Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սիսիանում ընթանում է ՀՅԴ-ի քարոզարշավը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա անդրադարձավ այն փաստին, որ ներկայիս իշխանության ներկայացուցիչներից շատեր խուսափել են զինվորական ծառայությունից:
«Ասում են` հիվանդ ենք եղել, բանակ չենք գնացել: Ես հարգում եմ բոլոր` հիվանդություն ունեցող անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում անցնել զինվորական ծառայություն, բայց եթե մի կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը հիվանդ է եղել և բանակ չի գնացել, լուրջ կասկածի տեղիք է տալիս»,- ասաց Հրանտ Մարգարյանը:
Անդրադառնալով Արցախի կարևոր դերին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շեշտեց, որ Արցախով է սկսվել 28 տարվա մաքառումի պատմությունը: Անգամ` Արցախյան շարժման ֆոնին է, որ մենք անկախություն ենք ձեռք բերել: «Արցախյան ազատամարտի ֆոնին ինչքան մարդ է եկել իշխանության և հեռացել: Ինչքան մարդ է եկել իշխանության և գալուց հետո հիմնականում ունեցել մեկ նպատակ` ձերբազատվել Ղարաբաղի հարցից: Ընդունում եմ` մեր մեջ չկա մի հայ, որ չուզենա, որ Ղարաբաղը մերը լինի: Չկա՛ այդպիսի բան: Բայց ով ինչ գին է պատրաստ վճարել, որ Ղարաբաղը մերը լինի: Դա է ամենահիմնական հարցը: Ի՞նչ ես պատրաստ անել, որ Ղարաբաղը մնա հայկական, մնա մերը: Սրա մեջ է ամբողջ հարցի գաղտնիքը: Ոչ թե այն, որ մի մասը լավ հայ է, մի մասն էլ` վատ: Ո՛չ, մտածողության, աշխարհայացքի, մտածելակերպի հարց է: Այսօր մեկ այլ առիթով ասել ենք` ով Ղարաբաղի հարցով պարզ և հստակ չի խոսում, պարզ և հստակ չի ասում` ո՞րն է Ղարաբաղը, ի՞նչ հարցով ենք պատրաստ բանակցել, ինչի՞ համար ենք պատրաստ բանակցել, եթե ինչ-որ խուճուճ բառեր է օգտագործում, «եթե»-ներ է օգտագործում, չհավատա՛ք նրան, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված է, մենք այն մեծ զոհերի գնով ենք ձեռք բերել: Այդ նույն Ղարաբաղի համար հենց այս քառօրյա պատերազմին տվեցինք թանկագին զոհեր: Եվ պարզ է` Ղարաբաղն ինքնորոշված է, անկախ է, հայկական է, Ղարաբաղը Սահմանադրությամբ ճշտել է իր սահմանները, այդ սահմաններով է, որ հայկական է: Այդ սահմաններով է, որ մերն է, ու վե՛րջ»,-շեշտել է Հրանտ Մարգարյանը` նշելով, որ ՀՅԴ-ն բանակցելու ոչինչ չունի նրա հետ, ով չի ընդունում այս փաստը:
Տեղեկացնենք, որ մինչ Սիսիանի հանդիպումը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը գաղափարակից մարտական ընկերների հետ եղել է սահմանապահ ԽԱՉԻԿ գյուղում: