Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ի՞նչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ` դա գիտի միայն դատարանը»,- նշեց նա:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով բեկանվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու` Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան` նոր քննության, գլխավոր դատախազը մանրամասնեց, թե այդ որոշմամբ Վճռաբեկ դատարանն ինչ հարցի պատասխան է տվել: «Հիշո՞ւմ եք` ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն էր, թե, ի վերջո, նախագահն անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող: Եվ ամենակարևորը՝ արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, փաստորեն, օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել, այսինքն` օրինակ, նախագահն ունի՞ համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,- ասաց Դավթյանը:
Նա հավելեց, որ այս հարցում իր դիրքորոշումը հստակ է` ինչում այսօր մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, դրանք ոչ մի կերպ չեն կարող դիտարկվել որպես նախագահի գործառույթներից բխող, որովհետև մեղադրանքից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրված արարքները, առանձին մասերով վերցրած, և՛ ձևի առումով, և՛ բովանդակության առումով համահունչ չեն Սահմանադրությանն ու օրենքներին:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի այսօրվա փաստակազմը տրամագծորեն տարբերվում է 2008թ. քննության փաստակազմից: Այսինքն՝ ձեռք բերված տվյալները բացարձակապես այլ տեղեկությունների մասին են խոսում: «Փաստակազմի էական տարբերության պայմաններում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը որևէ հակադրության մեջ չի մտնում 2008թ. քննված քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կայացրած դատական ակտերի հետ: Այսօրվա քննությամբ ձեռք բերված տվյալներն առանձին դեպքերում նաև վկայում են նախկինում կայացրած որոշակի դատական ակտերի վերանայման առերևույթ հիմքերի մասին: Տեղյակ եք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առանձին գործերով արդեն վճիռներ է հրապարակել, և մենք այս լույսի ներքո կունենանք նաև նախկինում կայացված առանձին դատական ակտերի վերանայման գործընթացներ, և, ինչպես արդեն նշեցի, փաստակազմի էական տարբերությունը հակադրության մեջ չէ այսօրվա մեղադրանքի և նախկինում կայացրած դատական ակտերի միջև»,- ընդգծեց Դավթյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով ՍԴ դիմելու հնարավորությանը՝ գլխավոր դատախազն ասաց, որ այդ հարցով ՍԴ դիմելու իրավական ոչ մի ուղղություն չկա, քանի որ Վճռաբեկ դատարանը հարցի պատասխանը հստակ տվել է: «Վճռաբեկ դատարանը ոչ թե դիտարկել է, որ այս հարցը պետք է գնահատվի Սահմանադրական դատարանի կողմից, այլ հստակ ասել է, որ Վերաքննիչ դատարանը պետք է վերլուծի հիմնավոր կասկածը, գնահատի՝ արդյո՞ք դրանք կարգավիճակից բխող են, թե՞ բխող չեն: Եթե բխող չեն, ակնհայտորեն անձեռնմխելիության խնդիր չկա, այսինքն` Սահմանադրական դատարանի ասելիքի կարիքը բացարձակ չկա»,- նշեց նա:
Միևնույն ժամանակ, Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ այսօր ևս մասնակցելու է Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությանը: «Կարծում եմ, որ այսօր կանցնենք ըստ էության քննությանը և ընթացքում կներկայացնենք ինչպես հիմնավոր կասկածին առնչվող մեր դիրքորոշումը, այնպես էլ կալանքին առնչվող մեր հիմնավորումները»,- ասաց նա: