Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրան եռօրյա այցի շրջանակներում «Ալիք» օրաթերթի խմբագրություն է այցելել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Քանի որ Արցախի հիմնահարցը և նրա հզորացումը միշտ եղել է Դաշնակցության առաջնային օրակարգում, օրաթերթը Արցախի հարցով վերջին զարգացումների մասին խոսել է Հրանտ Մարգարյանի հետ, ով շեշտել է, որ այսօր բոլորի համար խիստ հրատապ է Արցախի հիմնախնդիրը` իր բոլոր պատճառահետևանքային ցուցիչներով:
Դիատարկմանը, թե շրջանառվող հրապարակումներից արդեն կարելի է ենթադրել, թե այսօր որքանով է հարցը հրատապ ու վտանգավոր, և որ այսօր առաջնագծում տիրող իրավիճակը ուղղակի օգտագործվում է ներքին հարցերից ուշադրությունը շեղելու նպատակով, Մարգարյանը պատասխանել է. «Ես գիտեմ` հիմա ինչ-որ պիտի ասեմ, որոշ ուժեր փորձելու են հեգնել` ասելով, թե ամեն անգամ, երբ ներքին իրավիճակն անկայունանում է, ներքին օրակարգեր են առաջ գալիս, մենք փորձում ենք ուշադրությունը շեղել, նրանց կարծիքով՝ դեպի Արցախ: Բայց հարցը նրանում է, որ Արցախը դեռ շարունակում է մնալ մեր գլխավոր հարցը, մեր գերխնդիրը: Եթե մենք կորցնենք Արցախը կամ Արցախի հարցում ունենանք կորուստներ, նշանակում է, որ վերջին 28 տարիների մեր Անկախության այս ճիգն ու ջանքը իզուր է եղել, կամ գրեթե իզուր է լինելու: Հարցը նրանում է, որ սա մեր ամենամեծ ձեռքբերումն է և այս հաղթանակի վրա պետք է դողալ: Ես դողալ բառը առանց վարանելու եմ շեշտում, եթե անգամ դա դառնալու է որոշների համար հեգնանքի առարկա»:
Անդրադառնալով վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին` Մարգարյանը նշել է, որ հարցը լուրջ է:
«Եվ բնական է` երբ Հայաստանում խնդիր կա, մեր արտաքին քաղաքականության մեջ խնդիր կա: Ադրբեջանը ակտիվանում է, ստեղծված առիթը օգտագործում է իր ծրագրերը հաջողեցնելու համար: Մենք պետք է դա թույլ չտանք, պետք է հասկանանք, որ այսօրվա մեր գերագույն խնդիրը Արցախն է, Արցախի անվտանգության ապահովումը, ինչը նշանակում է՝ մենք պետք է կարողանանք մոբիլիզացնել մեր ողջ ներքին կարողականությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև հարաբերական աշխատանքների մեջ և բոլոր-բոլոր բնագավառներում, որպեսզի Արցախի հարցում մենք նահանջ չարձանագրենք»,-նշել է Մարգարյանը:
Մարգարյանն ասել է, որ պետք է գոտեպնդվել, մեր ուժերն ի մի բերել, հասկանալ, որ ներքին միասնականությունն ու բարեփոխումները, ինչպես նաև փոփոխությունները Հայաստանում պետք է ընթանան այն ուղիով, որ Արցախի ճակատում չունենանք նահանջ:
«Սա պետք է լինի մեր հիմնահարցը: Փոփոխություններ, անկասկած, անհրաժեշտ են, բայց դրանք պետք է լինեն այնպես, որ չվնասենք Արցախի հիմնահարցին»,-նշել է Բյուրոյի ներկայացուցիչը:
Անդրադառնալով նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հարթակում այս ուղղությամբ տարվող աշխատանքներին` Հրանտ Մարգարյանը շեշտել է,-«Արտաքին քաղաքականության մեջ, ըստ իս, բոլոր քաղաքական ուժերը, անկախ այն բանից, թե այսօր ընդդիմադիր են, թե ոչ, պետք է աշխատանք տանեն, որպեսզի արտաքին քաղաքականության մեջ չունենանք թյուրիմացություններ, չստեղծվեն կասկածամտություններ մեր երկրի շուրջ և մենք կարողանանք ունենալ կայունություն: Կայունություն, որը իր ազդեցությունն է ունենալու Արցախի հարցի վրա»:
Արցախը պետք է լինի ամուր, միասնական եւ վճռական
Ամփոփելով իր խոսքը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը շեշտել է հետևյալը,- «Արցախից պետք է ամուր ձայն լսվի, պետք է վճռական ձայն լսվի, Արցախից ազգային միասնականության կոչ պետք է հնչի, որովհետև սա է մեր հիմնական ռեսուրսը, որի վրա մենք կարող ենք հենվել եւ ոչ միայն ունեցած հաջողությունները ամրագրել եւ պահպանել, այլ նաև նոր ձեռքբերումներ ունենալ: Գլխավոր մտահոգությունն այսօր Արցախն է եւ այդ մտահոգությունը շինծու չէ: Նույնիսկ նրանք, որ այսօր հեգնում են, ներքուստ համոզված են, որ այդ մտահոգությունն իրական է»:
«Ալիք» օրաթերթ