Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպեցին ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները: Նրանցից Արթուր Խաչատրյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Դաշնակցությունը պետք է ստանա քաղաքացիների վստահության քվեն, որովհետև այն ներկայացնում է ամբողջ Սփյուռքը, իր կառույցներով, Հայ դատի հանձնախմբերով:
«Ձայն տալով Դաշնակցությանը, իմացեք, որ դրանով լուծելու եք Արցախի հարցը, որը ամենակարևոր խնդիրն է: Մնացած հարցերը լուծվելու են»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Համամասնական ցուցակում ընդգրկված ՀՅԴ թեկնածու Ռուզաննա Առաքելյանը իր ելույթում անդրադարձավ այս քարոզարշավի ժամանակ ամենաշատ քննարկվող ընտրակաշառք տալ-վերցնելու մասին: Ըստ Ռուզաննա Առաքելյանի, կա մարդկանց մի ստվար զանգված, որը հստակ գիտի, թե ում է ձայն տալու և ինչու է ձայն տալու:
«Այդ մարդկանց երբ հարցնում եմ, թե ինչու են իրենց ձայնը տալու այս կամ այն գաղափարական ուժին, նրանք գիտեն պատասխանը: Ուրախ եմ, որ ինձ հանդիպածների մի մասը, հատկապես մտավորական հատվածը, ուզում են լինել Դաշնակցության կողքին, դրա համար հպարտ եմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՅԴ կարգախոսին` «Նոր սկիզբ, արդար Հայաստան», Ռուզաննա Առաքելյանը նշեց, որ ՀՅԴ-ն մաս կազմեց իշխանությանը, որպեսզի լինելով սահմանադրական բարեփոխումների առանցքային հեղինակ, կարողանա դրանք իրականացնել:
«Մենք եկել հասել էինք մի հանգրվանի, երբ կառավարման նախագահական կամ կիսանախագահական համակարգը սպառել էր իրեն, դառնալով մեկ մարդու կամ մի քանի անձանց իշխանություն: Եվ որպեսզի այդ մթնոլորտը փոխվեր, և նոր սկիզբ դրվեր, փորձեցինք սահմանադրական փոփոխությունների առաջարկ անել, որն ընդունվեց:Սկիզբ դրվեց խորհրդարանական կառավարման ձևին, երբ երկրի պատասխանատուները ոչ թե անձինք են, այլ քաղաքական ուժերը»,- ասաց Ռուզաննա Առաքելյանը` հավելելով, որ քաղաքական ուժերը կայանալով` կարող են փոփոխություններ իրականացնել Հայաստանում:
Դաշնակցությունը ունի լուրջ կենսագրություն, և նա այնպիսի քաղաքական ուժ է, որը կերտում է պատմություն: Այսօր Դաշնակցությունը ևս պատմություն է կերտում, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելով ու ակնկալելով արդար Հայաստան: