Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում նշանակվեց երեք մարզպետ: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը` Սյունիքի մարզպետ, Համբարձում Մաթևոսյանը` Արմավիրի մարզպետ:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Դավիթ Գևորգյանը թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, Հունան Պողոսյանը հեղափոխության ընթացքում եղել է փշալարների մյուս կողմում, իսկ Համբարձում Մաթևոսյանն առհասարակ քաղաքական նախընտրություններ չունեցող անձ է:
Փաշինյանն անդրադարձավ Պողոսյանին մարզպետ նշանակելու որոշմանը և ասաց, որ իր այս որոշումը կարող է տարօրինակ թվալ, քանի որ Պողոսյանը նախկին իշխանության տարիների ծառայող է:
Ըստ վարչապետի` խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ամենակարևոր խնդիրը լինելու է ավարտված համարել թավշյա հեղափոխությունը և ժողովրդի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: «Այս իմաստով կարևոր է, որ երկրում տեղի ունեցած փոփոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի ՀՀ-ում: Ոստի ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա մի այնպիսի երևույթ, որը կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ հետապնդվում են այն պատճառով, որ նրանք գործունեություն են ծավալել նախկին իշխանությունների հետ»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի` գալիս է լիարժեք համախմբման ժամանակը: «Կա բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակ, և ես հույս ունեմ, որ մենք մոտենում ենք այդ եզրագծին: Այս տրամաբանությունը չի նշանակում ինդուլգենցիա որևէ մեկի հասցեին»,- ասաց նա և շեշտեց, որ դա չի նշանակում, թե փակում են կառավարությունում կադրային փոփոխությունները, օպտիմալացումը, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ունենալը: