կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-10 11:50
Քաղաքական

Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցի ընտրություններին. կառավարությունը հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել նրան

Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցի ընտրություններին. կառավարությունը հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել նրան

Ժիրայր Սեֆիլյանը որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում. Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը:

«Ժիրայր Սեֆիլյանը որպես թեկնածու չի կարող ընդգրկվել նախընտրական ցուցակում, քանի որ նրան այդպես էլ ՀՀ քացաքացիություն չշնորհվեց, սակայն նա՝ որպես «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ, իր ակտիվ մասնակցությունը կբերի ողջ ընտրական գործընթացի ընթացքում»,- ասաց նա։

Մկրտչյանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանը օգոստոսի 2-ին, սահմանված կարգով, դիմել է քաղաքացիություն ստանալու համար: «Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ, ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով»,- ասաց նա:

Մկրտչյանի խոսքով` զուգահեռաբար, մի խումբ մտավորականներ օգոստոսի 7-ին դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհել հետին թվով, քանի որ նա նախկինում երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումներն ապօրինի և անհիմն կերպով մերժվել են:

«Երկու ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարից պատասխան նամակ է ստացել, որում նշվում է, որ նրա դիմումին սահմանված կարգով ընթացք է տրվել: Քաղաքացիությունը հետին թվով շնորհելու վերաբերյալ թե՛ Ժիրայր Սեֆիլյանի՝ վերը նշված դիմումին և թե՛ մտավորականների նամակին ի պատասխան, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով»,- տեղեկացրեց Մկրտչյանը:

Նա նշեց, որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, այսինքն՝ տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սեֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով: «Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն, ըստ էության, արձանագրում է, որ չկա Ժիրայր Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք: Աղաջանյանը նշել է, որ եթե Ժիրայր Սեֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»,- ասաց Մկրտչյանը:

Մեր այն հարցին, եթե հետին թվով չեն շնորհել քաղաքացիություն, ապա բնականոն ընթացակարգո՞վ էլ քաղաքացիություն չեն տալու, Մկրտչյանն արձագանքեց. «Սեֆիլյանը դիմել է նաև բնականոն ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար, դիմումն ընթացքի մեջ է, սակայն դա էլ անհասկանալի պատճառներով հետաձգում են»: