ըստ նրա` Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանին պետք է հասկացնել` որևէ  ռազմական միջոցով չեն կարողանալու խնդիրը լուծել, իսկ հայկական կողմը պետք է շեշտի, որ ցանկացած պարագայում, միշտ էլ դաս է տալու: