կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 17:45
Քաղաքական

Ռասիզմ է հնի և նորի միջև տարբերություն դնելը, հներ կան, որ չեն գողացել. Արամ Սարգսյան

Ռասիզմ է հնի և նորի միջև տարբերություն դնելը, հներ կան, որ չեն գողացել. Արամ Սարգսյան

Սահմանամերձ համայնքի խնդիրները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում: Այս մասին Տավուշի մարզում հայտարարել է «Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա` չպետք է հնի և նորի, սերնդափոխության  հարց առաջ քաշել, քանի որ ինքը գիտի հին պաշտոնյաների, որոնք չեն գողացել: «Չի կարելի, սա ռասիզմ է: Պետությունն ընտանիք է: Ցանկացած ընտանիք պիտի ունենա տատ ու պապ: Լավ պետության ձևը պիտի լինի հետևյալ բաշխումով՝ 20 տոկոս տարեցներ, թոշակառուներ, որոնք ճիշտ ժամանակին կասեն՝ չի կարելի, 50 տոկոս` 25-50 տարեկան աշխատավոր մարդ, որն աշխատում է, բյուջե  լցնում, և 30 տոկոսը պիտի լինեն ջահելներ, որոնք  100 միտք են ասում, որոնցից 5-ն է պիտանի, բայց դա է առաջադեմ: Սա պետք է ասվի վարչապետին, այլապես գովաբանողներ շատ կան: Եթե ասում ես, ապա օգուտ ես տալիս և' նրանց, և' երկրին: Եթե չես ասում, դու պաշտպան ես ուզում, պաշտոնի խնդիր ես ուզում լուծել»,- ասաց Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք արևմտյան մոդելի երկրի կողմնակից են՝ բերելով Գերմանիայի, Ֆրանսիայի առողջապահական համակարգի օրինակը, նշելով, որ բոլորը «Մերսեդես» են ուզում վարել, ոչ թե «Լադա», որովհետև դա է լավը: «Ով հնարավորություն ունի՝ իր երեխային դուրս է ուղարկում` սովորելու, ով հնարավորություն ունի՝ եվրոպական հագուստ է ձգտում հագնել: Եվրոպայում է, որ իշխանությունն օրինական է փոխվում: Մենք այնտեղից սովորելու բան ունենք: Արևմուտքում է, որ չեն կեղծում ընտրությունները: Մենք այսպիսի ժողովրդավարություն ենք ուզում»,- ասաց Արամ Սարգսյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահը նշեց, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներն ազդելու են մեզ վրա:

Ըստ նրա՝ պետք է ավարտին հասցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը, պետք է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնել, մասնակցել դաշինքի զորավարժություններին, որ կարողանանք հակահարված տալ իսրայելական անօդաչուներին, որոնք վաճառվում են Ադրբեջանին:

Արամ Սարգսյանը նշեց նաև, որ պետք է 20 հազարով ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը: