կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-21 21:24
Քաղաքական

Եթե դեմ են Արցախին, Հայ Դատին, Արևմտահայաստանի ազատագրմանը, Ջավախքին, ուրեմն դեմ են Դաշնակցությանը. Հրանտ Մարգարյան

Եթե դեմ են Արցախին, Հայ Դատին, Արևմտահայաստանի ազատագրմանը, Ջավախքին, ուրեմն դեմ են Դաշնակցությանը. Հրանտ Մարգարյան

Ինչո՞ւ պիտի ընտրենք Դաշնակցությանը, և ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ քաղաքացիներից մեկն այս հարցն էր ուղղել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարանին:

«Շատ են պատճառները, բայց այսօրվա իրականության մեջ երկու հիմնական պատճառ կա: Նախ` ազգայինը. այսօր մտահոգություն կա ազգային արժեհամակարգի, ազգային ծրագրերի, ազգային մտածողության, ազգային դաստիարակության, մշակույթի պահպանման, հայկականն ունենալու խնդիր: Դա մարմնացնում է Դաշնակցությունը»,- պատասխանել է Հրանտ Մարգարյանը: Նա նշել է, որ այսօրվա հակադաշնակցական արշավներին ինքը ծիծաղով է վերաբերվում:

«Իրենց այնպես են պահում, որ եթե ՀՅԴ-ն ընդհանրապես գոյություն չունենար, հակադաշնակցականությունը դեռ գոյություն կունենար, որովհետև նրանք Դաշնակցությանը դեմ չեն` որպես կուսակցություն, նրանք Դաշնակցության արժեհամակարգին են դեմ: Եթե դեմ են եկեղեցուն, ուրեմն դեմ են Դաշնակցությանը: Եթե դեմ են Արցախին, ուրեմն դեմ են Դաշնակցությանը: Եթե դեմ են Հայ Դատին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արևմտահայաստանի ազատագրմանը, ուրեմն դեմ են Դաշնակցությանը: Եթե դեմ են Ջավախքին, ուրեմն դեմ են Դաշնակցությանը: Այսքան պարզ է»,- նշել է Հրանտ Մարգարյանը` շեշտելով, որ պետք է ընտրել Դաշնակցությանը, որպեսզի ազգայինը պահպանվի:

Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ իրենք տարբեր դիրքորոշումներ են ունեցել, բայց երբ ազգայինը վտանգվել է, կարողացել են ըմբոստանալ, իրենք իրենց գերազանցել: Նա հիշեցրել է նաև, որ երբ հայ-թուրքական արձանագրությունների հարցը բարձրացավ, ՀՅԴ-ն գերազանցեց ինքն իրեն:

«Մենք ժամանակի ամենամեծ շարժումը սկսեցինք հայկական իրականության մեջ: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ Արցախի հարցով նահանջ արձանագրեցին, նույնն արեցինք»,- ասել է Հրանտ Մարգարյանը` նշելով, որ այսօր էլ կան նույն մտահոգությունները: Նրա խոսքով` առաջին հայացքից թվում է` լավ բան է տեղի ունենում: Արցախի հարցով սկզբունքային դիրքորոշումներ են հայտնվում, հաճախակի այցելություններ են լինում, թվում է` բանի պակաս չկա, Դաշնակցության տեսակետները գրեթե կրկնվում են:

«Մտածում ես` լավ է ամեն ինչ, մեկ էլ տեսնում ես` ազատագրված տարածքների հարցով կարծիք չի հայտնվում: Ասում է` դա պետք է որոշի ժողովուրդը: Միշտ էլ ժողովուրդը պիտի վերջին խոսքն ասի, բայց եթե քաղաքական ուժը չի ասում` որն է իր տեսակետը, որ դրանից հետո դնի ժողովրդի դատին, դա վտանգավոր է: Նշանակում է` երկու բևեռ կա հայկական իրականության մեջ: Մի բևեռն ասում է` ոչ մի զիջում, մյուս բևեռն ասում է` տարածքներ` խաղաղության դիմաց: Հիմա էլ հայտնվել է մեկը, ով ասում է` արի գնանք, հայտնվենք մեջտեղում, ասենք` ժողովուրդը պետք է որոշի` տարածքները տա՞նք, թե՞ չտանք, հետո կորոշենք մյուսը: Սա մտահոգիչ է: Կարող է ոչ մի բան չկա, ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մթնոլորտը լեցուն է մտահոգություններով»,- ասել է Հրանտ Մարգարյանը` հավելելով, որ ազգային հարցերի, արժեքների, արժեհամակարգի խնդիր ունենք այսօր:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանն ընտրելու երկրորդ պատճառին, նա ասել է. «Երկրորդը` սոցիալական անարդարությունն է: Դաշնակցությունը ազգային կուսակցություն է, հավատացած է, որ մենք ազգային պայքար ունենք, ազգային հեռանկար ունենք: Հավատացած է, որ մենք ազգային երազանք ունենք , մեր ժողովուրդը պետք է համախմբված լինի մեր պետականության շուրջ: Իսկ որպեսզի մեր ժողովուրդը համախմբված լինի մեր պետականության շուրջ, և մենք կարողանանք միասնաբար այս պայքարն առաջ տանել, պետք է սոցիալական արդարություն լինի, մեր ժողովրդի մեջ աղքատություն չպետք է լինի, հայ մարդը չպետք է աղքատ լինի: Սա մեր համոզումն է, էությունը, և սա չի բխում միայն մեր սոցիալիզմից: Մեր սոցիալիզմը բխում է մեր ազգային իրողությունից: Մեր ազգը պետք է կարողանա միասնական լինել, իսկ դրա համար պետք է նրա մեջ արդարություն հաստատված լինի: Որպեսզի արդարություն հաստատվի, պետք է աղքատ չլինի, ճնշում չլինի, զրկանք չլինի, անգործ մարդ չլինի: Սրանք մեզ համար ծրագրեր են, մենք ծրագիր ունենք: Բոլոր մյուս ուժերը լիբերալ համակարգի կողմնակից են, անցյալի ուժերն էլ են այդպես, ներկայինն էլ, ապագայի մասին խոսողներն էլ լիբերալ համակարգի կողմնակից են: Իսկ մենք` ոչ, մենք ասում ենք սոցիալական տնտեսական համակարգ պետք է ստեղծվի երկրում: Այն, ինչ Սահմանադրությունն է ասում, բայց մոռացվում է»,- եզրափակել է Հրանտ Մարգարյանը: