կարևոր
12877 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-02 18:44
Տնտեսական

ՀՀ տնտեսության կառուցվածքը վատթարացել է. «Լույս» հիմնադրամ

ՀՀ տնտեսության կառուցվածքը վատթարացել է. «Լույս» հիմնադրամ

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ 

Այսպես՝ 

  • 2023 թվականն ավարտվել է տնտեսական ակտիվության բավական բարձր տեմպով, սակայն տնտեսության կառուցվածքը վատթարացել է: 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա վերջին երկու ամիսներին կտրուկ արագացել է՝ պայմանավորված ոսկերչական գործունեության աճով, ինչի արդյունքում 2023թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.4%: Միևնույն ժամանակ, ինչպես 2022թ.-ին, 2023-ին ևս, տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է եղել ժամանակավոր և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված գործոններով, որոնք կարող են չեզոքանալ՝ թողնելով տնտեսությունն առանց աճի «լոկոմոտիվների»: Այս պայմաններում, թեև աճում է արտահանումը, սակայն զարգանում են տնտեսության ոչ արտահանելի հատվածները, մասնավորապես՝ առևտուրը, որը բավական տատանողական է և զգայուն շոկերի նկատմամբ: Ավելին, 2023թ. բարձր աճին զուգահեռ անկում է գրանցվել տնտեսական ավանդական մի շարք ճյուղերի թողարկումներում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), հետևաբար նաև այդ ճյուղերի արտադրանքի արտահանման ծավալներում, ինչն արտացոլում է արտահանելի հատվածում առկա էական խնդիրները: 

  • Արդյունաբերության ոլորտի 2023թ. զարգացումները բավական մտահոգիչ են: 

2023թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է բավական ցածր աճ՝ չնայած այն հանգամանքին, որ տարեվերջին աճի տեմպը սկսել է կտրուկ արագանալ: Մտահոգիչ է այն, որ անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), մինչդեռ ընդհանուր արդյունաբերության աճի տեմպի արագացումը պայմանավորված է ոսկերչական գործունեության աճով, որը հանդիսանում է վերաարտահանման գործընթացի բաղկացուցիչ և հնարավոր է ունենա կարճաժամկետ բնույթ: Այս առումով, ինչպես նշվեց վերևում, նկատվում է տնտեսության կառուցվածքի վատթարացում, որն արտահայտվում է նաև արդյունաբերության ոլորտի կառուցվածքի վատթարացմամբ, քանի որ մեծանում են առավել անկայուն ոլորտների կշիռները, ինչը միջնաժամկետում կարող է մեծացնել ՀՀ տնտեսության խոցելիությունն արտաքին իրավիճակի փոփոխությունների հանդեպ: Ավելին, չնայած առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի էական աճին, արդյունաբերության ոլորտի վարկերի ծավալը նվազել է, ինչը խոսում է ոլորտի ներդրումային ակտիվության նվազման, հետևաբար նաև հետագա տարիների աճի ցածր տեմպերի սպասման մասին: 

  • Արտահանման կառուցվածքը նույնպես վատթարացել է: 

Արդյունաբերության ոլորտի զարգացումները արտացոլվում են նաև արտահանման կառուցվածքում, ինչը ևս անհանգստության տեղիք է տալիս: Թեև արտահանման ծավալները 2023թ. էական աճ են գրանցել, դա հիմնականում պայմանավորված է եղել ոչ հայկական արտադրանքի արտահանմամբ, այսինքն՝ վերաարտահանմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես և սպասելի էր (դեռևս 2022թ. սկզբին տնտեսագետներն արդեն իսկ մտահոգություններ էին հայտնում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված նոր հնարավորությունների՝ ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցությունների հեռանկարի մասին), հայկական արտադրության մի շարք ապրանքատեսակների գծով («կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադրանք», «բուսական ծագման արտադրանք», «պատրաստի սննդի արտադրանք») նկատվում է արտահանման ծավալների նվազում: Այսինքն՝ արտահանման աճը պայմանավորված է եղել անկայուն և արտաքին իրավիճակով պայմանավորված գործոններով, մինչդեռ ՀՀ արտադրվող ապրանքների արտահանումը կրճատվել է: Այս պարագայում, արտաքին իրավիճակի փոփոխության դեպքում, արտահանման աճն ապահովող գործոնները կչեզոքանան, և ՀՀ արտահանումն այլևս նույն ծավալներով չի լինի՝ հանգեցնելով արտահանման զգալի կրճատման: Սա նույնպես խոսում է տնտեսության ներուժի թուլացման մասին: 

  • Գյուղատնտեսության ոլորտն «ավանդաբար» շարունակում է անկում ապրել: 

2023թ. գրանցվել է 0.3% անկում: Թեև կառավարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտի խթանման համար, սակայն ոլորտը շարունակում է անկում ապրել: 2023թ. անկումը հիմնականում պայմանավորված է անասնապահության անկմամբ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է սահմանամերձ գոտիներում մի շարք արոտավայրերի կորստի հետևանք: Սա ևս մեկ գործոն է, որը նվազեցնում է տնտեսության ներուժը (քանի որ նվազում են արտադրանքի թողարկման հնարավորությունները), սակայն սա ունի նաև սոցիալական հետևանքներ, քանի որ ուղղակիորեն ազդում է գյուղական բնակավայրերում ապրող բնակչության կենսամակարդակի վրա: 

  • Պետական բյուջեն 2023 թվականին էականորեն շեղվել է պլանավորվածից: 

2023թ. պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են, սակայն միայն կապիտալ ծախսերի մասով: Ընթացիկ ծախսերը իրականացվել են բյուջեով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով (կատարողականի վերջնական տվյալները հասանելի կլինեն 2023թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում): Կապիտալ ծախսերը՝ թերակատարվելով հանդերձ, նախորդ տարվա համեմատ աճել են, ինչը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը: Սակայն անհրաժեշտ է իրականացնել դրանց առավել մանրամասն ուսումնասիրություն՝ տնտեսությանն ուղղվող և պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տարանջատելու համար, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց աճի տնտեսական ազդեցությունները: 

  • 2023 թվականն աչքի է ընկնում նաև արտերկրից փոխանցվող դրամական միջոցների զուտ ներհոսքի էական ցածր մակարդակներով: 

Ընդ որում, զուտ ներհոսքի նվազումը պայմանավորված է ոչ թե ներհոսքի կրճատմամբ, այլ արտահոսքի մեծացմամբ: Այսինքն՝ ՀՀ-ից արտերկիր, հիմնականում՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, արտարժույթի արտահոսքը մեծացել է: Հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի ՀՀ փոխանցված ընդհանուր արտարժույթի զուտ ներհոսքը զգալիորեն նվազել է՝ շուրջ 34.5%-ով: 

Հատկանշական է, որ զուտ ներհոսքի նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից արտահոսքի աճով, որի ծավալը 2023թ. հունվար-նոյեմբերին կազմել է 3.7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2022թ. նույն ժամանակահատվածի 2.3 մլրդ-ի համեմատ: Մինչդեռ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է՝ կազմելով 5.2 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 4.6-ի դիմաց:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: