կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 17:21
Քաղաքական

Օլիգարխներին սեփականատեր կոչելով տնտեսության «օլիգարխական» կառուցվածքը չի փոխվի. ՀՅԴ-ն` Դավթաշենում (լուսանկարներ)

Օլիգարխներին սեփականատեր կոչելով տնտեսության «օլիգարխական» կառուցվածքը չի փոխվի. ՀՅԴ-ն` Դավթաշենում  (լուսանկարներ)

Քարոզարշավի շրջանակում այսօր ՀՅԴ վարկանիշային թեկնածուները շրջեցին Դավիթաշեն համայնքում: Դաշնակցականները շրջեցին բակերով, փողոցներով՝ մարդկանց ներկայացնելով իրենց ծրագիրը, հորդորելով քվեարկել Դաշնակցության օգտին:

ՀՅԴ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու Արթուր Խաչատրյանն, անդրադառանալով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, արդյոք կա՞ գաղափարական, ծրագրային պայքար, պատասխանեց. «Ցավոք սրտի էական գաղափարական պայքար, ծրագրերի քննարկում շատ չեմ տեսնում: Ավելի շատ երկու կողմ փորձում են իրար մեղադրել տարբեր իրական և ոչ իրական մեղքերի մեջ` փորձելով ստվերել ընտրությունների բնականոն ընթացքը: Նաև պետք է հասկանանք, որ հետհեղափոխական վիճակի մեջ ենք, և էմոցիոնալ ֆոնը բավականաչափ բարձր է»:Նա չհամաձայնեց այն կարծիքին, որ երկու ուժերի փոխադարձ այդ մեղադրանքների ֆոնին, մնացած ուժերը մնացել են լուսանցքում և ակտիվ քարոզարշավ չեն իրականացնում: «Մնացածներն ակտիվ քարոզարշավ իրականացնում են, բայց, քանի որ, ինտրիգն այդ հայհոյանքների մեջ է, որոշ ուժեր փորձում են սրել այդ ինտրիգը»,- ասաց նա և հավելեց` որքան էլ որ երկու կողմերը փորձում են իրար մեղադրել, միևնույնն է գաղափարական, քաղաքական առումով նրանց ծրագրերում շատ մեծ տարբերություն չկա, նույն ազատական տնտեսությունն է, նույն Արցախի հարցի լուծումն է:

Անդրադառնալով Երևանից ու Ստեփանակերտից հնչող արտահայտություններին, Խաչատրյանն ասաց. «Հայկական երկու հանրապետությունների իշխանություններին կոչ եմ անում մի քիչ իջեցնել տոնայնությունը: Չի կարելի ընտրություններին մի քանի ձայն հավաքելու համար սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև»:

Լրագրողները հետարքրվեցին Հայաստանի տնտեսական վիճակից: Նախկին գյուղատնտեսության նախարարը նշեց, որ եթե տարեկան հինգ տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա այդ հինգ տոկոսը պետք է որ արտացոլվեր մարդկանց սառնարաններում՝ լիներ հինգ տոկոս ավելի կարագ, պանիր, միս: «Տնտեսական աճին զուգահեռ աճում է անհավասարությունը, այսինքն ստեղծված արժեքը, գնալով, ավելի է կենտրոնանում մի քանիսի ձեռքին»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ թեև իշխանությունները նշում են, որ Հայաստանում այլևս օլիգարխիա չկա, բայց օլիգարխիան ստվերը չի, այլ նաև տնտեսության կենտրոնացնումն է մի քանի «սեփականատերերի» ձեռքերում:

Խաչատրյանի կարծիքով` որոշ ընտրատարածքներում, որտեղ հանրապետականն անցած ընտրություններին էական արդյունք էր արձանագրել, այս ընտրություններին էական արդյունք կարձանագրվի գործող իշխանության օգտին: «Այդ օլիգարխները հավատարմության երդում էին տվել Հանրապետական կուսակցությանը, բայց այդ նույն օլիգարխ ասածները մայիս հունիս ամիսներին ո՞ւմ տվեցին այդ հավատարմության երդումը: Ի՞նչ է, այն ազդեցությունը, որ այդ մարդիկ ունեին իրենց թաղամասերում, հենց այնպես գնա՞ց, կորա՞վ»,-ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ ինչ- որ մեկին ձերբակալելը հակակոռուպցիոն ռեֆորմ չէ, և ինստիտուցիոնալ փոփոխություններ են պետք: Խաչատրյանը տեղեկացրեց, որ գյուղերից ստանում են ահազանգեր` վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ: «Երբ գնում ես գյուղապետերի մոտ, նրանք ասում են, որ մեծ հաճույքով կուզեին քեզ հետ հանդիպման գալ, բայց ինձ էլ հասկացիր, ամսի իննից հետո ամսի տասն էլ կա»,-ասաց նա: