կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 11:50
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմքերը դեռ պահպանվում են. գլխավոր դատախազ

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմքերը դեռ պահպանվում են. գլխավոր դատախազ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմքերը դեռ պահպանվում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 

«Մենք տեսել ենք այդ հիմքերը: Դրանցով պայմանավորված` վարույթն իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնող միջնորդություն է ներկայացրել: Վերջերս նաև Վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը: Այստեղից ակնհայտ էր, որ դեռևս պահպանվում են կալանքի հիմքերը»,- ընդգծեց նա:

Ըստ Դավթյանի` Քոչարյանի պաշտպաններից բովանդակային առումով լուրջ դժգոհություններ չեն ունեցել: «Առկա է պաշտպանական թիմ, որը, մեր գնահատմամբ, տրված ժամանակի սահմաններում կարող է լիարժեք ծանոթանալ և ապահովել պաշտպանությունը: Կարծում եմ՝  վատ չեն իրականացնում պաշտպանությունը: Հիմքերի վերաբերյալ բազմիցս խոսվել է, այն է՝ մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքեր, հատկապես շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը, որը դատարանի կողմից հաստատվել է՝ և՛ առաջին ատյանի, և՛ Վերաքննիչ: Եվ այդ հիմքը կիրառելի է ու գործում է ոչ միայն նախաքննության, այլև դատաքննության փուլում, որովհետև ինչքան  հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա տեսականորեն ներգործություն ունենալ, այնքան էլ վկայի վրա ապօրինի ներգործություն հնարավոր է դատաքննության փուլում»,- նշեց Դավթյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը, և Ռոբերտ Քոչարյանը մնաց կալանքի տակ: