կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-13 19:18
Քաղաքական

Լապշինի գործը ազդեցություն չի ունենա, շուտով բազմաթիվ բլոգերներ են այցելելու Արցախ. Էդվարդ Նալբանդյան

Լապշինի գործը ազդեցություն չի ունենա, շուտով բազմաթիվ բլոգերներ են այցելելու Արցախ. Էդվարդ Նալբանդյան

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ադրբեջանի լրատվամիջոցներում հրապարակվել է հայտարարություն բլոգեր Լապշինի կողմից, ով մեղանչական դիրքերից է հանդես եկել: «Ինչպե՞ս ստացվեց որ այս խնդրում այսպիսի հանգուցալուծում ստացվեց»,-հարցրեց Էնֆիաջյանը:

Նալբանդյանը նշեց. «Թե ինչպես է հաջողվում Բաքվին այդպիսի մեղանչական նամակներ կորզել , երևի ավելի լավ կպատասխանեն Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները: Ինչ վերաբերում է Լապշինի գործին, այն ժամանակ մտահոգություն կար, որ Լապշինին ձերբակալելուց հետո բլոգերները չեն գնա Ղարաբաղ, բայց մենք լրիվ հակառակ պատկերն ունեցանք, զբոսաշրջիկները շարունակում են այցելել Արցախ: Մոտ 10 երկրներից բլոգերներ այցելեցին Արցախ: 10 երկրներից բլոգերների նոր խումբ է գնալու Արցախ, նկարահանումների, փառատոններին մասնակցելու: Զբոսաշրջիկների թիվն ավելանում է, և այպես էլ կլինի»:

Վահե Էնֆիաջյանը հարցրեց, թե ո՞րն է երաշխիքը, որ Արցախ այցելող այդ զբոսաշրջիկները չեն արժանանա Լապշինի բախտին: Նալբանդյանի կարծիքով՝ դժվար է բռնել Ադրբեջանի իշխանությունների ձեռքը, որ նրանք մեկ օրում փոխվեն կամ այլ քաղաքականություն վարեն: Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր ջղաձգային քաղաքականության մեջ որոշ փորձեր է անում, սակայն դրանք հակառակ ազդեցությունն են ունենում, բավական է հիշել միջազգային հանրության վերաբերմունքը Ադրբեջանի «սև ցուցակ»-ներին: