Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը եւ Երեւանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն այսօր մամլո ասուլիսով հանդես եկան` ներկայացնելով, թե ընտրվելիք ավագանին առաջին հերթին ի՞նչ խնդիրներ պետք է լուծի:
Լիլիթ Պիպոյանի կարծիքով` ավագավին պետք է այնպես անի, որ Երեւանը դառնա գործող օրգանիզմ, եւ դա կազմակերպելու համար անհրաժեշտ են խելք ու միջոցներ: «Կարծում եմ, որ բոլոր այն միջոցները, որոնք ծախսվում են անիմաստ տոնակատարությունների վրա, կարելի է ծախսել քաղաքը բարեկարգելու վրա: Օրինակ` պետք է լուծվի տրանպորտի հարցը: Քաղաքում նաեւ շատ աղմուկ կա, ձայնային «հիգիենայի» հարցը մնում է չլուծված. ինչո՞ւ գիշերային ակումբները չեն տեղափոխում իրենց այդքան սիրելի Հյուսիսային պողոտա»,- ասաց երգչուհին` հավելելով, որ գովազդային վահանակները չափից շատ են մեր քաղաքում, նաեւ պետք է քաղաքի մաքրության հարցը լուծվի:
Ինչ վերաբերում է Փակ շուկայի խնդրին, ապա, ըստ Պիպոյանի, այն, որ հարցը դեռ լուծված չէ, ավագանու թուլությունն ու ֆիկտիվությունն է ցույց տալիս: Նրա կարծիքով` այժմ կոնկրետ ինչ-որ մեկն իր ճաշակն է թելադրում բոլորին` քաղաքը զարդարելով քանդակներով, ինչը նույնպես ավագանու լուծելիք խնդիրը պետք է լինի:
Իսկ Հաղթանակ Շահումյանը համարում է, որ Երեւանը երկարատեւ ծրագրերի ընդունման եւ դրանց լուծման կարիք ունի: Ըստ նրա` ավագանին իր վճռական դերը չունի մի շարք կարեւոր հարցերի լուծման ժամանակ. «Ինչի՞ համար է ավագանին, եթե ազդեցություն չունի: Ես չեմ հիշում մի դեպք, որ այսինչ հարցի լուծման դեպքում ավագանին իր վճռական դերն ունենար: Ինչո՞ւ պետք է, օրինակ, Մաշտոցի պուրակի հարցը լուծեր նախագահը, այլ ոչ թե ավագանին»:
Շահումյանի կարծիքով` ավագանին նախ պետք է գովազդային «տնտեսությանը» վերջ տա, քանի որ ողջ քաղաքը ծածկված է գովազդային վահանակներով, եւ Երեւանի տեսադաշտը փակ է:
«Պետք է լուծվի նաեւ Զանգվի ձորի խնդիրը, այսինքն` ջրահեռացման կոյուղի տեղադրվի: Ո՞վ է տեսել, որ այգին ինչ-որ մեկին մասնավոր հսկման տակ լինի, իսկ այսօր մեր Օղակաձեւ այգին, նախկին Կոմայգին չգիտեմ` ո՞ւմ են պատկանում: Սրանք լուրջ հարցեր են, որոնք անպայման պետք է լուծվեն»,- ասաց նկարիչը: