Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսի 28-ը մեր գոյության ու հավերժության վկայագիրն է: Մայիսի 28-ով փաստագրվեց Հայոց առաջին անկախ հանրապետության ծնունդը, որը և կանխատեսեց հայ ժողովրդի ապագան: Ճիշտ է, որ Առաջին անկախ հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա գոյության փաստն արդեն ապացույց էր հայ ազգի ազատ ապրելու վճռականության: Այդ երկուսուկես տարիների ընթացքում արդեն կայացած պետությունն ունեցավ մեծ հաջողություններ: Դեռևս չդադարող պատերազմական պայմաններում հիմք դրվեց կրթական ու տնտեսական օջախների: Ստեղծվեց ազգային բանակ: Ի պատիվ Առաջին հանրապետության իշխանությունների, հայ ժողովրդի հոգեբանության մեջ փոխվեց ստրուկի, պարտվող մտայնությունը: Եվ ժողովուրդը սկսեց ապրել պետականություն ունեցողի ինքնավստահությամբ: Սրանք պատմական ճշմարտություններ են: Այս օրերին, երբ տոնում ենք Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը, հավանաբար չարժե խոսել տարիներ շարունակ թույլ տրված պատմական այն խեղաթյուրումների մասին, որով արատավորվում է թե մեր հերոսական պայքարի ոգին, թե Անկախ հանրապետությունը կերտողների կերպարը:
Չափազանցրած չեմ լինի ասելու, որ եթե չլիներ 1918 թվականը, եթե չունենայինք Սարդարապատի հերոսամարտը, ստիպված կլինեինք նստել ու սպասել, թե աշխարհի հզորներն ինչպես կվճռեն մեր դատը, «տիրողներից» ում խնամակալությանը կհանձնեին մեզ՝ հայերիս: Սակայն, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր թամաշայի էին կանգնել տեսնելու Հայաստանի անկումը, հանկարծակիի եկան. Հաղթեց հայի ոգին: Ավելին, մայիսյան հաղթանակը այդ նույն հզորներին ստիպեց հաշվի նստել հայոց պետականության հետ:
1918 թվականն ավելին է, քան ընկալում ենք մենք, քան մեր խոսքն է ու գնահատանքը: Մայիսի 28-ը ավելին է, քան պարզապես Առաջին անկախ պետության հռչակման օր: Պատմության այս լուսավոր էջը մեզ պարտավորեցնում է միասնական լինել հատկապես օրհասական օրերին:
Առաջին հանրապետության տարեդարձը մեզ պիտի կրկին խորհելու առիթ տա, խոնարհումով հիշելու այն սերնդին, որ կերտեց դարասկզբի սարդարապատյան գոյամարտը: Թերևս ոչ ոք չէր կարող երևակայել այդ փառահեղ հաղթանակը: Չէ որ դեռ վերջ չէր տրվել 1915թ. սկիզբ առած Հայոց ցեղասպանության ծրագրին: Արևմտյան Հայաստանը հայաթափվել էր, ջլատվել էր հայության ուժը, իսկ թուրք ելուզակների ախորժակն ավելի էր բացվել, հատկապես Էրզրումի, Սարիղամիշի ու Կարսի հանձնումից հետո: Նրանք արնակալած աչքերով արդեն ուրվագծում էին Հայաստանի վերջը: Եղավ աներևակայելին… Հայ ժողովրդի հերոսական պայքարը 1918թ. Մայիսյան օրերին ոչ միայն խառնեց թուրքերի խաղաքարտերը, այլ ստիպեց ընդունել հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումը:
Մեր մեծ գոյամարտում հաղթեց հայի կամքը, որը հետո պիտի դրսևորվեր նաև Արցախի գոյամարտում:
Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան, այնուհետև Շուշին եկան ասելու, որ մենք պիտի լինենք: Ուրախալի փաստ է, որ Հայոց առաջին անկախ պետության ծննդյան օրվա՝ մայիսի 28-ի կողքին կա սեպտեմբերի 21-ը՝ Երկրորդ անկախ հանրապետության օրը: Այս խորհրդանշական օրերը հավաստումն են մեր ժողովրդի հարատևման ոգու՝ ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի կերտման պայքարի կամքի:
Մայիսի 28-ը ավետիս է. միշտ ունկնդիր մնանք այդ օրվա խորհրդին»: