կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-11 17:58
Քաղաքական

Բացառում ենք մեր հարազատ ժողովրդին բաժանել յուրայինների և օտարների. Ռուզաննա Առաքելյան

Բացառում ենք մեր հարազատ ժողովրդին բաժանել յուրայինների և օտարների. Ռուզաննա Առաքելյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը ԱԺ-ում.

«Հարգելի գործընկերներ

Մեր պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, նրա առաջընթացի անհրաժեշտությամբ թելադրված խնդիրները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման պահանջը և իրական կյանքի ներդաշնակումը առաջադրում են ծանրակշիռ և լայնամաշտաբ համակարգային մոտեցումներ: Եթե ուզում ենք  ստեղծել երկրի կայուն զարգացման նախադրյալներ, պարտավոր ենք նոր շունչ հաղորդել կյանքի բոլոր ոլորտներում: Պերմանենտ հեղափոխական իրավիճակ ստեղծելով չենք կարող արդարացնել մեր ժողովրդի հույսերն ու սպասելիքները: Միայն շոշափելի գործերով կարող ենք ապացուցել մեր վճռականությունը՝ նոր Հայաստանում ազատ ու արդար մթնոլորտ ստեղծելու: Մթնոլորտ, ուր արդար երկրի ազատ քաղաքացին կհավատա իր ներուժին, կհավատա իր և իր ընտանիքի վաղվա օրվան, արժանապատիվ կյանք ունենալու հեռանկարին: Սա է լինելու երաշխիքը, գրավականը ապագա Հայաստանի:

Պատմությունը ցույց է տվել, որ պերմանենտ հեղափոխական մթնոլորտում ապրող երկրները հաճախ են հայտնվել տեղապտույտի մեջ: Այս մեթոդը կարող է փակուղի տանել ցանկացած երկիր՝ վատնելով ժողովրդի ներուժը, պատճառ դառնալով տնտեսական անկման, խոչնդոտելով  քաղաքական համակարգի կայացումը: Ուզում ենք հավատալ, որ մեր երկիրը չի գնա այս ոչ արդյունավետ ճանապարհով: Պարբերաբար հեղափոխական իրավիճակ ստեղծելով մենք բացասական ազդեցություն կունենանք հասարակության կենսագործունեության վրա՝ պետական սահմանադրական կարգից մինչև հասարակության բարոյական չափանիշներ: Գուցեև արդարացված է մեր ժողովրդի որոշ հատվածների բողոքի դրսևորումները, գուցեև արդարացի են նրանցից շատերի պահանջները, բայց և այնպես այս գործելավոճը կարող է ազգը շեղել իր տեսլականը ուրվագծող ուղղուց: Պետության շահը պիտի ձգտի ներդաշնակվել ժողովրդի նպատակներին: Այս մոտեցումը պիտի պիտի դառնա բոլոր քաղաքական ուժերի առաջնահերթությունը, քանզի սա է ազատ ու անկախ երկրի իմաստը:

Ուստի Հայաստանի ներքաղաքական կյանքում մենք բացառում ենք ատելությունն ու թշնամանքը, բացառում ենք մեր հարազատ ժողովրդին բաժանել յուրայինների և օտարների: Մենք երիցս բացառում ենք խոսել ժողովրդի անունից, սակայն չգործել հանուն նրա: Արդարև համոզված ենք, որ Հայաստանի առաջընթացը կապահովվի միայն քաղաքական առողջ ուժերի փոխադարձ աջակցությամբ և մեր բոլորիս նվիրումի մեկտեղումով: Այս տեսլականով կարող ենք ակնկալել արդար հասարակության գոյություն, և որն էլ մեզ կներշնչի հավատալ մեր հայրենիքի հեռանկարին»: