կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-07 15:14
Առանց Կատեգորիա

Հայաստանում կանանց քաղաքական ներուժի չնչին մասն է օգտագործվում

Հայաստանում կանանց  քաղաքական ներուժի չնչին մասն է օգտագործվում

Yerkir.am-ի զրուցակիցն է, տնտեսագետ, ԱԺ արտահերթ ընտրություններում Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող համար 3 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Աննա Պարսյանը։

 

- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել և ինչո՞ւ` ՀՅԴ ցուցակով։

- Երկար տարիներ աշխատելով կրթության ոլորտում, քաջատեղյակ լինելով կրթության և երիտասարդության, ինչպես նաև Հայաստանի ագրարային ոլորտի խնդիրներին՝  որոշեցի կուտակած փորձս ներդնել դրանց լուծումների որոնումներում: Չլինելով կուսակցական` բազմաթիվ առիթներ եմ ունեցել մասնակցելու ՀՅԴ-ի կողմից կազմակերպված քաղաքական, մշակութային և բարեգործական միջոցառումներին, համակիր եմ կուսակցության գաղափարախոսությանն ու ծրագրերին։

- Ինչո՞վ է առանձնանում Ձեր նախընտրական ծրագիրը մյուսներից: Ծրագրային մի քանի կարևորագույն դրույթներ կառանձնացնե՞ք:

–Չեմ ուզում ո´չ անթիվ խոստումներ տալ, ո´չ էլ մյուսներին վատաբանել: Օրենսդիր մարմնում դեռևս փորձ չունեմ, բայց վստահ կարող եմ ասել, որ կփորձեմ առավելագույնս արդարացնել բոլորի սպասելիքները: Երկար տարիներ աշխատելով Հայաստանի պետական ագրարային համալսարանում ՝ ամենակարևոր դրույթը, որ կառանձնացնեմ, կրթության դերի բարձրացումն է: Պետք է ոչ թե ամպագոռգոռ կոչերով, այլ դիպլոմավորված ուսանողին աշխատանքի ապահովման երաշխիքներ տալով հասնել խնդիրների լուծմանը։ Ներկայումս, երբ ուզում են ժամանակակից երևալ, երկրի տնտեսության զարգացման հարցում գերակա են հայտարարում տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի ոլորտները, այն դեպքում, երբ մեր աշխատուժի 34 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության ոլորտում, այսինքն՝ այս ոլորտն է մեր ազգաբնակչության մեծ մասի հացն ապահովում: Ես վստահ եմ, որ ժամանակակից և բարձր արտադրողական գյուղատնտեսությունը դեռ իր ասելիքն ունի 21-րդ դարում:

- Բուհական կրթության ոլորտին առնչվող ի՞նչ առանցքային խնդիրներ կան, որոնց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր ունեք:

–Այսօր բուհական կրթության ոլորտը ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ուշադրությանն արժանի առանցքային ոլորտներից է, քանի որ այնտեղ է ձևավորվում վաղվա աշխատանքային շուկան: Սակայն այսօրվա դիպլոմավորված մասնագետը հիմնականում`70 %-ով, չի բավարարում գործատուների պահանջներին: Սա խոսում է ուսուցման հին մեթոդների, նորագույն տեխնոլոգիաների պակասի, նույնիսկ հասարակ նյութատեխնիկական անբավարար բազայի մասին: Ուսանողներն էլ, իրենց հերթին, բավարար շահագրգռված չեն կրթություն ստանալու հարցում:

- Հայաստանյան քաղաքական դաշտում արդյո՞ք նկատելի է կանանց ազդեցությունը:

- Իհարկե, հատկապես վերջին տարիներին հատուկ նկատելի և ողջունելի է կանանց ազդեցությունը քաղաքական դաշտում: Այնուամենայնիվ, նրանց քաղաքական ներուժի չնչին մասն է օգտագործվում:

- Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր վերականգնել կին-տղամարդ հավասարակշռությունը երկրի օրենսդիր մարմնում:

–Կին-տղամարդ հավասարակշռությունն օրենսդիր մարմնում հնարավոր է վերականգնել կանանց մասնակցության ընդլայնմամբ, որ կընդգրկի Ազգային ժողովի բոլոր օղակները՝ նախագահություն, հանձնաժողովներ, բարեկամական խմբեր և այլն: Կանայք ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ պետք է ունենան, սա արտոնություն չէ։ Կարծում եմ` ներկայումս հայ կանայք ունեն օրենսդիր մարմնում իրենց նշանակալի տեղն ունենալու բավարար խիզախություն։

- Ի՞նչ առանձնահատկություն ունի կինը քաղաքականության մեջ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կանացի մտածելակերպն օգնել ինչ-որ խնդրի ավելի ճիշտ լուծում տալուն:

- Դաշնակցության հեղափոխականությունը նաև նրա առաջադիմություն մեջ է. հայ կնոջ դերը հատուկ է կարևորվում ինչպես ընտանիքի, այնպես էլ պետության կայացման ու զարգացման գործում: Գիտելիքներով ու հմտություններով օժտված են բոլորը: Կարծում եմ՝ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում գտնելու հետաքրքիր տարբերակներ կարող են առաջարկել հենց կանայք: Առաջին Հանրապետության տարիներին հայ կանայք ունեին ընտրելու և ընտրվելու իրավունք, առաջին կին դեսպանն աշխարհում հայուհի Դիանա Աբգարն էր և այլն. սա պատահական չէր, քանի որ հայ կանայք մեծ ներդրում ունեին Ազատ և Անկախ Հայաստանի հիմնադրման գործում: Մենք շատ անելիք ունենք նաև հիմա, և կանանց ներուժից չօգտվելն աններելի է:

- Որքանո՞վ են այսօր Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները:

- Այսօր, իրոք, ՀՀ-ում կանայք իրավունքների պաշտպանության կարիք ունեն, հատկապես` մարզաբնակ կանայք: Ցավալի է արձանագրել կանանց և երեխաների նկատմամբ բազմաթիվ բռնությունները, սպանությունները: Անհրաժեշտ է բարձրաձայնել դրանց մասին, այլ ոչ թե լռել: Ծեծվելու և լռելու ավանդույթ մենք չունենք: Մեր հասարակությունը ցանկացած նման դեպքի մասին իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի:

Մ.Մ.