կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-15 15:54
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Արցախի հարցով ունենամ մտահոգություն, ամեն ինչ անելու եմ, որ այս իշխանությունները հաջորդ ընտրություններին չընտրվեն. Հրանտ Մարգարյան

Արցախից է փրկությունը. ըստ Yerkir.am-ի՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքի ընթացքում։

«Արցախից պետք է գա փրկությունը, արցախցին պետք է այնքան իմաստուն լինի, որ այդ լուծումը գտնի»,- ընդգծեց նա։

Հրանտ Մարգարյանը նշեց, որ Արցախը թեև առանձին չէ, շաղկապված է Հայաստանի Հանրապետությանը, բայց Արցախը գերխնդիր է։  

«Եթե ես մի օր վստահ լինեմ, որ այս իշխանությունն Արցախի հարցով տրամադիր չէ բան զիջել, պատրաստ է գնալ կռվել ու հաղթել, որովհետև կարելի է պարտվել կամա-ակամա, կարևոր է, որ դու ուզենաս հաղթել, եթե ինքն ուզում է  հաղթել, ես այս իշխանության հետ կհամագործակցեմ։ Ես խնդիր չեմ ունենա, որովհետև կարծում եմ՝ բոլոր մյուս խնդիրները երկրորդական կարևորություն կունենան։  Բայց եթե Արցախի հարցով ես ունենամ մտահոգություն, ամեն ինչ անելու եմ, որ այս իշխանությունները հաջորդ ընտրություններին՝ լինեն արտահերթ, թե՝ հերթական, չընտրվեն»,- նշեց նա։

Հրանտ Մարգարյանը խոսեց հաղթանակին և վաղվա օրվան հավատալու մասին մի պատմությամբ ազատամարտից. «1992 թվականն էր, Շուշիի ազատագրումից մի քանի ամիս առաջ ես և ողորմած Վահան Հովհաննիսյանը Ղարաբաղում էինք, հերթական այցելությունն էինք անում Ղարաբաղի տարբեր դիրքերում գտնվող մեր տղերքին։ Հերթը հասել էր Քարինտակ գյուղում գտնվողներին։

Բնականաբար, այնտեղ ամբողջ ցերեկը շարժ չկար, բնակիչ չկար, միայն կռվողներ կային։ Ցերեկը հնարավոր չէր գնալ, գնացինք գիշերը, ես գյուղը չտեսա: Բոլոր տղերքը դիրքերում էին, ամբողջ օրվա ընթացքում միայն գիշերը մթության մեջ էին դուրս գալիս։

Շուշին ազատագրվեց։ Հաջորդ օրն էր, առավոտյան քայլում էինք Շուշիի փողոցներում, և ես մտածում էի՝ ինչո՞ւ այսքան շուտ զիջեցին Շուշին, ինչո՞ւ այսքան հեշտ պարտվեցին։ Ինչո՞ւ այդպես դյուրին կարողացանք գրավել Շուշին, որ թվում էր անառիկ։ Հետո նկատեցի, որ բակերը մշակված չեն, պարտեզները մշակված չեն, ոչ մի բան մշակված չէ։

Չեմ իմանում՝ ինչու, որոշեցի թողնել Շուշին և գնալ Քարինտակ։ Գնացի, տեսնեմ՝ կաղամբ կա ցանած, բակերում կանաչի կա ցանած, մարդիկ գիշերը կանաչի են ցանել, որովհետև հավատացել են վաղվա օրվան, որ պետք է քաղեն և ուտեն։

Շուշեցին չէր հավատացել, դրա համար մենք կարողացանք ազատագրել, և ադրբեջանցիները չկարողացան պահել Շուշին»։

Հրանտ Մարգարյանի համար հստակ չէ՝ այս իշխանությունը պատրաստվո՞ւմ է պատերազմի, թե՞ ոչ և, եթե պատրաստվում է՝  հաղթելո՞ւ, թե՞ պարտվելու։ Նա անդրադարձավ երևույթների, որոնց եզրակացությունը թողեց հանրությանը։

«Եթե մի ղեկավարություն ժողովուրդ է ուզում ոտքի հանել և իրենից թվով ու հնարավորություններով ավելի մեծ ուժի հաղթել, պիտի միասնականություն ստեղծի, հայրենասիրություն ստեղծի, համախմբի, միասնական դարձնի ժողովրդին։ Մեր մեջ այսպե՞ս է, թե՞ օր օրի պառակտումը, քայքայումը, սև ու սպիտակը, ղարաբաղցի-հայաստանցին է, նվաստացումն է։

Ով փորձում է խոսել, հեռուստացույցով երկու անգամ ելույթ է ունենում, մի հատ կոռուպցիայի, թալանի հոդված կպցնում են պոչին։ Կոռուպցիան ու թալանը այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է հետապնդվեն, և հանցագործներին պատժեն, այլ տեռորի միջոց են։ Տեռորի միջոց են՝ քաղաքական միտքը, քաղաքական խոսքը խեղդելու համար»,- ընդգծեց Հրանտ Մարգարյանը։

Նրա համոզմամբ՝ այս ճանապարհով գնալով հնարավոր չէ կռվել և հաղթել։ Կռվելու և հաղթելու համար պետք է ունենալ ուժեղ, հզոր բանակ: «Մինչդեռ ի՞նչ է այսօրվա մեր բանակի վիճակը՝ վարկաբեկված սպայական կազմ, բանակ, որի մասին խոսում են միայն թալանի ու կոռուպցիայի մասով, որտեղ նույնիսկ ապրիլյան նահատակներն են քաղաքական շահարկման նյութ դառնում։

Այսպե՞ս ենք ուզում գնալ պատերազմ և հաղթել, այսպե՞ս ենք ուզում ունենալ բանակ՝ սպա և զինվոր մեկ ուժ դարձած, թե՞ սպան պիտի մտածի՝ վաղն իրեն դատելու են։ Այսպե՞ս ենք ուզում պատերազմում հաղթել»,- նշեց Հրանտ Մարգարյանը։

Քաղաքական լուծումների առումով ևս հակասությունների կծիկ ու շփոթ է՝ ասաց նա: «Երբ ասում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, դա կապ չունի ադրբեջանցիների հետ, ոչ էլ՝ աշխարհի հետ։ Դա ղարաբաղցիներին ասված խոսքեր են, որ՝ ե՛ս եմ քո վարչապետը, քո իշխանությունը շինծու է։ Դրա՛ համար է ասել դա, դա չի ասել ադրբեջանցիների համար, դա չի ասել աշխարհի համար»,- նշեց դաշնակցական գործիչը։

Այս խոսքերի հեղինակի համար, ըստ Հրանտ Մարգարյանի, էական չէ, որ բանակցային մարտավարություն է խախտում, կարևորը արցախցուն ուղերձը հասցնելն է։

«Էն որ ասում է՝ երեք կողմերի համար պետք է ընդունելի լինի լուծումը, և ասում է՝ Հայաստանի նախագահներից ոչ մեկը դա չի ասել, բայց ենթատեքստում ասում է՝ ես պատրաստ եմ մի բան ավելի զիջել, որ նախորդները պատրաստ չէին զիջել»,- ասաց նա:

Հրանտ Մարգարյանի դիտարկմամբ՝ այս անորոշությունն ու անհստակությունը պայքարող-մարտնչող ժողովրդի քաղաքական ղեկավարության կեցվածք չէ, քանի որ ժողովուրդը կմարտնչի, միայն եթե իմանա՝ որն է այն արդարությունը, որն ուզում է ձեռք բերել, ոչ թե անիմաստ անորոշ մի վիճակ։

«Ինձ կասեք՝ ի՞նչ անենք, առաջին բանը, որ ես կասեմ՝ չվախենաք։ Ամենամեծ երևույթը, որ այսօրվա Հայաստանի մեջ ես տեսնում եմ, վախն է։ Ո՛չ անպայման վախը ֆիզիկական հալածանքից, վախ՝ խայտառակ լինելուց, վախ՝ մարդկանց խոսակցության նյութ դառնալուց, վախ, որ կասեն՝ կոռումպացված է, թալանչի է, ու պետք է ապացուցես՝ ախր ի՞նչն եմ թալանել, որ պիտի սկսեն քեզ հայհոյել, ծնող հայհոյել, երեխա հայհոյել, քույր հայհոյել ինչ-որ կեղծանունների տակ։ Այդ վախն այսօր մեզ ավելի կաշկանդող է, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ՝ բռնեին, Սիբիր ուղարկեին»,- ասաց Հրանտ Մարգարյանը։

Հոգեբանական այս ազդեցությունն է նրանց նպատակը, ըստ Հրանտ Մարգարյանի, քանի որ մարդիկ կան, որոնց արժանապատվությունն իրենց կյանքից կարևոր է, և նրանք գիտեն՝ ինչպես ամենակարևորներին չեզոքացնել։

«Ամենաարժանապատիվներն ամենաշատ վախկոտն են՝ այս առումով, բայց իմ կոչն է՝ չվախենալ։ Չվախենանք ոչ մի բանից, չվախենանք ֆեյսբուքյան ֆեյքերից, թող ինչ ուզում են՝ ասեն, մի՛ ընթերցեք»,- ասաց նա։

Հրանտ Մարգարյանն ընդունում է, որ գաղափարի շուրջ պետք է հավաքվել, բայց համոզված է, որ դա բավարար չէ՝ կազմակերպվածություն է պետք, կազմակերպված գործի շուրջը պետք է համախմբվել. «Ես էսքան ասեմ, սրանից ավելի չասեմ»։

Նշենք, որ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը կազմակերպել է համաժողով՝ հանրային–քաղաքական արդիական թեմաներով: Համաժողովում քննարկվում են հետևյալ հարցերը՝

- Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),- հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

- հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

- դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):