կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-29 12:02
Քաղաքական

Քաղաքականությունը սիրողական ոլորտ չէ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն պատրաստված կանայք. Ռուզաննա Առաքելյան

Քաղաքականությունը սիրողական ոլորտ չէ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն պատրաստված կանայք. Ռուզաննա Առաքելյան

Զարգացած երկրները  քաղաքականության մեջ կանանց ներկայությունն այլևս քվոտայով չեն որոշում, քանի որ դա համարում են արհեստական խնդիր. «Կանանց իրավունքներն ու խնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Ռուզաննա Առաքելյանը:

Նրա խոսքով` զարգացած երկրներն այժմ խոսում են բոլոր ոլորտներում կանանց ներուժի կիրառման մասին: Առաքելյանը նշեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը, որը հասկանալի պատճառներով չընդունվեց, բավականին առաջընթաց կապահովեր այդ առումով: Ըստ նրա` նոր օրենսգրքով ամրագրված էր մի դրույթ, որի համաձայն` եթե կինն այլ աշխատանքի պետք է անցնի կամ ինչ-ինչ պատճառներով պետք է վայր դնի մանդատը, նրան ոչ թե հաջորդ համարն է փոխարինելու, այլ հաջորդելու է կրկին կին թեկնածու:

«Մյուս կողմից` սա էլ փրկություն չէ, հարցի լուծում չէ: Մենք Սահմանադրության մեջ ամրադրել ենք դրույթ, որ կինն ու տղամարդը հավասար են իրենց իրավունքներով: Մեր հանրապետությունում 50 տոկոսը կանայք են, որոնց 70 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, սակայն մենք չենք օգտագործում նրանց ներուժը»,- ասաց Առաքելյանը:

Խոսելով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին` նա նշեց, որ քաղաքականության մեջ ներգրավված կանայք պետք է ներուժ ունենան, քանի որ երկիրն են ներկայացնելու: «Սա ենթադրում է, որ պատրաստված կանայք պետք է հավակնեն քաղաքականություն մտնելուն. քաղաքականությունը սիրողական ոլորտ չէ, քաղաքականությամբ պետք է զբաղվեն պատրաստված կանայք: Ես մի փոքր ուսումնասիրել եմ այս թեման և նկատել, որ հատկապես գյուղական վայրերում ՏԻՄ ընտրությունների ժամանակ կանանց գրեթե չեն ընտրել, և սա հոգեբանական վիճակ է, այստեղ ոչ թե նախանձի գործոնն է, այլ վստահության: Մեր հասարակության մեջ կա մի խավ, որը տղամարդկանց է վստահում»,- ասաց Առաքելյանը:

ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածուի խոսքով` հոգեբանական այս պատնեշները պետք է հաղթահարել հասարակության զարգացման միջոցով, իսկ հասարակությունը զարգանում է, երբ ունենում ենք սոցիալական, տնտեսական զարգացում: Ըստ Առաքելյանի` սա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է աչք փակել չպատրաստված տղամարդկանց վրա, խոսքն այն մասին է, որ քաղաքական դաշտը պետք է պատրաստված մարդիկ ներկայացնեն:

«Ազգային ժողովում մենք տեսել ենք բազմաթիվ տղամարդկանց, որոնք ուղղակի կոճակ են սեղմում: Իսկ Ազգային ժողովի պատգամավորները մի շարք հարթակներում մեր երկիրն են ներկայացնում, դրա համար էլ պետք է հնարավորինս պատրաստված մարդիկ լինեն»,- ասաց Առաքելյանը: